Շարքային գյուղացին, որը 2018-ին ճամփա էր փակել՝ Փաշինյանին իշխանության բերելու համար, շիվարել է․ նրա կյանքի որակը ոչ միայն չի լավացել, այլեւ հակառակը՝ վատացել է ու դեռ էլի է վատանալու։ Վատացել են նաեւ տարբեր տնտեսվարողների, արտահանմամբ փող աշխատողների գործերը:
Հրապարակ թերթը գրել է․ Արդեն 16 օր է՝ ծաղկավաճառները չեն կարողանում ծաղիկ արտահանել։ Սկզբում իշխանությունները «Գյուլնազ տատի հեքիաթն» են պատմել՝ թաքցնելով արգելքի իրական պատճառները։ Իրական պատճառը, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանի, հայ-ռուսական հարաբերությունների՝ օր-օրի վատացումն է։
«Իրական պատճառը մեկն է՝ օրվա իշխանությունները, սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքից դրդված, մտել են աշխարհաքաղաքական բարդ խաղերի մեջ եւ, ինչպես ժողովուրդն է ասում, «ծանրաձողը գցել ոտքին», որի հետեւանքները կրում են եւ կրելու են ՀՀ քաղաքացիները»,- գրել է նա։
Էջմիածին քաղաքի Զվարթնոց գյուղի ծաղկագործները` հուսալքված, վերջին օրերին բողոքի ակցիա էին անում՝ հայտարարելով, որ չեն կարողանում ծաղիկ արտահանել Ռուսաստան, իսկ այն շուտ փչացող ապրանք է։ ՍԱՏՄ-ում ծաղիկ արտահանողները երեկ հանդիպում են ունեցել տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ՝ խնդրի լուծման ճանապարհը հասկանալու նպատակով։ Մեծ սպասելիքներով են գնացել, սակայն հանդիպման արդյունքներից գոհ չեն եղել։
«Ես մի բան հասկացա․ եղունգ ունես՝ գլուխդ քորի»,- հանդիպումից հետո ասաց Արտակը։ Նրա նման շատ ջերմոցատերեր կանգնել են փաստի առաջ՝ ծաղիկները ծաղկել են, սակայն այլեւս արտահանման պիտանի չեն, ոչ էլ կարող են վաճառել ներքին շուկայում։ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ Ռոսսելխոզնադզորը, Հայաստանին զգուշացրել է, որ հունիսի 16-ից կարող է Հայաստանից ներկրվող ծաղիկների մուտքը ժամանակավորապես արգելվել, քանի որ Հայաստանից «վարակված ծաղիկներ» են Ռուսաստան մտել:
ՍԱՏՄ ղեկավար Պետրոսյանը նույն բանն ասել է ծաղիկի ջերմոցատերերին ու լրագրողներին: Նաեւ հավելել է, որ ռուսական կողմն իրենց հայտնել է՝ Ռուսաստանում բացված անհայտ ծագման ընկերություն կա, որին Հայաստանից ծաղիկներ են փոխանցվում, ու ռուսական կողմը դրա հետագիծը կորցնում է` ծաղիկների վաճառքից գոյացած հարկային պարտավորությունները չկատարելով:
Ծաղկավաճառները հայտարարում են՝ ծաղիկների արտահանման արգելքը ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական հիմք ունի։ Լրագրողների հետ զրույցում նրանք ընդգծեցին, որ թեեւ իրենց հարցերին պատասխաններ տրվել են, սակայն դրանք իրենց չեն բավարարել։ Արտակն ասաց, որ պարզաբանում չեն ստացել, թե կոնկրետ որ արտադրողի ծաղիկներն են համարվել չափանիշներին չհամապատասխանող։ Նրա խոսքով՝ մեկ բեռնատարում լինում են տարբեր արտադրողների ծաղիկներ, եւ ընդհանուր արգելքն անարդար է։ Ըստ նրա՝ եթե մեկ անձի արտադրանքը խնդիր ունի, ապա այդ պատճառով մյուսների բեռներն էլ չեն ընդունվում։
«ՍԱՏՄ-ն պետք է առանձին-առանձին ստուգի յուրաքանչյուր արտադրողի ծաղիկները, սակայն ֆիզիկապես դա անելն իրատեսական չէ։ Իմ ծաղիկը ստուգվել է Հայաստանում, ամեն ինչ կարգին է, բայց ՌԴ-ն մերժում է ընդունել այն։ Այստեղ ասում են՝ խնդիր չկա, բայց այնտեղ ասում են՝ խնդիր կա։ Այս պարագայում ո՞նց ենք համոզելու, որ մեր ծաղիկն ընդունելի է։ Եթե ես 15 տարի ծաղիկ եմ ուղարկել, եղել է եւ տրիպսով ինչ-որ չափաքանակ էլ այրել են, դա իմ խնդիրն է, իմ պատճառով ինչո՞ւ է մյուս ջերմոցատերը տուժում։ Եթե համատարած չեն թողնում, ուրեմն դա քաղաքական է»,- ասաց Արտակը։ ՍԱՏՄ ղեկավարի հետ հանդիպումից հետո Արտակը հասկացել է, որ ծաղկավաճառները միայնակ են իրենց խնդրի հետ` պետությունը մատը մատին չի տալու։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին գյուղմթերքի արտահանումը եւս դժվարացել է, ծիրանի սեզոնին ծիրանը չեն կարողանում արտահանել, խաղողի սեզոնին՝ խաղողը։ Շարունակ կոնյակի ու գինու արտահանման խնդիրներ կան: Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը շեշտում է՝ գյուղատնտեսությունն ազատ անկման մեջ է նաեւ այն պատճառով, որ վտանգված է գյուղմթերքի արտահանումը։ «Արտահանման խնդիրների պատճառով այս տարվա հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը եւս կրճատվել է 14,1 տոկոսով։ Իսկ ՀՀ բնակչության շուրջ 40 տոկոսը կազմող սոցիալապես խոցելի խմբերի անձանց կյանքը, որոնց հիմնական մասը գյուղաբնակներ են, այս իշխանության կառավարման անցած յոթ տարիներին շարունակաբար վատանում է»,- նշել է պատգամավորը։
Բաց մի թողեք
Մուշեղ Շուշանյանի համար կրկին ազատազրկում են պահանջում․ Լուսանկար
Գլխիվայր շրջված տրամաբանություն
Ում է նոր ուժում տեսնում Սամվել Կարապետյանը