Ազատության հրապարակում հուլիսի 12-ին բռնատեղահանված արցախցիների հանրահավաքն աննախադեպ սակավամարդ էր, քաղաքական ներկայացուցչական առումով՝ անշուք: Հարթակում չկային Արցախի քաղաքական ուժերի առաջնորդներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, հանրային հեղինակություն ունեցող գործիչներ:
Մի շարք լրատվամիջոցների կազմակերպած ուղիղ հեռարձակումներից երևաց, որ Ազատության հրապարակում էին Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ, արտախորհրդարանական որոշ ուժերի առաջնորդներ, ինչպես նաև՝ հոգևորականներ:
Տպավորություն էր, թե հանրահավաքը կազմակերպվել է, որպեսզի Հայաստանի հանրությունն իմանա, թե «ովքեր են բռնատեղահանված արցախցու կողքին, և ովքեր են բռնանում նրա ազատ կամարտահայտության իրավունքի վրա»:
Որքանո՞վ է ստացվել այդ «ներկայացումը»՝ կարելի է դատել սոցիալական մեդիայի արձագանքներից: Ընդ որում, հարկ է միանշանակ ասել, որ Ստեփանակերտի քաղէլիտայի մոտ երկամյա անպատասխանատու վարքը բերել է մի հանգրվանի, երբ Հայաստանի միջին-վիճակագրական քաղաքացին բռնատեղահանված արցախցինների հավաքը գնահատում է իր անվտանգությանը և բարեկացությանը սպառնալիք:
Ինչո՞ւ է այդպես ստացվել՝ պատասխանատվության ահռելի բաժին առաջին հերթին կառավարությունն ունի, որովհետև առկա հիմնախնդիրներին մոտենում է, մեղմ ասած, ոչ համարժեք «լուծումներով»:
Հայաստանի իշխանությունները բռնատեղահանված հարյուր քսան հազար մարդու պաշտոնապես ճանաչել է իր հովանավորության ներքո, բայց գործնականում նրանց հորդորում է «աշխատել և սեփական հնարավորություններով կարգավորել խնդիրները»:
Սա պաշտոնական քաղաքականություն է, իսկ ի՞նչ է անում հայաստանյան ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական ընդդիմությունը: Անցած մոտ երկու տարիներին Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները միայն մեկ անգամ Արցախի հարցով հայտարարություն ընդունելու նախաձեռնություն են ցուցաբերել, որ, բնականաբար, իշխող քաղաքական ուժը չի ընդունել:
Պատճառը պարզ է, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման չափազանց բարդ բանակցություններ վարող կառավարությունը պարզապես չի կարող օրակարգ բերել Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ հարց:
Ընդդիմությունը, արտախորհրդարանական քաղաքական ուժերը կարո՞ղ էին ստեղծել բռնատեղահանված արցախցիներին աջակցության հիմնադրամ՝ ներգրավելով Հայ առաքելական եկեղեցու, հայկական Սփյուռքի հնարավորությունները:
Կարող էին, բայց նույնիսկ չեն նախաձեռնել: Խոսքն, իհարկե, հարյուս քսան հազար մարդու մասին չէ, այլ՝ ամենակարիքավորների, ամենատուժածների, նրանց, ովքեր վերջին պատերազմում, բենզապահեստի պայթյունի հետևանքով հարազատներ են կորցրել:
Ոչինչ չի արվել նաև խնդրին օրենսդրական կարգավորում տալու ուղղությամբ, չեն նախաձեռնվել անգամ խորհրդարանական լսումներ, չի ստեղծվել մի հարթակ, որտեղ կարող էին դեմ առ դեմ նստել կառավարության և Արցախի նախկին իշխանության ներկայացուցիչները:
Ընդդիմությունը, արտախորհրդարանական ընդդիմությունը, իսկ վերջին հանրահավաքում՝ նաև Եկեղեցին ընդամենը ներշնչում են, որ «Արցախի և արցախցու կողքին են»:
Բայց հարց է՝ իրե՞նք են օգնում բռնատեղահանված արցախցուն, թե՞ նրանից քաղաքական աջակցություն են ակնալում: Ի՞նչ իմաստ ունի բռնատեհանվածի հրապարակային ելույթը, եթե նա Հայաստանի իշխանություններին ներկայացնում է որպես «արցախատյաց» կամ իրեն համարում «քաղաքական հետապնդումների թիրախ»:
Հուլիսի 12-ի հանրահավաքից մոտ երկու ժամ հետո սոցիալական ցանցերում տարածվեց մի գրառում: Հեղինակը բռնատեղահանված կին է: Նա խորհուրդ է տալիս ֆեյսբուքը և մյուս հարթակները «մոնիտորինգի ենթարկել, առանձնացնել արցախցիների դեմ բոլոր գրառումները, սքրինշոթ անել և պահել»:
Ինչու՞: «Դա մեզ դեսպանատների հետ հարաբերություններում պետք է գալու, մենք պիտի կարողանանք ապացուցել, որ Հայաստանում ենթարկվել ենք խտրական վերաբերմունքի»,- պարզաբանել է արցախահայուհին:
Սա արդեն աղետ է: Իշխանություններին հեղինակազրկելու գնով հասնել արտերկրում կեցության կարգավիճակի: Կառավարությունը պետք է այս մարտահրավերը խորքով դիտարկի:
Արցախցիներն իրենց ակցիան շարունակել են Կառավարության շենքի դիմաց: ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը նրանց հետ զրույցում պայման է դրել նրանց առջև` կա՛մ հեռանում են շենքի դիմացից, կա՛մ 20 րոպեից նրանց բոլորին բերման են ենթարկելու։
Հիշեցնենք, որ երեկվանից արցախցիները նստացույց են իրականացնում Ազատության հրապարակում:
Բաց մի թողեք
Հայաստանը ամենազայրացկոտ երկրների ցանկում երրորդն է
Թուրքիան «հարյուր հինգ տարի հետո վերադառնում է Պաղեստին»
Փաշինյանը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել․ Լուսանկար