«ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ հուլիսի լույս 10-ի գիշերը Կիևում օդային հարձակման պատճառով տուժել է նաև Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը, ռուսաստանյան ԱԹՍ-երից մեկը պայթել է հարակից տարածքում, որտեղ կայանված շուրջ քսան ավտոմեքենա հրդեհվել է:
Կիևում Ադրբեջանի դեսպանատունը տուժել է նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի առաջին օրերին, բայց այդ ժամանակ փաստը տեղեկատվական նման մատուցման չի արժանացել:
Ադրբեջանի պաշտոնական արձագանքը դեռևս հայտնի չէ, բայց պետական լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունն արդեն իսկ վկայում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում «ձնհալ չկա» համենայն դեպս՝ այս փուլում: Ադրբեջանական այլ աղբյուրներ հայտնում են, որ Իլհամ Ալիևը «չի ընդունել Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց Կուրենկովին»: Վերջինս Բաքու էր մեկնել, որպեսզի Ալիևին փոխանցի Ռուսաստանի նախագահի «անձնական ուղերձը»:
Հուլիսի 9-ի երեկոյան լրատվամիջոցները, հղում անելով ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին, հայտնել են, որ Ռուսաստանից արտաքսվել է Մերձմոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Էլշան Իբրահիմովը:
Ըստ տեղեկությունների, մի քանի օր առաջ նա զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ «ՌԴ անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու» հիմնավորմամբ: Իբրահիմովը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին. «Թողեք, որ հանգիստ հայրենիք մեկնեմ, որտեղ մամուլի ասուլիս կտամ»,- օդանավակայանում ասել է նա: Իբրահիմովի Բաքու ժամանելու մասին առայժմ տեղեկություն չկա:
Այս ֆոնին հայտնի է դարձել, որ Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանը Ադրբեջանի երկու քաղաքացու՝ Ռամիլ Ալիևի և Իսմայիկ Հասանովի նկատմամբ հուլիսի 10-ին խափանման միջոց է ընտրել չորսամսյա կալանքը:
Ալիևը և Հասանովը ձերբակալվել են Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության կողմից՝ «օպերատիվ –հետախուզական տևական գործողությունների արդյունքում»:
Նրանք մեղադրվում են ռուսաստանյան «Վագներ» մասնավոր ռազմական միավորման կազմում «օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ հրազենի կիրառմամբ բռնություն գործադրելու, մի քանի անձանց կյանքից զրկելու» մեջ:
Նախաքննության ձեռք բերված տեղեկություններով՝ Ալիևը և Հասանովը «ծանր հանցագործություններ կատարելու համար այլ պետության տարածքում դատապարտված են եղել ազատազրկման», որտեղ նրանց «հավաքագրել է «Վագների» հրամանատար Եվգենի Պրիգոժինը»:
Ալիևը և Հասանովը բանտից ազատվելու և դրամական վարձատրության դիմաց համաձայնել են անդամակցել Պրիգոժինի ռազմական խմբավորմանը:
Մեղադրանքի ձևակերպումից հասկացվում է, որ Ալիևը և Հասանովը մեղադրվում են օտարերկրյա պետության խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառելու և մի շարք անձանց կյանքից զրկելու մեջ:
«Վագները» մոտ երկու տարի մասնակցել է Ուկրաինայի դեմ պատերազմին: Հուլիսի 9-ին ՄԻԵԴ-ն Ռուսաստանին մեղավոր է ճանաչել Ուկրաինայում խաղաղ բնակչության դեմ բռնությունների մեջ:
Ըստ երևույթին, Ալիևը և Հասանովը նույնպես մեղադրվում են Ուկրաինայի խաղաղ բնակչության նկատմամբ գործած հանցանքների համար:
Սա նշանակում է, որ Ադրբեջանը, թեև ոչ ուղղակիորեն, բայց հետևողականորեն միանում է Ռուսաստանին ռազմական հանցագործ ճանաչելու միջազգային հանրության ջանքերին:
Եթե այդպես է, դա նշանակում է, որ Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինին «պատերազմ է հայտարարել» և պետք է սպասել Ռուսաստանի պատասխան քայլերին:
Բաց մի թողեք
Աշխատանքային խմբերի և ավելի բարձր մակարդակի հանդիպումներում ո՞րն է լինելու առաջնայինը
Միթե հնարավոր է համաշխարհային պատերազմի պայմաններում հայ – ադրբեջանական խաղաղություն
Ալիևը հանձնեց Նախիջևանը, Հայաստանը կարո՞ղ է այդ հանգամանքը նպատակային օգտագործել