Երկրում թափ հավաքող ռեպրեսիաների ու ազգային կուսակցություններից մեկի՝ Դաշնակցության թիրախավորման ալիքին զուգահեռ, երեկ ԱՄԷ-ում կայացավ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը:
Հրապարակ թերթը գրել է․ Դեռ տարեսկզբին Ալիեւի կողմից հայտարարված «ֆաշիստական ուժերին» ճնշելու տնային աշխատանքով է, հավանաբար, Փաշինյանն իր մեծ պատվիրակությամբ ներկայացել Աբու Դաբի:
Փաշինյանի հետ ընդլայնված կազմով բանակցություններին մասնակցել են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որն ամենալայնն էր ժպտում ադրբեջանցի գործընկերներին եւ, ըստ տեղեկությունների, ուղիղ կապ է պահպանում Ալիեւի խորհրդական Հիքմեդ Հաջիեւի հետ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը ՀՀ սուվերեն տարածքները սահմանազատման ու սահմանագծման անվան տակ Բաքվին նվիրելու գործի քավորն է, եւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ Թուրքիայի հետ հաշտեցման հատուկ բանագնացը, որի վարած բանակցությունների արդյունքները կենացներից ու բարի ցանկություններից ոչ մի կերպ իրականության չեն փոխակերպվում:
Նախ՝ պատվիրակությունների հետ, հետո՝ տետ ա տետ Փաշինյանն ու Ալիեւը մի քանի ժամ քննարկել են, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հիմնական հարցերը, ապա նրանց նորից միացել են երկու պատվիրակությունները: Ինչպես միշտ, առաջինն ադրբեջանական ԶԼՄ-ներում ինֆորմացիա գնաց 5 ժամ տեւած բանակցություններից, այն մասին, որ օրակարգում են եղել սահմանազատման ու խաղաղության համաձայնագրի նախաստորագրման հարցերը: Ադրբեջանական աղբյուրներում խոսք էր գնում նաեւ «Զանգեզուրի միջանցքի բացման եւ զարգացման» մասին:
ՀՀ ԱԳՆ ռելիզում «հաստատել են», «պայմանավորվել են» ստանդարտ ոճի ձեւակերպումներ էին, որտեղ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին խոսք չկար: Մեկ տողով՝ ԱԳՆ-ի տեքստն այն մասին էր, որ պայմանավորվել են շարունակել խոսել: Ավելի ինֆորմատիվ էր ռուսական ՏԱՍՍ-ի հրապարակած տեղեկությունը, թե Փաշինյանն ու Ալիեւը քննարկել են «խաղաղության համաձայնագրի շուրջ հակասությունները», որի նպատակն է՝ մինչեւ տարեվերջ հասնել փաստաթղթի ստորագրմանը: Մի բան, որը կանխատեսում են վերլուծաբանները՝ 2026 թ․ հերթական ընտրություններին ընդառաջ Փաշինյանին տալ հնարավորություն՝ «խաղաղություն» գրությամբ թղթով փորձել կրկին շահել իր ժողովրդի կորսված վստահությունն ու վերարտադրվել: Իսկ այդ թուղթը ստանալու համար Փաշինյանն Ալիեւի հետ դեռ երկար եւ ցավալի զիջումներով լի ճանապարհ պետք է անցնի:
Արդեն գրել ենք, որ Աբու Դաբիում հանդիպումը կայացել է ամերիկյան անուղղակի միջնորդությամբ: Նահանգները կողմերին հենց «Զանգեզուրի միջանցքի» շուրջ առաջարկ է արել, եւ, փաստացի, ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը երեկ խոսեց այդ առաջարկի մասին ու չհերքեց պաշտոնական Երեւանի կողմ լինելը դրան՝ նշելով․ «Եթե դա լիովին համապատասխանի մեր կողմից հայտարարված սկզբունքներին, դա կարող է իրականացվել»: Այս հայտարարությունը դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում է, որ իշխանությունը պատրաստ է Հայաստանի սուվերենությունը զիջել, մի բան, որ նախկինում կարմիր գիծ էին համարում։ Սա նաեւ հաստատում է, որ Փաշինյանի համար խնդիրը ոչ թե միջանցք չտալն է, այլ՝ այն, թե աշխարհաքաղաքական որ ուժային կենտրոնի վերահսկողության ներքո է այն լինելու։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանը պատրաստ է միջանցքի վերահսկողությունը «արտապատվիրակել» օտար կազմակերպության, ինչի մասին օրեր առաջ գաղտնազերծել է ամերիկյան «Քարնեգի հիմնադրամը»:
Գործընթացից դուրս է Մոսկվան, որը Պուտինի խոսնակ Պեսկովի մակարդակով ողջունեց հանդիպումը: Աբու Դաբիում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, ինչպեսեւ ակնկալվում էր, բեկումնային չէր, այնտեղ, ըստ ամենայնի, հայկական կողմը վերահաստատել է արդեն տրված խոստումները՝ սկսած, այսպես կոչված, անկլավների վերադարձից, մինչեւ ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում ու, իհարկե, Սահմանադրության փոփոխություն, որի մասին հանդիպումից մի քանի օր առաջ հիշեցրել էր Ալիեւի խորհրդական Հաջիեւը:
Թե Բաքվին տված ինչ նոր խոստումներով Երեւան կգա Փաշինյանն իր թիմի հետ, ինչպես միշտ, հայ հասարակությունը կիմանա նրա վերադարձին հաջորդած օրերի կամ շաբաթների ընթացքում՝ Բաքվից կամ Անկարայից հնչող նոր վերջնագրերի միջոցով: Մինչեւ 2026թ․ խորհրդարանական ընտրությունները դեռ 11 ամիս կա, եւ այս ժամանակահատվածն Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները
Հանրային խորհուրդը հանրությունից գաղտնի փակ հանդիպումներ է կազմակերպում