Օրեր առաջ հրապարակվեցին կամավոր ատեստավորման թեստերի լրամշակված ուղեցույցները, որոնց հետ կապված՝ դասվարները սոցիալական տարբեր հարթակներում, նախարարության էջում շարադրել են իրենց մտահոգություններն ու դժգոհությունները։
Հրապարակ թերթը գրել է․ Չնայած այն բանին, որ ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանը նշել էր, որ կառավարության հաստատած՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգը վերամշակվել է վերլուծության, ուսուցիչների առաջարկների հիման վրա, իսկ լրամշակված ուղեցույցներն էլ օգտակար կլինեն ուսուցիչների համար, բայց ուսուցիչների դժգոհությունն այնքան մեծ է, որ պահանջում են՝ գոնե ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կար նախորդ տարվա թեստերում։
ԳԹԿ կայքում արդեն հասանելի են 2025 թվականի՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման ուղեցույցները, որոնց հետ կապված՝ ուսուցիչներն արել են բազմաթիվ բովանդակային եւ տեխնիկական դիտարկումներ։
Ի՞նչ է նշանակում՝ հարցադրման մեջ չնշել, թե քանի ճիշտ կամ սխալ պատասխան կա
Դիտողությունների մի մասը վերաբերում է մի շարք առարկաների ուղեցույցներում գրականության ցանկի բացակայությանը․ «Փաստորեն, ուղեցույցի կառուցվածքը հստակեցված չէ։ Տարբեր առարկաներին ԳԹԿ-ի կողմից միատեսակ մոտեցում ենք ակնկալում։ Ուղեցույցում պետք է անպայման լինի գրականության ցանկ, դրանով փաստաթուղթն արժանահավատ կդառնա, ուսուցիչն էլ կիմանա, թե ինչ գրականությունից օգտվի»։ «Ինչ-որ մեկը տեղեկացվա՞ծ է, ինչո՞ւ չեն նշում գրականության ցանկը, ո՞ր հեղինակներից է պետք օգտվել, անգլերենի մասին է խոսքը»։ «Քիմիայի ուղեցույցում նշված չէ գրականության ցանկը։ Այդ ինֆորմացիան բացակայում է եւ պարտադիր համալրման կարիք ունի։ Ձեր ներկայացրածը քիմիայի բաժիններն են։ Գրականության ցանկում պետք է նշված լինեն քիմիայի ծրագրերը, վերջնարդյունքները, ինչպես նաեւ՝ բոլոր այն դասագրքերը, խնդրագրքերը, շտեմարանները, որոնցից վերցված են առաջադրանքները։ Իրականությունն այն է, որ խնդիրները վերցվում են օտարալեզու աղբյուրներից, որոնց համապատասխան տեսական նյութը մեր դասագրքերում արծարծված չէ, այսինքն՝ ուսուցիչները դա չեն դասավանդում, բայց ստիպված են դրանով քննվել։ Այս մասով հստակեցումը պարտադիր է»։
Մյուս խնդիրն առնչվում է պնդումների փունջ առաջադրանքներին․ «Վերանայեք հասարակագետների կամավոր ատեստավորման ուղեցույցը։ Ի՞նչ է նշանակում՝ հարցադրման մեջ չնշել, թե քանի ճիշտ կամ սխալ պատասխան կա։ Վերանայեք նաեւ պնդումների փունջ առաջադրանքները. ավել կամ պակաս տարբերակ նշելու դեպքում 0 միավոր տալը ճիշտ չէ… նույն խնդիրը դասվարների ատեստավորման ուղեցույցի մեջ է»: «Հարգելի տիկին Ժ. Անդրեասյան, մենք՝ ֆիզիկներս, խմբում ուսումնասիրել ենք ուղեցույցը, որտեղ նշվում է, որ 60 միավորից 30 պետք է հավաքել պնդումների փնջից, որն ունի 9 շփոթեցնող պատասխան, նորույթ են համապատասխանություն տիպի առաջադրանքները, որոնք ոչ մի շտեմարանում, ֆիզիկայի խնդրագրքերում չկան, ի՞նչ անել, ո՞նց պարապել։ Ե՞րբ պատրաստ կլինեն Ձեր կողմից հայտարարված շտեմարանները»։ «Վերանայեք թեստերի կառուցվածքը։ Պնդումների փունջը կրճատեք, առաջադրանքները թող լինեն բազմազան, թեստի 80%-ը պնդումներ են»։ «Ինչպես միշտ, լղոզված եւ երկիմաստ առաջադրանքներ։ Ինչո՞ւ պիտի հիմնական դպրոցի ուսուցիչը, որը վերապատրաստում չի անցել ավագ դպրոցի դասագիրքը, բայց պետք է ատեստավորվի նաեւ այդ դասագրքով, որն ընդամենը մեկ տարի է մտել դպրոց»։
Մանկավարժների կարծիքով, անհրաժեշտ է տրամադրել հստակ հարցաշարեր կամ շտեմարաններ, որպեսզի իրենք կարողանան ավելի նպատակային եւ արդյունավետ պատրաստվել ատեստավորմանը․ «Ինչո՞ւ այս անգամ չխոսեցիք շտեմարանների մասին, թե՞ դա կլինի քննությունից մի քանի օր առաջ, որ չհասցնենք ուսումնասիրել»։ «Հարգելի նախարար, մաթեմատիկայի ուղեցույցում նշված է, որ թեմաները՝ բոլորը, դպրոցական ծրագրից են, բայց դա այդպես չէ, թեստը պարունակում է առաջադրանքներ, որոնք միջնակարգ դպրոցի ծրագրից դուրս են։ Օրինակ` ինտեգրալ, սահմանների հաշվում, կոմպլեքս թվեր եւ այլն։ Նույնիսկ ուղեցույցում նշված չեն գրականության ցանկը եւ բաժինները»։
Ուսուցիչները դժգոհ են, որ իրենց ոչ մի դիտարկում հաշվի չի առնվել․ «Ավելի բարդացվել են եւ անորոշ դարձել պահանջները, եթե հաշվի առնված լիներ, թղթային տարբերակներ էլ կլինեին, որը պահանջում էր ուսուցիչների 90%-ից ավելին։ Առարկաներ կան, որոնց պարագայում էլեկտրոնային տարբերակը բարդ է, օրինակ՝ հայոց լեզուն՝ գծապատկերները, 17, 18 առաջադրանքները։ Եթե հաշվի առնեիք, հարյուրավոր ուսուցիչներ դիմում-խնդրանքով դիմեցին՝ ատեստացիան կազմակերպել տարվա կտրվածքով մի քանի անգամ։ Եվ, ի վերջո, ամեն տարի, նախաշեմին գրականության ցանկի փոփոխությունն ավելի է դժվարացնում գործընթացը…. մի խոսքով, միահեծան կերպով անում եք այն, ինչ ուզում եք»։
Հատկանշական է, որ իրականացված փոփոխությունների ֆոնին շատ են այն մանկավարժները, ովքեր ուզում են, որ կամավոր ատեստավորումը դարձյալ թղթային տարբերակով իրականացվի․ «Ես ողջունել եւ ողջունում եմ կամավոր ատեստավորման գործընթացը, մասնակցել եմ առաջին իսկ տարին եւ ստացել բարձր միավոր, բայց այս տարի չեմ համարձակվում գնալ, քանի որ հայոց լեզվի պարագայում դժվար է գծապատկերները, 17, 18 առաջադրանքներն առանց թղթի վրա արտագրելու կատարել։ Այդ մասին տարբեր խմբերով գրել են, եւ ոչ մի աջակցություն չենք ստացել, գոնե նման պարագայում խնդրում եմ՝ այլընտրանքային տարբերակներ առաջարկեք կամ նման խնդիր ունեցող առարկաներինը ավելացրեք ժամաքանակը: Խնդրում եմ՝ լուծում տվեք, հազարավոր ուսուցիչներ պարբերաբար գրել են եւ խնդրել, որ լինեն նաեւ թղթային տարբերակներ, ընտրության հնարավորություն ունենան, բայց այդպես էլ ոչ մի դրական պատասխան։ Շատ ուսուցիչներ, ստվերում բամբասելով, ոչ էլ մասնակցում են, իսկ նրանք, ովքեր ինքնակրթվում են, փորձում են մասնակցել, դառնում են թիրախավորված. անգամ եթե ուսուցիչը դրականի շեմը չի հաղթահարում, նա առավել է այն ուսուցչից, որը երբեւէ համարձակություն չունի փորձելու, որովհետեւ քարաքոսի նման աճել չեն սիրում, սիրում են մնալ ստվերում եւ վատաբանել ամեն մի նորարարություն, չեն ձգտում ինքնակրթվելու.… Մեր խնդրանքը հետեւյալն է՝ թող լինեն թղթային տարբերակներ….»։
Խստացումն արվում է, որ ատեստավորված ուսուցիչների թիվը կտրուկ չաճի
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով եւս՝ բարդացվել են թեստերը․ «Այսինքն՝ եթե նախկինում այդ առաջադրանքը կատարելու համար ուսուցչին ավել բարձր միավոր էր տրվում, հիմա ավելի քիչ միավոր է տրվում»։
Ըստ նրա՝ թեստերի բարդացումն ինչ-որ առումով սպասելի քայլ էր, որովհետեւ հիմա բավականին շատացել է ատեստավորված ուսուցիչների թիվը։ «Պարզ է, որ այս ամենն ինչ-որ առումով նաեւ ֆինանսական խնդիր է։ Բացի այդ, ուսուցիչները հիմա սկսել են շատ ինտենսիվ պարապել այս ատեստավորման համար, եւ նախորդ տարի էլ նույն դասվարները կամ ինֆորմատիկայի ուսուցիչները բավականին բարձր արդյունքներ են ապահովել ատեստավորման ժամանակ, եւ բնական է, որ նախարարությունը հասկանում է՝ ատեստավորված ուսուցիչների թիվը հնարավոր է կտրուկ աճի, իսկ դա նշանակում է, որ ֆինանսական մեծ հոսքեր են պետք։ Այս պահին ունենք 6 հազար ատեստավորված ուսուցիչ, ու եթե այս տեմպերով գնա, հնարավոր է տարեկան 2-3 հազար հոգի ավելանա։ Կամ՝ այն ուսուցիչները, որոնք 60-70 տոկոսով էին հաղթահարել, հիմա կհաղթահարեն ավելի բարձր միավորով»,-ասում է Խաչատրյանն ու նկատում․ «Քանի որ կամավոր ատեստավորումը տարածվել է նաեւ արտադպրոցական հաստատությունների վրա, եւ նախարարությունն ընդլայնել է այս պրոցեսը՝ զուտ արդարությունից ելնելով, դրա համար ենթադրում եմ, որ խստացումն արվում է հիմնականում այն պատճառով, որ ատեստավորված ուսուցիչների թիվը շատ կտրուկ չաճի, եւ պետական բյուջեն էլ մեծ բեռի տակ չընկնի»։
Բացառված չէ, որ հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ գրականության ցանկը շատ ծավալուն է, եւ երբեմն ներառված են գրքեր, որոնք հանրակրթական ծրագրերի շրջանակից դուրս են։ «Այո, որովհետեւ ատեստավորումը նաեւ միլիարդների մասին է, ու ամեն տարի 1-2 մլրդ-ով այդ գումարն ավելանում է, եւ, հաշվի առնելով այն փաստը, որ զուգահեռ ընթանում են նաեւ դպրոցաշինական ծրագրերը, հասկանալի է, որ կրթության բյուջեի համար ծախսերը շատ են»։
Փորձագետն ասում է՝ այստեղ ամենակարեւորը համաչափության խնդիրն է, որպեսզի բոլոր առարկաները լինեն նույն բարդության․ «Նախորդ տարիների ամենամեծ խնդիրներից մեկը հենց սա էր, ինֆորմատիկայի ուսուցիչների 98 տոկոսը հաղթահարում էր ատեստացիան, ինչն աննորմալ արդյունք է եւ նշանակում է, որ շատ պարզ ես թեստերը կազմել։ Բայց կան նաեւ առարկաներ, որոնց դեպքում 55 տոկոսն է միայն հաղթահարում, դա էլ նշանակում է, որ այս մեկը շատ բարդ են կազմել։ Այստեղ շատ կարեւոր է, որ այդ համաչափությունն ապահովվի, եւ միջառարկայական անարդարություններ չլինեն»։
Ինչ վերաբերում է էլեկտրոնային ձեւաչափին, որից բողոքում են ուսուցիչները եւ ուզում են, որ դարձյալ թղթային տարբերակով իրականացվի, փորձագետը նկատում է․ «Ցավոք, մեր ուսուցիչների զգալի մասը համակարգիչներով չի աշխատում, հիմնականում օգտագործում են սմարթ հեռախոսներ եւ իրենց բոլոր գործերն անում են դրանով։ Դրա համար մեր ուսուցիչները շատ սովոր չեն համակարգչով աշխատելուն, ինչն իրենց մոտ դիսկոմֆորտ է առաջացնում հատկապես քննությունների ժամանակ»։
Նախարարն ակնկալում է, որ այս տարի կամավոր ատեստավորմանը 6 հազարից ավելի ուսուցիչ պետք է մասնակցի, կարդարանա՞ն այդ ակնկալիքները։ «Կարծում եմ՝ այո, որովհետեւ մասնակցող ուսուցիչների զգալի մասը նախորդ տարիներին մասնակցած ուսուցիչներն են, որոնք ամեն տարի ուզում են բարելավել իրենց արդյունքները։ Գիտեմ ուսուցիչների, որոնք զուտ հետաքրքրության համար են մասնակցում, քանի որ մաքսիմալն ունեն, նաեւ ռեպետիտոր են եւ ամեն տարի մասնակցում են, որպեսզի ֆորմայի մեջ մնան եւ մյուսների հետ լավ պարապեն։ Այսինքն՝ այդ 6 հազարից մի 3-4 հազարը նախորդ տարիներից կգա, որոնց նոր ուսուցիչներ էլ կմիանան, որովհետեւ ատեստավորման շեմն իջեցվել է, եւ մարդիկ ինտենսիվ պարապում են դրա համար»։
Բաց մի թողեք
Տեր Արամին պետք է ոչ թե հայհոյել, այլ լսել ու հենց իր խոսքերով պատասխանել իրեն
Ոստիկանությունից շուրջ 160 մլն դրամ յուրացնելու մեղադրանքը ավելի քան 5 տարի է քննվում է
Բուհերում ինչ որ կենտրոններ կբացվեն, որպեսզի ԳԱԱ լուծարումը սահուն ընթանա