Փարիզաբնակ հայ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական լիամետրաժ ֆիլմի պրեմիերայով կմեկնարկի Լոկառնոյի հեղինակավոր 78-րդ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի կանցկացվի օգոստոսի 6-16-ը։
Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրն» ընտրվել է որպես փառատոնի բացման ֆիլմ՝ ցուցադրվելու աշխարհի ամենահեղինակավոր կինոհարթակներից մեկում՝ Պիացցա Գրանդե բացօթյա հրապարակում՝ 8 հազար հանդիսատեսի ներկայությամբ:
«Ուրախություն, հպարտություն, արցունքներ։ Դա շատ կարեւոր է Հայաստանի՝ իմ հայրենիքի համար»,- գրել է ռեժիսորն ու շնորհակալություն հայտնել ֆիլմի ստեղծագործական կազմին, աջակիցներին՝ այն ստեղծելու համար։ Ֆիլմում Սելինն առաջին անգամ գալիս է Հայաստան՝ ամուսնու՝ Արտոյի մահը գրանցելու նպատակով։
Նա հայտնաբերում է, որ ամուսինը խաբել է իրեն, մասնակցել է պատերազմին, յուրացրել ուրիշի ինքնությունը, եւ նրա նախկին ընկերները նրան դավաճան են համարում։ Սելինի համար սա դառնում է անսպասելի ճամփորդություն դեպի ամուսնու անցյալը՝ սկսած 2020 թվականի պատերազմի վիրավորներից մինչեւ 90-ականների հաղթական պատերազմի վետերաններ ու շարունակվող պատերազմի ուրվականներ: Կինն անընդհատ փորձում է հասնել նրա հետեւից, բայց ինչպես թաղել ուրվականին։
Արդյո՞ք հնարավոր է փրկել մեռածներին։


Բաց մի թողեք
Երբ աղջիկս դառնում է մեծ․ Նամակ՝ կյանքի բեմ մտնելուց առաջ, Չապլինի ծննդին՝ նրա ոճով
Եվրոպական կինոարդյունաբերությունը մեղմ ուժ է, որը արժե սուբսիդավորել. Օսկարակիր պրոդյուսեր
Աբովյանի վերադարձը հիշողության մեջ՝ կենդանի թանգարանի շնչով. Լուսանկարներ