Տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի և ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի հանդիպումը, որին ռուսաստանյան կողմից մասնակցել են ԱԳՆ Հյուսիսային Ատլանտիկայի դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Միխայլովը և նույն դեպարտամենտի բաժնի պետ Պոսիլկինը:
Ամերիկյան կողմից քննարկումներին ներկա են գտնվել փոխպետքարտուղար Հուկերը և քաղաքական ծրագրավորման հարցերով տնօրեն Էնթոնը:
Մամուլին հայտնի է դարձել ԱՄՆ պետքարտուղարի գնահատականը, որ Լավրովի հետ «խոսակցությունն անկեղծ էր»: Նրանք քննարկել են Ուկրաինայում կարգավորման «ճանապարհային քարտեզի հետ կապված գաղափարներ»: Ռուբիոն, մասնավորապես, ասել է, որ այդ հանդիպմանն Ռուսաստանը «հանդես է եկել հակամարտության կարգավորման այնպիսի առաջարկություններով, որ նախկինում չէին հնչեցվել» և ինքն «այդ մասին անմիջապես զեկուցել է Դոնալդ Թրամփին»:
ԱՄՆ պետքարտուղարի կողմից այս «նրբերանգի բացահայտումը» թույլ է տալիս ենթադրել, որ Ռուբիո-Լավրով հանդիպումը կազմակերպվել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ և ունեցել է, այսպես ասած՝ «կրիզիս-մոնիտորինգի» նշանակություն: Միացյալ Նահանգների համար չափազանց կարևոր է պարզել, թե ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում որքանո՞վ է անկեղծ Վլադիմիր Պուտինը: Երևում է, պետքարտուղար Ռուբիոն այդ հարցի պատասխանը դարձյալ չի ստացել:
Լավրովի հետ բանակցություններից հետո նա լրագրողներին ասել է, թե հույս ունի, որ Միացյալ Նահանգները կկարողանա պարզել, թե որո՞նք են Ռուսաստանի իրական առաջնահերթությունները և վերջնական դիրքորոշումը և «կարո՞ղ ենք արդյոք սկսել առաջ շարժվել»:
Նա մամուլի ներկայացուցիչներին շատ բաց ասել է, որ նախագահ Թրամփը «Ռուսաստանի կողմից ճկունության բացակայությունից հիասթափված է», բայց Միացյալ Նահանգները «մտադիր է շարունակել երկխոսությունը, որպեսզի հասնի հակամարտության կարգավորմանը»: Ռուբիոն հույս է հայտնել, որ Ռուսաստանի ոչ ճկուն դիրքորոշումը կփոխվի:
«Մենք մնում ենք գործընթացի մեջ և կփնտրենք իրավիճակը փոխելու հնարավորություններ»,- ամփոփել է ԱՄՆ պետքարտուղարը:
Մամուլի համար Ռուբիոյի այս բացահայտումներին ռուսաստանյան կողմից արձագանք դեռեւս չկա: Դա թույլ է տալիս ենթադրել, որ պետքարտուղարը, հավանաբար, Թրամփի անունից Ռուսաստանի նախագահին առնվազն բանավոր ուղերձ է փոխանցել, որի պատասխանը պահանջում է ժամանակ և որոշակի «տնային աշխատանք»:
Ուկրաինական կարգավորման հարցում ռուս-ամերիկյան տարաձայնությունները հասել են մի կետի, որին պետք է կամ փոխզիջում հետևի, կամ՝ հարաբերությունների նոր սրացում: Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծի ընդունումը կախված է իր որոշումից:
Ուկրաինական կարգավորման ի՞նչ նոր առաջարկություններ է հնչեցրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, որ նախկինում չեն արվել՝ պարզ չէ: Բայց, ամենայն հավանականությամբ, դրանք չափազանց կարեւոր են, եթե պետքարտուղարն այդ մասին նախագահ Թրամփին զեկուցել է անհապաղ:
Մոտակա մի քանի օրերին, երևի, հնարավոր կլինի հասկանալ, թե ԱՄՆ-ը և Ռուսաստանն ուկրաինական կարգավորման հարցում համագործակցու՞մ են, թե՞՝ գնում առճակատման:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձգտմանը. Պետդեպարտամենտ. Լուսանկար
Ասողիկ աբեղա Կարապետյանն անիծել է նրանց, ովքեր կհանդգնեն ներխուժել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պղծելով Հայոց Վեհարանը
Հուսով ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր․ Մարկո Ռուբիո