17/09/2025

Եթե մենք ստանալու գեթ մեկ հույս ունենայինք, ապա ՀՀ իշխանությունները վաղուց այդ մասին կաղաղակեին․ Բաղդասարյան

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է:

– Փաշինյանն ու Ալիեւը հուլիսի 10-ին` Աբու Դաբիում հերթական հանդիպումն ունեցան: Փորձագետներն այն տարբեր կերպ են մեկնաբանում: Կա տեսակետ, որ այս հանդիպումը Հայաստանի համար հերթական կապիտուլյացիայի հիմքն է դնելու: Ասում են` Փաշինյանը պատրաստվում է հերթական զիջումներին գնալ՝ փոխարենը ոչինչ չակնկալելով:

– Իրականում, կապիտուլյացիան կարող է լինել տարբեր փուլերով: Այս անգամ, ըստ իս, խոսքը հերթական զիջումների մասին է, Ադրբեջանը քայլ առ քայլ իր պահանջներն է թելադրում, եւ ես, բաց ինֆորմացիաների վրա հիմնվելով, տպավորություն ունեմ, որ այս անգամ էական զիջումների է գնացել Փաշինյանը 2 հարցում: Առաջինը` ինչպես Էրդողանն էր փաստել` Հայաստանի վերաբերմունքը ճկուն է դարձել «Զանգեզուրի միջանցքի» հարցով: Հայաստանը փաստացի համաձայնեց տրամադրել միջանցքը՝ նշելով, որ այն մեր ինքնիշխանության հետ ոչ մի կապ չունի, կարող ենք արտապատվիրակել այն: Դա նորմալ կլիներ, եթե ադրբեջանական կողմն էլ ունենար նման մոտեցում, սակայն քանի որ դա այդպես չէ, ստացվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կկարողանան օգտվել մեր ճանապարհներից, իսկ մենք իրենց ճանապարհներից չենք կարող օգտվել: Մյուս զիջումն էլ այն է, որ հատուկ շեշտվեց, որ սահմանազատման պրոցեսը շարունակվելու է: Ես տպավորություն ունեմ, որ հաջորդն անկլավների հարցն է լինելու: Ճիշտ է, ոչ բոլոր անկլավների, առաջինը Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանի` Տավուշի մասին է խոսքը:

– Այսինքն` ճի՞շտ են այն պնդումները, որ Հայաստանը հերթական անգամ միակողմանի զիջումների է գնում: Մենք ոչինչ չենք ստանալու:

– Ես կարծում եմ, որ եթե մենք ստանալու գեթ մեկ հույս ունենայինք, ապա ՀՀ իշխանությունները վաղուց այդ մասին կաղաղակեին: Առայժմ չեմ տեսնում այդպիսի բան: Իշխանությունների կողմից շատ մեղմ, զուսպ արձագանքներ են հնչում, ինչը ենթադրել է տալիս, որ Ադրբեջանը գոնե այս փուլում ինչ-որ բան զիջելու պատրաստակամություն չի ցուցաբերել:

– Ձեր կարծիքով` միջանցքի հարցը ե՞րբ կլուծվի, եւ իշխանությունները ե՞րբ կստորագրեն հայտնի պայմանագիրը:

– Չեմ կարծում, թե խոսքը դյուրին պրոցեսի մասին է: Այդ հարցը միայն հայ-ադրբեջանական կողմի որոշելիք հարցը չէ: Այդտեղ կան աշխարհաքաղաքական լուրջ խաղացողներ, որոնք կարող են պրոցեսներն արագացնել եւ հակառակը` պրոցեսների արագացմանը խոչընդոտել: Կան բազմաթիվ իրավական եւ տեխնիկական խնդիրներ: Ես կարծում եմ, որ մոտ ապագայում միջանցքի բացում ակնկալել պետք չէ:

– Որքա՞ն կարող է տեւել այդ պրոցեսը:

– Չեմ կարող հստակ ասել, սակայն ինձ թվում է` կարող է տարիներ տեւել: Փաստաթղթի տակ կարող են հենց հիմա էլ ստորագրել, սակայն տարիներ են պետք՝ այն իրականացնելու համար: Ի դեպ, ես վստահ չեմ, որ այն իրականանալու է այնպես, ինչպես Ադրբեջանն է նախատեսել` ինչո՞ւ․ որովհետեւ չկա վստահություն, որ ՀՀ իշխանություններն այդքան ժամանակ մնալու են իշխանության: Իշխանության ներքաղաքական դիրքերը բավականին խախուտ են: Բայց, այնուամենայնիվ, ինձ չի թվում, որ այդ պայմանագիրը վերջնական կյանքի է կոչվելու: Ինչո՞ւ․ որովհետեւ նման պայմանագրի ստորագրումը ո՛չ Ադրբեջանին է հարկավոր, ո՛չ էլ, առավել եւս` Նիկոլ Փաշինյանին:

– Իսկ ո՞ւմ է պետք:

– Եթե ինչ-որ մեկին պետք լիներ, այն կպարտադրեր: Խնդիրն այն է, որ Ադրբեջանին ընդհանրապես պետք չէ այդ պայմանագիրը: Ալիեւը կամաց-կամաց ստանում է այն, ինչ իրեն պետք է` առանց որեւէ ավելորդ պայմանագրի: Նիկոլ Փաշինյանին էլ այն պետք չէ, որովհետեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կնվազեցնի նոր պատերազմի հավանականությունը: Իսկ Նիկոլ Փաշինյանի հիմնական քարոզչությունը, թեզն այն է, որ եթե ինքը չլինի, պատերազմ տեղի կունենա: Իսկ եթե նվազում է պատերազմի հավանականությունը, նվազում է նաեւ իր ռեսուրսը:

– Փաշինյանն անդադար իր քարոզիչների, պատգամավորների շուրթերով հայտարարում է, որ Ռուսաստանից տարատեսակ վտանգներ կան, տեռորի վտանգ եւ անգամ՝ ռուսական հեռուստաալիքների, Հայ առաքելական եկեղեցու մեջ է վտանգներ տեսնում: Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը նման հայտարարություններ անում: Գուցե մտավախություն ունեն, որ ռուսական կողմը կարող է խանգարե՞լ հայ-թուրքական սիրախաղին:

– Իհարկե, Ռուսաստանը փորձելու է խանգարել այդ պրոցեսներին, այլ հարց է` կկարողանա՞, թե՞ ոչ: Եթե հաղորդակցության հայտնի ուղիները բացվեն` առանց ռուսական ներկայության, դրանով ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում էապես թուլանալու են, ուստի, բնականաբար, Ռուսաստանը դիմադրելու է եւ փորձելու է ամեն գնով խանգարել այդ պրոցեսներին: Այն մեզ համար շատ վտանգավոր կարող է լինել, քանի որ չունենք դիմակայելու ռեսուրս, ո՛չ ադրբեջանաթուրքական ճնշումներին դիմադրելու, ո՛չ էլ ռուսական կողմի քայլերին դիմակայելու:

– Ռուսաստանն ի՞նչ քայլերի կարող է դիմել:

– Ռուսաստանը կարող է տարբեր սցենարներ կյանքի կոչել: Օրինակ` կարող է այնպես անել, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա: Կարող է հրահրել, որ հայկական կողմի նկատմամբ Ադրբեջանն իրականացնի ագրեսիա, ինչից հետո Հայաստանն անմիջապես ՌԴ-ից կամ ՀԱՊԿ-ից օգնություն կխնդրի, նրանք կգան, կայունությունը կվերականգնեն եւ ամեն բան կվերահսկեն, այդպիսով. կա՛մ ճանապարհ չի բացվի, կա՛մ կբացվի, բայց կլինի Ռուսաստանի վերահսկողության տակ:

– Բայց ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմա շատ վատացել են:

– Այս պահին, այո, նրանք կարող են իրարից խռովել, հետո հաշտվել: Ի դեպ, նրանց հաշտությունը կարող է լինել Հայաստանի Հանրապետության հաշվին: Այնպես որ, չպետք է շատ ոգեւորվել նրանց լարված հարաբերություններից:

«Հրապարակ». Եթե գեթ մեկ հույս լիներ՝ ինչ-որ բան ստանալու, իշխանությունները վաղուց այդ մասին կաղաղակեին