11/07/2025

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը հասցեագրված մի փաստաթուղթ։

Դրանում խոսվում է Հայաստանում՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի համալրման և դրա համար նախատեսված միջոցառումների մասին։ Փաստաթուղթն ուղղված է գեներալ-մայոր Զեմսկովին և նշվում է, որ համալրման ենթակա զինծառայողները պետք է ընտրվեն 2025 թվականի մայիսի 13-ից մինչև հունիսի 11-ը՝ ՌԴ Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներից՝ պայմանագրային հիմունքներով Գյումրիում ծառայություն իրականացնելու նպատակով։

 

Ենթադրյալ հրամանում առանձնահատուկ շեշտադրվում է թեկնածուների մասնագիտական հմտությունների և հոգեբանական կայունության անհրաժեշտությունը, ինչպես նաև բացառվում է թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի հետ առնչությունն անցյալում։

Բաքվի քարոզչական արձագանքը

Ուկրաինական հետախուզության տարածած այս փաստաթուղթը լայնորեն շրջանառվեց ադրբեջանական քարոզչական հարթակներում՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին սրացումների ֆոնին:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսի վերջին կտրուկ լարվեցին ռուս-ադրբեջանական հարաբերությունները․ հունիսի 27-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում ուժայինները հատուկ գործողությամբ ձերբակալեցին էթնիկ ադրբեջանցիների խմբավորման անդամների, որոնցից երկուսը՝ եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները, մահացան կալանավայրում։  

Ի պատասխան՝ Բաքուն հնչեցրեց մեղադրանքներ, պնդելով, թե կատարվածը ազգային հողի վրա բռնության դրսևորում է և իր հերթին ձերբակալեց ու ծեծի ենթարկեց   Բաքվում ռուսաստանյան Sputnik լրատվամիջոցի աշխատակիցների, կասեցրեց Ռուսաստանի հետ առնչվող մշակութային-դիվանագիտական միջոցառումները։ 

Այսպես, Բաքվի քարոզչական ռեսուրսները տեղեկությունն օգտագործեցին հակահայկական կեղծ թեզերի շրջանառության համար, մասնավորապես, պնդելով, թե ՌԴ-ն Ադրբեջանի նկատմամբ ճնշումների համար օգտագործում է Հայաստանի տարածքը։

Օրինակ՝ Aze.Media-ն պնդեց՝ «Ռուսաստանը փորձում է ռազմական ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա՝ Հայաստանի տարածքից»՝ ենթադրելով, որ ռուսական զորքերի կուտակումը կարող է ուղղված լինել Բաքվի դեմ։

EADaily ռեսուրսն իր հերթին շեշտել էր,  թե զորքերի համալրումը կատարվում է Բաքվի հետ լարվածության աճի ֆոնին, ինչը, ըստ մեկնաբանների, կարող է վկայել հնարավոր ապագա գործողությունների մասին։

Հատկանշական է, սակայն, որ համալրման վերաբերյալ ենթադրյալ փաստաթղթում միջոցառումների սահմանված ժամկետը վերաբերում է մայիսի կեսից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածին․ այսինքն, ենթադրյալ հրամանը  ռուս-ադրբեջանական վերջին լարվածության բռնկումից առնվազն մեկ ամիս ավելի վաղ է արձակվել։

Հետևաբար, պնդումը, թե ՌԴ-ն զորք է համալրում Հայաստանում Ադրբեջանին ճնշելու նպատակով՝ հիմնված է դեպքերի ժամանակագրական տրամաբանության խախտման, խեղաթյուրման վրա, ուստի կեղծ է ու մանիպուլյատիվ։

Հատկանշական է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության վարչությունը ևս ռազմաբազայում ենթադրյալ համալրման մասին հրամանը ներկայացրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության մանիպուլյատիվ համատեքստում՝ նշելով, որ Հայաստանում ռուսական ուժերի տեղակայումը «Կրեմլի ավելի լայն ռազմավարության մի մասն է, որն ուղղված է համաշխարհային անվտանգության ապակայունացմանը»։

«Ազգամիջյան բախումների հրահրմանը զուգահեռ, Մոսկվան ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Կովկասում։ Հավանական է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացումը նախապես մտածված էր», — ասել է գերատեսչության ներկայացուցիչ Անդրի Յուսովը՝ փաստացի խեղաթյուրելով դեպքերի ժամանակագրությունը։

Հայաստանի պաշտոնական արձագանքը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այս մանիպուլյատիվ թեզերին արձագանքել է հերքումով․ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հուլիսի 5-ին X-ում գրեց․ «Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող որոշ կեղծ լուրերի՝ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ իր տարածքը չի կարող օգտագործվել երրորդ երկրների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար»:

Այսպիսով, 102-րդ ռազմաբազայի համալրման վերաբերյալ ենթադրյալ հրամանն արձակվել է ռուս-ադրբեջանական վերջին լարվածությունից առնվազն մեկ ամիս առաջ, հետևաբար, Բաքվի քարոզչական ռեսուրսների պնդումները, թե ՌԴ-ն Ադրբեջանի հետ լարվածության ֆոնին ՀՀ-ում զորք է տեղակայում ճնշումների նպատակով, խեղաթյուրում են դեպքերի ժամանակագրական և տրամաբանական պատկերը։

Նանե Մանասյան