30/07/2025

ՔՊ-ականների կոչերից քաղաքական տեռորի հոտ է գալիս․ Բագրատյան

Հայաստանի ամենահին ազգային կուսակցություններից մեկը` Դաշնակցությունը նորից իշխանությունների թիրախում է: Այս անգամ Արցախը հանձնած, Հայաստանի սուվերեն տարածքների ադրբեջանական օկուպացիան հանդուրժող ու Սյունիքով Բաքվին ու Անկարային թուրանական ճանապարհը զիջել պատրաստվող իշխանության թիրախում:

ՔՊ-ականների այս օրերի կոչերը՝ փակելԴաշնակցությունը, շատերին մինչեւ 90-ականներ են տանում: Այն ժամանակ՝ 1994 թվականի դեկտեմբերի 28-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրամանագրով կասեցվեց ՀՅԴ գործունեությունը Հայաստանում:

Ժամանակի իշխանության հետ սոցիալ-տնտեսականից մինչև արտաքին քաղաքական ու գաղափարական արմատական տարաձայնություններ ունեցող կուսակցությանը կապում էին քաղաքական սպանությունների, ահաբեկչական գործողություններ ծրագրելու, անգամ միջազգային թմրաբիզնեսի հետ, բայց Դաշնակցության կասեցումը փաթեթավորվեց գործող Քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու պատճառաբանությամբ, թե` կուսակցությունների ղեկավարությունը չի կարող կազմված լինել օտարերկրացիներից, քանի որ Դաշնակցության բյուրոյի ու համագումարի մեծ մասը սփյուռքահայեր էին:

Հայաստանում քաղաքական կուսակցության կասեցման հրամանագիր արձակած առաջին նախագահը հետագայում իր հարցազրույցներից մեկում հենց այսպես էր հիմնավորել ՀՅԴ-ի կասեցումը ու նշելէր, թե. «Դատարանն այդ կուսակցությանը ո՛չ նարկոբիզնեսի, ո՛չ ահաբեկչության մեղադրանք չի ներկայացրել»։

«Ժամանակն է մտածել Դաշնակցական կուսակցությունը կրկին փակելու ու այն տեռորիստական կազմավորման մեջ ներառելու մասին», սա արդեն մերօրյա ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ուղիղ կոչն է, որը, եթե համադրենք ԱԺ վերջին նիստին նրա մյուս գործընկերների հայտարարությունների ու Փաշինյանի ձեռքին գործիք դարձած իրավապահների վերջին օրերի գործողությունների հետ, փազլը, ինչպես ասում են, կհավաքվի: Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմքեր ստեղծել ազգային կուսակցությունն արգելելու համար:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այստեղ քաղաքական տեռորի հոտ է առնում: «ՔՊ-ականների այդ կոչերը քաղաքական տեռորի դրսեւորում են, որից ոչ մի լավ բան պետք չէ սպասել: Փաշինյանը վախեր ունի, վախ կա իշխանությունը կորցնելու, նա վախենում է, որ վաղը Դաշնակցությունը կամ այլ ուժեր իշխանությունը կվերցնեն, ուստի բոլորի նկատմամբ հետապնդումներ է սկսել»,- «Հրապարակ»-ին ասում է Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ անգամ մանկահասակ երեխաների մորը կալանավորելու առաջ չի կանգնում այս իշխանությունը:

Նախկին վարչապետի խոսքով, արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գործում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ ձեռքձեռքի. «Նրա արտաքին գործընկերները Թուրքիան ու Ադրբեջանն են: Փաշինյանը հիմա Հայաստանում ինքնապաշտպանական գործողություններ է իրականացնում: Կրկնում եմ՝ նա վախենում է իշխանություն կորցնելուց: Եթե-ներով խոսելը սխալ է, բայց կուսակցություն փակելը ծանր բան է, դա չմարսվող բան է»: