17/10/2025

Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4-ամյա աղջիկ է կորել. 2 ժամ է՝ որոնում են երեխային

Հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նաև հատուկ դրոններով արդեն 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ, ովքեր ժամանել էին հանգստի գոտում իրենց հանգիստ անցկացնելու:

Երեխայի մայրը նշել է, որ իրենք Արմավիրի մարզի բնակիչներ են և ընդամենը 5 րոպե է իր աղջկանից աչքը քաշել ու այլևս չի տեսել։ Հանգստյան գոտում կա նաև արհեստական լճակ, որի ջուրը արդեն իջեցվել է, երեխան այդտեղ չի հայտնաբերվել։ Հանգստյան գոտուն հարակից կա դեռ սովետական տարիներից հայտնի Արտաշատի Ստալինյան ջրանցքը, որտեղով ջրի հոսքն այս պահին նույնպես փորձում են դադարեցնել, որպեսզի այդ հատվածում նույնպես որոնողական աշխատանքներ կատարեն։

Որոնողական աշխատանքներին ներգրավվելու համար ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարա ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուկյանի հանձնարարությամբ Երևանից ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ՝ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և ջրասուզակները։

Իրավապահները մեկնել են Զովաշեն գյուղ։ Երեխայի անհետանալու վայրից դեպի Զովաշենի նշված հանգստավայր հեռավորությունը 2 կմ է։

ՆԳՆ-ից հայտնել են, որ երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: