11/07/2025

10 ֆիլմ, որոնք անպայման արժե դիտել Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնում․ Տեսանյութեր

Հուլիսի 13-ից 20-ը Երևանում կանցկացվի Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը։ Փառատոնի լայնածավալ ծրագրից առանձնացվել է 10 ֆիլմ, որոնք անպայման արժե դիտել։

Գլխավոր փառատոնի դափնեկիր․ «Մի պարզ պատահար», Ջաֆար Փանահի

Ջաֆար Փանահին ոչ միայն իրանական կինոյի ամենամեծ աստղերից մեկն է, այլև Ոսկե ծիրանի վաղեմի հյուրն ու բարեկամն է։ Անցյալ տարի երկար տարիների ընդմիջումից հետո ռեժիսորն առաջին անգամ կարողացավ լքել Իրանը ու առաջին հերթին այցելեց Երևան։ Դրանից շատ չանցած Փանահիի նոր ֆիլմը հաղթեց Կաննի կինոփառատոնում։ Եվ ահա, դրանից հետո հաջորդ փառատոնը երևանյանն է։ «Մի պարզ պատահարը» կբացի 2025 թվականի Ոսկե ծիրանը, այնուհետև կունենա ևս մեկ ցուցադրություն՝ հասանելի բոլորի համար։

Ֆիլմը պատմում է նախկին բանտարկյալների մասին, որոնք պատահաբար հանդիպում են իրենց ենթադրյալ նախկին խոշտանգողին։ Բայց արդյո՞ք կարել է վրեժ լուծել, երբ թեկուզ աննշան կասկածներ ունես։

 

Իրանական կինոյի գանձարան․ «Վազորդ», Ամիր Նադերի

Փառատոնի այս տարվա պատվո հյուրն է իրանական նոր կինոյի հիմնադիր դասականներից մեկը, որը դեռ 1980-ականներին առաջիններից ճեղքեց ճանապարհը դեպի իրանական կինոյի համաշխարհային բացահայտում, բայց ստիպված լինելով հեռանալ իսլամական հանրապետությունից։ Ամիր Նադերին տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է, իսկ ծրագրում ընդգրկված է իր ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։ Ուշադրության արժանի են բոլոր վեց ֆիլմերը, որոնք նկարահանվել են 1974-ից 2002-ի միջև ընկած ժամանակ, բայց ամենակարևորը, գուցե, 1984-ի «Վազորդն» է․ հեղափոխական Իրանում աղքատության դեմ պայքարում տղան երազում է թռիչքի մասին։

 

Համարձակ ասելիք Իսրայելի մասին․ «Այո», Նադավ Լապիդ

Իսրայելցի, բայց ֆրանսաբնակ Նադավ Լապիդն էլ ունի մրցանակներ Կաննից ու Վենետիկից, ու նույնպես առաջին անգամ չէ ցուցադրվելու Երևանում։ Նրա նոր ֆիլմը, ըստ Ոսկե ծիրանի կազմակերպիչների, տարվա գուցե ամենապրովոկատիվ ֆիլմն է և իսրայելա-պաղեստինյան հակամարտության թերևս ամենաըմբոստ մեկնաբանությունը։ Ֆիլմի գլխավոր հերոսը ջազ-երաժիշտ է, որին հոկտեմբերի 7-ի Համասի հարձակումից հետո հանձնարարում են գրել նոր ազգային օրհներգ։

 

Անապատային ռեյվ-դրամա Կաննից․ «Սիրատ», Օլիվեր Լաքս

Հայր ու որդի փորձում են գտնել իրենց անհետ կորած դստերն ու քրոջը Մարոկկոյի անապատում անցկացվող հսկա ռեյվի ընթացքում։ Սիրատը իսլամական ավանդույթում կամուրջ է դժոխքի վրայով, որը պետք է անցնել Դաստանի օրը։ Կրակոտ տեխնո-դրաման չափազանց դրական արձագանքներ է ստացել այս տարվա Կաննում, որտեղ ստացել էր գլխավոր մրցանակներից մեկը։

Կարևոր հավելում․ հուլիսի 16-ին, «Սիրատի» ցուցադրությունից հետո՝ ժամը 21:30-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա ֆիլմի կոմպոզիտոր Կանգդինգ Ռեյի լայվ համերգը՝ Concerpt նախագծի շրջանակում (դա Ռամբալկօշէի նախաձեռնությունն է, որի նպատակն է կազմակերպել մենակատարների ելույթներ, որոնք խորը ազդեցություն են թողել երաժշտության էվոլյուցիայի վրա):

 

Նոր հայկական կինո․ «Երազելուց հետո», Քրիստինե Հարությունյան

Տարածաշրջանային մրցութային ծրագիրը Ոսկե ծիրանի դեպքում գուցե նույնիսկ ավելի կարևոր է, քանի Միջազգայինը։ Այնպես որ միանգամայն տրամաբանական է այս ծրագրում տեսնել ձմռանը Բելինում ցուցադրված «Երազելուց հետո» դրաման։ Սա երիտասարդ ռեժիսոր Քրիստինե Հարությունյանի առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմն է, որ համարտադրություն է Հայաստանի, Ամերիկայի և Մեքսիկայի միջև: Փառատոնի պաշտոնական նկարագրության մեջ ասվում է․ նուրբ կինեմատոգրաֆիկ հայացք՝ իրարամերժ հիշողությունների, երազների ու իրականության փխրուն սահմանի մասին։ Բեռլինում ֆիլմը դիտած Սոնա Կարապողոսյանն էլ պատմում է այսպես․ «Այս լիամետրաժ աշխատանքում Հարությունյանը նաև պատմում է հետպատերազմյան երկրի անբաժան մաս կազմող հայրիշխանական միջավայրի, թունավոր առնականության մասին, քննում դրա փխրությունը` հակադրելով այն վերոնշյալ ոչ կարծատիպային կանացիության պատկերման ու ներփակում այս ամենն անվերջանալի երազի սահմաններում»։

 

Հայկական կինո՝ հայկական կինոյի մասին․ «Իմ հայկական ուրվականները», Թամարա Ստեփանյան

Հայ կինոյի կանայք շարունակում են իրենց հաղթարշավը․ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Թամարա Ստեփանյանի առաջին խաղարկային ֆիլմը՝ «Արտոյի երկրում» դրաման, ընդրգկվել է Լոկառնոյի կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, իսկ ընդամենը ամիսներ առաջ Բեռլինում ցուցադրվեց նրա վավերագրությունը՝ «Իմ հայկական ուրվականները»։ Հայ կինոյի 100-ամյակի առթիվ ստեղծված այս հայ-ֆրանսիական վավերագրական ձոնը անձնական և կինեմատոգրաֆիական ուղևորություն է կինոյի, և ուրեմն` հիշողության տարածքներով։

 

Ծուռ կինո․ «Սրբազան ուղի», Բաբաք Անվարի

Վերջին տարիներին Ոսկե ծիրանի ամենահետաքրքիր ծրագրերից մեկը Ծուռ ծիրանն է, որը, ինչպես դիպուկ նշվում է փառատոնի պաշտոնական էջում, առաջարկում է ֆիլմեր, որոնք չեն ենթարկվում դասակարգման ու դիմադրում են հարմարավետությանը, պահանջելով ոչ թե պարզապես դիտել, այլև՝ հանձնվե՛լ։ Բրիտանացի Բաբաք Անվարիի «Սրբազան ուղին» (Ռոզամունդ Փայքի ու Մեթյու Ռիզի մասնակցությամբ) պատմում է մի ընտանիքի շատ ծանր գիշերվա մասին, որը սկսվում է դեռահաս աղջկա զանգից․ նա վրաերթի է ենթարկել մի անցորդի ու հիմա ծնողները պետք է արագ հասնեն դեպքի վայր։ Քննադատները հիացած են այս նյարդացունց թրիլլերից։

Առանձին նշենք փառատոնային կինոյի համար զարմանալի մարդասիրական 80 րոպեանոց խրոնոմետրաժը։

 

Նոր Դարդեններ․ «Երիտասարդ մոր տունը», Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեններ

Կաննի 78-րդ կինոփառատոնի լավագույն սցենարական մրցանակի դափնեկիր ֆիլմի երևանյան պրեմիերան։ Մի խումբ երիտասարդ մայրեր ապրում են մեկ հարկի տակ՝ փորձելով վերականգնել իրենց կյանքը։ Ինչպես միշտ Դարդենների կինոյում, նրանց ընտրությունները բախվում են սոցիալական համակարգի դաժան իրատեսությանն ու նվիրվածության փորձությանը։

Իրականում, ֆիլմի մասին կարելի էր ոչինչ չպատմել, պարզապես եթե տեսնում ենք այս հանճարեղ բելգիացի եղբայրների անունը պաստառի վրա, ուրեմն ամեն ինչ թողեք ու գնացեք տեսեք։

 

Նոր վրացական կինո․ «Սուրբ էլեկտրականություն», Տատո Կոթեթիշվիլի

Ոսկե ծիրանը նաև լավագույն (գուցե միակ) առիթն է ծանոթանալու վրացական կինոյի նոր գոհարների հետ։ «Սուրբ էլեկտրականություն» տրագիկոմեդիան ընդգրկված է Միջազգային մրցությում։

Երբ երիտասարդ Գոնգան և նրա զարմիկ Բարթը ջարդոնի պահեստումժանգոտ խաչերով լի մի ճամպրուկ են գտնում, Բարթը միտք է հղանում դրանք վերածել նեոնային խաչերի ու դռնեդուռ վաճառել Թբիլիսիի բնակիչներին։ Նրանց խաչակրած արշավանքը քաղաքի արվարձաններով վերածվում է սիրո և բարեկամության փնտրտուքի։ յուրռեալիստական հեգնանք ու երգիծական կատակերգություն Վրաստանի գյուղերում հայտնաբերված «սուրբ» էներգիայի մասին։

 

Էգոյանի վերականգնված գլուխգործոցը․ «Լուսավոր գալիքը», Ատոմ Էգոյան

Փոքր քաղաքի դպրոցական ավտոբուսը վթարվում է՝ խլելով երեխաների կյանքը։ Փաստաբան Միթչելը փորձում է համայնքին համոզել դատի տալ։ Բայց վիշտն ու մեղավորության զգացումը մերկացնում են խորքային ճշմարտություններ։ Օսկարի կրկնակի հավակնորդ և Կաննի կինոփառատոնի Գրան պրիի դափնեկիր Ատոմ Էգոյանի և ժամանակակից կանադական կինոյի անկյունաքարային գլուխգործոցի վերադարձը փառատոնային մեծ էկրան 4K վերականգնված տարբերակով։ Հատկապես լավ առիթ է այն մարդկանց համար, որոնք գիտեն Էգոյանի մասին, բայց չեն տեսել նրա ֆիլմերը։