Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության պաշտոնական խոսնակ Օմեր Չելիկը հայտարարել է, որ հուլիսի 11-ին «լուծարված PKK-ն սկսում է զենքը վայր դնել»:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ խորհրդանշական առաջին արարողությունը տեղի կունենա Իրաքի Սուլեյմանիե քաղաքի մերձակայքում, գյուղական բնակավայրում: Անտվանգության նկատառումներից ելնելով՝ այդ վայրը կոնկրետ չի նշվում:
Արարողությունը չի լուսաբանվի: Ենթադրվում է, որ Իրաքի հյուսիս կայցելեն Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը և Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քալընը: Ըստ Օմեր Չելիկի՝ հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հանդես կգա պատմական ելույթով»:
Կարելի է ենթադրել, որ Էրդողանը կհայտարարի «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» գործընթացի մեկնարկի մասին և կսահմանի այն ավարտին հասցնելու ժամկետ: Մամուլն ակնարկում է, որ եթե «Քրդական բանվորական կուսակցությունը» երկու-երեք ամիսների ընթացքում «լիովին չզինաթափվի, ապա Թուրքիան կբախվի ներքին լուրջ մարտահրավերի»:
Ի՞նչ սպառնալիքի մասին է ակնարկը՝ բարդ է ասել: Կարելի է նույնիսկ ենթադրել, որ Էրդողանը կանխատեսում է տարածաշրջանային լուրջ էսկալացիա, որի դեպքում քրդական զինված կազմավորումներն, իրոք, կարող են ներքին սպառնալիքներ հարուցել:
Բայց եթե «գործարքի» կողմերից մեկը, կոնկրետ Թուրքիայի նախագահը շտապում է «մեկառմիշտ փակել քրդական հարցը» և հայտարարել, որ երկիրը միասնական է, միասնական է նաև նրա ժողովուրդը՝ էթնիկ պատկանելիությունից անկախ, ապա, ինչպես իրազեկ աղբյուրներն են փոխանցում, քրդական ոչ բոլոր կազմակերպություններն են միանշանակորեն ենթարկվում զինաթափվելու մասին ՔԲԿ-ի առաջնորդ Օջալանի կոչին:
Turkiye թերթը հրապարակել է «Քրդական կազմակերպությունների խորհրդի» հայտարարությունը, որտեղ հստակ առաջադրված է երկու նախապայման: Թուրքիան պետք է քրդերի զինաթափման առաջին փուլի ավարտին «գերությունից ազատի» Աբդուլլա Օջալանին, իսկ գործընթացի ավարտին «սահմանի քաղաքական իրավունքներ»: Գրեթե նույնաբովանդակ, բայց փոքր – ինչ «ծածկագրված» հայտարարություն է տարածել նաև խորհրդարանական DEM կուսակցությունը, որի ներկայացուցիչները վերջերս Իմրալի կղզու բանտում դարձյալ հանդիպել են Ափոյին՝ PKK-ի ցմահ ազատազրկման պատիժ կրող առաջնորդ Աբդուլլա Օջալանին:
Զուգահեռաբար, ինչպես ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի քաղաքական մեկնաբանն է ձևակերպել՝ «Էրդողանը յաթաղանը մերկացրել է ընդդիմության դեմ»: Անցած օրերին Ժողովրդա-հանրապետական կուսակցության հարյուրից ավելի անդամներ են ձերբակալվել: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում նախագահի արտահերթ ընտրություններ չեն լինի, դրանք կկայանան 2028 թվականի գարնանը:
Թուրքիայի ներքաղաքական կյանքի խմորումները և հնարավոր զարգացումները հետաքրքրություն են ներկայացնում առհասարակ, Անկարայում քաղաքական «եղանակի փոփոխությունն» էական է միջազգային օրակարգի համար: Այս փուլում Էրդողանի ծրագրավորումներն առավել ևս ուշագրավ են, որովհետեւ վարչապետ Փաշինյանի հունիսի 20-ի Ստամբուլ այցը հայ-թուրքական երկխոսությունը տեղափոխել են սկզբունքորեն աննախադեպ հարթություն:
Քրդական կազմակերպությունները և նրանց քաղաքական հենարան DEM կուսակցությունը կշարունակե՞ն պնդել, որ PKK-ի զինաթափման գինը «գերությունից Օջալանի ազատությունը» և Թուրքիայում քրդական ինքնության ֆորմալացումն են: Էրդողանը խոստանում է Թուրքիայի «դեմ հանցանք չգործած քրդերին քաղաքացիական իրավունքներ շնորհել, եթե նրանք հայրենիք վերադառնալու ցանկություն ունենան»: Իսկ ի՞նչ է սպասվում ավելի քան տասը միլիոն քուրդ բնակչությանը, որ Թուրքիայի քաղաքացիություն ունի:
Ի՞նչ հանգուցալուծում կարող է ունենալ Էրդողան-Ժողովրդա-հանրապետական կուսակցություն կոշտ դիմակայությունը: Այս գործոնները որքանո՞վ և ի՞նչ ազդեցություն ունեն հայ-թուրքական արդեն բարձր մակարդակի հասած երկխոսության վրա:
Էրդողանի կոալիցիոն գործընկեր, «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևի՝ «Ազգայնական կուսակցության», առաջնորդ Բահչելին կիսու՞մ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի տրամաբանությունը:
Ի վերջո, Էրդողանի «մերկացրած յաթաղանը» միայն քաղաքական հակառակորդների՞, թե նաև տարածաշրջանի մրցակից երկրների դե՞մ է:
Բաց մի թողեք
Ալիևի որդին՝ սկանդալի կենտրոնում, ինչ է պահանջվում նրանից ՌԴ դատարանում․ Լուսանկար
Պուտինը Թրամփին հասկացրել է, որ հայ – ադրբեջանական խաղաղություն հնարավոր չէ, ինքը թույլ չի տա
Ալիևի համար բարդ է Պուտինի հետ «պորտալարը կտրել»