16/07/2025

Այսպիսի աբսուրդ իրավիճակ նույնիսկ դժվար է պատկերացնել. Վնասից բացի՝ օգուտ չկա

ՀԷՑ-ը խլելու նպատակով՝ Ազգային ժողովի ՔՊ-ական դակիչների միջոցով օրենքները հապճեպ փոխելուց հետո, կառավարությունն առաջիկայում կանգնելու է անհարմար դրության առաջ։

Որքան էլ ուզում են տպավորություն ստեղծել, թե այս ամենը շատ ավելի վաղուց էր նախաձեռնվել ու կապ չուներ գործարար Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարության հետ, իրականությունն այն է, որ իշխանությունները բացահայտ անպատրաստ են մտել նման ծանրության տակ։

Անգամ չգիտեն, թե այս չկշռադատված օպերացիան ինչ է նստելու պետության վրա։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը խոստովանում է, որ նման հաշվարկներ չեն էլ կատարվել, որ պատկերացում չունեն, թե որքան կնստի ՀԷՑ-ի «պետականացումը» պետության վրա։

«Քանի դեռ գույքի, պարտավորությունների գնահատում չի արվել, գուշակությունների դաշտում է, թե ի՞նչ արժեք կունենա»,- անկեղծանում է Դավիթ Խուդաթյանը։

Այն, ինչ ասում է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը, մեկ անգամ ևս փաստում է, որ այս ամենը հանպատրաստից կազմակերպված ներկայացում է։ Եթե գնահատումներ չէին արվել, ինչպե՞ս է իշխանությունն իրեն թույլ տվել մտնել նման գործընթացի մեջ։ Ոչ մի իրեն հարգող կառավարություն երբեք այդպիսի ռիսկի չէր գնա ու հարվածի տակ չէր դնի պետությանն ու պետական բյուջեն։ Առավել ևս, որ այդպիսի հրատապ անհրաժեշտություն էլ չկար։

Բայց Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների համար ի՞նչ մեծ բան է պետությունը հարվածի տակ դնելը։ Այսքան տարի միայն դա են անում. Հանուն իրենց քաղաքական ու անձնական շահերի՝ ամեն ինչի պատրաստ են։ Հազարավոր զոհերից, Արցախը հանձնելուց հետո, պետական բյուջեն ի՞նչ է, որ չզոհաբերեն իրենց քաղաքական ամբիցիաների համար։

Մինչ կառավարությունը դեռ պիտի գնահատի, թե բյուջեի վրա ինչ կարող է նստել ՀԷՑ-ը խլելու օպերացիան, կան տարբեր փորձագիտական գնահատականներ, որոնց համաձայն՝ ՀԷՑ-ի «պետականացման» գինը մի քանի հարյուրից մինչև 1 մլրդ դոլարի կարող է հասնել։ Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես ներկայացնում են, հարց է առաջանում, թե որտեղի՞ց են վճարելու այս գումարները՝ էլի ժողովրդի բերանի՞ց են կտրելու, թե՞ նոր պարտքեր են վերցնելու ու թողնեն սերունդների վրա։

Հստակ է, որ այս տարվա բյուջեում նման գումարներ նախատեսված չեն։ Ավելին՝ սպասվում է, որ տարվա երկրորդ կեսին բյուջեն կանգնելու է նույնիսկ նախատեսված եկամուտների ամբողջ ծավալով ստացման խնդիրների առաջ։ Իսկ դա նշանակում է, որ անգամ նախատեսված ծախսերի լիարժեք կատարումը կարող է հայտնվել հարցականի տակ, ուր մնաց, թե՝ բյուջեն հարյուրավոր-միլիոն դոլարների նոր պարտավորություններ վերցնի։

Եթե անգամ գործընթացը որոշեն տեղափոխել հաջորդ տարի, հաջորդ տարվա բյուջեով էլ հեշտ չի լինելու այդքան գումարներ ազատել՝ ՀԷՑ-ը գնելու համար։

Գուցե մտածում են նոր պարտքեր վերցնելու մասին։ Բայց պարտքերով ևս դա անելը հեշտ չէ։ Լավագույն դեպքում՝ կարող են պարտատոմսեր թողարկել ու հերթական թանկ պարտքը դնել բյուջեի վրա։ Առանց այդ էլ՝ այս տարիներին այնքան են ծանրացրել պարտքի բեռը, որ հասցրել են գրեթե 14 մլրդ դոլարի։ Այնքան են ավելացրել, որ տարեկան 1 մլրդ դոլարի տոկոսներ ենք արդեն վճարում՝ պարտքը սպասարկելու համար։ Այս պայմաններում արկածախնդրություն է ևս մի քանի հարյուր միլիոնի նոր պարտք վերցնել, ինչ է թե՝ Նիկոլ Փաշինյանի սիրտը ՀԷՑ-ն է ուզում։

Իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչ փաստի առաջ են կանգնեցրել պետությանը։ Ինչպես միշտ՝ անում են, հետո նոր մտածում հետևանքների մասին։ Ու դա դեռ սկիզբն է լինելու։ Խնդիրները հետո են ի հայտ գալու, երբ ուրիշի սեփականությունը խլելու գինը վճարելուց բացի՝ գա նաև ներդրումների իրականացման պարտավորությունների կատարումը։

ՀԷՑ-ը տարեկան առնվազն 100 մլն դոլարի ներդրումների կարիք ունի։ Այդ կարիքը բավարարելու համար կրկին պիտի վարկեր վերցնեն ու փոխհատուցեն՝ հոսանքի սակագինը բարձրացնելով կամ բեռը բյուջեի վրա դնելով։

Անկախ ամեն ինչից՝ տուժողը էլի լինելու է ժողովուրդը։ Եթե բեռը մնա բյուջեի վրա, միևնույն է՝ իրենք իրենց բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները կանոնավոր ստանալու են։ Ժողովուրդն է զրկվելու մի քանի հազար դրամով սոցիալական վճարի, աշխատավարձի կամ թոշակի հավելում ստանալու հնարավորությունից։ Չնայած մինչև հիմա էլ իրենց չեն կոտորել՝ սոցիալական վճարները, թոշակներն ու հասարակ քաղաքացիների աշխատավարձերը բարձրացնելով։

ՀԷՑ-ը խլելու գործընթացը գնացել է և, եթե խելքի չգան, առաջիկայում այն շատ ավելի մեծ գլխացավանք է լինելու իշխանությունների համար։ Հաջորդ քայլը դառնալու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղղված՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդումը, ինչի հիման վրա ՀԾԿՀ-ն պիտի վարչական վարույթ հարուցի ու կառավարիչ նշանակի ՀԷՑ-ում։

ՀԷՑ-ի ղեկավարման բոլոր ֆունկցիաներն անցնելու են անհատ կառավարչին։ Նա միանձնյա որոշումներ է ընդունելու ընկերության տնօրինման ու կառավարման վերաբերյալ, բայց ձախողման պատասխանատվությունը կրելու են սեփականատերերը՝ իրենց գույքով։

Այսպիսի աբսուրդ իրավիճակ նույնիսկ դժվար է պատկերացնել։ Ո՞վ պիտի պատասխան տա, առավել ևս՝ փոխհատուցի այն ֆինանսական կորուստները, որոնք, մինչև ՀԷՑ-ը խլելու օպերացիան ավարտին հասցնելը, կարող են առաջանալ կառավարչի չկշռադատված որոշումների հետևանքով։ Ցանկացած նման որոշում դառնալու է վիճարկման առարկա, այդ թվում՝ գուցե ինչպես ներսում, այնպես էլ՝ դրսում։

Իշխանությունները չեն էլ պատկերացնում, թե ինչ փորձանքի մեջ են ներքաշել պետությանը։ Կարծում են՝ հեշտ ու հանգիստ տիրանալու են ուրիշի սեփականությանը, ժողովուրդն էլ ծափ է տալու, թե՝ «իրենից խլածը վերադարձրել են իրեն»։

Բոլորն էլ վաղուց հասկացել են, որ այդ ամենն իշխանությունների խաղն է՝ քաղաքացիներին նախկինացավով կերակրելու համար։ Այսքան ժամանակ վերադարձրած գուքերից ու սեփականություններից ժողովուրդն ի՞նչ է ստացել, որ այսուհետ ինչ ստանա։ Ստացողն էլ, շահողն էլ իրենք են լինում։ Սրանից-նրանից խլում են՝ բաժանում իրար միջև՝ անունը դնում են, թե ժողովրդին են վերադարձնում։ Քանի՞ դրամ է մինչև հիմա վերադարձրածից ստացել ժողովուրդը։ Միլիոնների ու միլիարդների վերադարձից են խոսում, հազար դրամով թոշակ չեն բարձրացրել։