Օրեր առաջ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Հանրային խորհրդի նախագահ Արայիկ Խզմալյանի հրավերով Մատենադարանում մասնակցել է ՀԽ հերթական նիստին։
«Խորհրդի անդամներին ներկայացրել եմ ԲՏԱ նախարարության ռազմավարական առաջնահերթությունները, արդեն իրականացված քայլերն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը։ Խոսել ենք պաշտպանական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումների, միջազգային գործընկերների հետ ձեւավորված համագործակցության, ինչպես նաեւ՝ մեր տեխնոլոգիական ներուժի լիարժեք իրացման ուղիների մասին։
Հանրային խորհրդի անդամների դիտարկումներն ու առաջարկները չափազանց կարեւոր եւ օգտակար եմ համարում, հույս ունեմ, որ այսօրինակ հանդիպումները շարունակական կլինեն»,- գրել է նա։ Այս օրերին, երբ Հայաստանում կան մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ, որոնց շարքերում նաեւ հոգեւորականներ են, երբ իշխանությունները հրապարակավ ամենավերջին հայհոյանքներն են տալիս կաթողիկոսին եւ մյուս բարձրաստիճան հոգեւորականներին, երբ Հայաստանի վարչապետը տարբեր հանդիպումներ է ունենում Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, Հայաստանի Հանրային խորհուրդը չգիտես ինչով է զբաղված:
Տպավորություն է, թե դարձել է իշխանական կցորդ կառույց եւ զբաղված է անիմաստ ու անպտուղ զրույցներով: Բայց ամենազավեշտալին այն է, որ հանրային համարվող խորհուրդն իր հաղորդագրություններում արդեն անգամ հարկ չի համարում նշել, թե ՔՊ-ական հյուրերի հետ ինչ հարցեր է քննարկում:
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Հանրային խորհրդի անդամ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
– Պարոն Սաֆրաստյան, ի՞նչ քննարկում եք ունեցել, օրինակ, իշխանական Մխիթար Հայրապետյանի հետ:
– Դե, փակ հանդիպում էր, նա ներկայացրեց, թե բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինչ աշխատանքներ են արվում, միայն դա կարող եմ ասել:
– Իսկ ինչո՞ւ էր ձեզ հաշվետվություն ներկայացնում:
– Հաշվետվություն չէր, ուղղակի ներկայացրեց որոշ բաներ, հարցեր եղան, պատասխաններ: Նրան հրավիրել էին, ով ցանկանում էր լսել նրան, լսեց: Ես ցանկանում էի լսել նրան, որովհետեւ իմ ուսանողն է եղել: Նա եւս թուրքագետ է:
– Հայաստանյան հանրությունը վերջին շրջանում ամենաշատը քննարկում է հոգեւորականների կալանավորումների հանգամանքը, եկեղեցի-պետություն հարաբերությունները, Փաշինյանի հայհոյանքները, Սյունիքի միջանցքի հարցը եւ այլն: Ձեզ այս հարցերը չե՞ն հետաքրքրում: Ինչի՞ համար է, ի վերջո, այդ կառույցը Հանրային խորհուրդ կոչվել, միանգամից Նիկոլի խորհուրդ կոչեք, որ հարցեր չառաջանան:
– Չեմ կարող ասել: Հանրային խորհուրդն այսպես է գործում, նիստի են հրավիրում, գնում ենք, բայց թե ինչու այդ հարցերը չեն քննարկվում, չեմ կարող ասել: Ամեն դեպքում, մի անգամ քննարկում եղել է` պետություն-եկեղեցի հարաբերությունների մասին: Թեպետ ես զերծ մնացի այդ խնդիրների մասին կարծիք հայտնելուց եւ չներկայացա նիստին:
– Խորհուրդն ի՞նչ հարցեր է քննարկում: Կա՞ հանրությանը հուզող գեթ մեկ հարց, որ ձեր քննարկման տիրույթում լինի:
– Ինչը որ քննարկել ենք, հաղորդագրություններ տարածել ենք: Նայեք հաղորդագրությունները՝ կտեսնեք: Նախորդ Հանրային խորհրդում ես մոտ տասը տարի եղել եմ: Միջազգային ինտեգրման, սփյուռքի եւ կրոնի հանձնաժողովի նախագահ եմ եղել, այն ժամանակ էլ ենք աշխատել, հիմա էլ աշխատում ենք:
– Այն ժամանակվա Հանրային խորհրդի եւ այսօրվա խորհրդի միջեւ տարբերություն չե՞ք տեսնում:
– Դե, գիտեք ինչ, սա նոր է, մի քանի ամիս է, ինչ սկսել է իր աշխատանքը: Պետք է ժամանակ անցնի: Մեծ մասը նոր մարդիկ են, պետք է կամաց-կամաց ներգրավվեն: Հներից մի քանիսս ենք մնացել, որ փորձառություն ունենք: Կամաց-կամաց խորհուրդը կսկսի ավելի ակտիվ գործել:
– Օրինակ` Փաշինյանն այցելել էր Թուրքիա, այսօր էլ Աբու Դաբիում Ալիեւի հետ է հանդիպել: Այս հարցերը ձեզ չե՞ն հետաքրքրում:
– Խորհրդում չենք քննարկել այդ հարցերը, բայց դուք ծանոթ եք իմ մոտեցումներին, իմ հարցազրույցներին եւ գիտեք, թե ես ինչ եմ մտածում: Ունեմ տելեգրամյան ալիք, այնտեղ էլ արտահայտվում եմ:
– Այդ դեպքում ո՞րն է այդ խորհրդի իմաստը, նպատակը:
– Դե, ասենք, ես խորհրդի շարքային անդամ եմ: Ի՞նչ ասեմ: Ես ոչինչ չեմ կարող ասել: Իմ վերաբերմունքը, իմ դիրքորոշումները ես հրապարակային արտահայտում եմ: Ես իմ ունեցած արտահայտչամիջոցներով բավարարված եմ:
– Քանի որ խորհրդի անդամ եք, ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ Հանրային խորհուրդը երկրում առկա առանցքային հարցերի քննարկման համար է:
– Մենք Հայաստանի համար շատ կարեւոր հարցեր ենք քննարկում: Ո՞նց կարելի է ասել, թե դրանք կարեւոր հարցեր չեն: Բարձր տեխնոլոգիաները բավականին կարեւոր ոլորտ են:
– Մի ժամանակ IT ոլորտը Հայաստանում մեծ զարգացում էր ապրում: 2018-ից հետո այն եւս հետընթաց ապրեց: Քննարկեցի՞ք այդ հարցերը Հայրապետյանի հետ:
– Այդ թեման չի քննարկվել, ավելի ճիշտ` գաղտնի է, չեմ կարող ասել:
– Ի՞նչ է նշանակում՝ գաղտնի է: Ինչպե՞ս կարող է Հանրային խորհուրդը հանրությունից գաղտնի թեմաներ քննարկել: Գուցե ԱԱԾ խորհո՞ւրդ է դարձել:
– Իհարկե, ես Ձեզ հետ համաձայն եմ, բայց դե՝ այդպես է: Ես մասնակցեցի քննարկմանը եւ գոհ եմ:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները