Հուլիսի 11-ին՝ ժամը 15:16-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում հրազենային վնասվածքով քաղաքացի կա։
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 15:00-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի 48-րդ թաղամասի 5-րդ այգետնակի մոտակայքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Ս.-ի և համաքաղաքացի 31-ամյա մի երիտասարդի միջև, որի ընթացքում էլ վերջինս հրազենային վիրավորում է հասցրել Հովհաննես Ս.-ին, ինչի հետևանքով նա մահացել է։
ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի, այդ թվում՝ սպանության հատկանիշներով, քրեական վարույթ է նախաձեռնվել:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները հուլիսի 12-ին Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդին Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն, ապա ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։
Նախաքննությունը շարունակվում է։

Բաց մի թողեք
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է