16/07/2025

Հայ – թուրքական կարգավորումը վտանգներ ունի, թե՝ կարող է վտանգվել

Turkiye պարբերականը հայտնում է, որ հուլիսի լույս 14-ի գիշերը Սիրիայի հարավում՝ Հորդանանին սահմանակից Սուեդիա նահանգում, ծայր առած միջէթնիկական բախումները շարունակվել են նաև օրվա ընթացքում:

Թուրքական լրատվամիջոցի ներկայացմամբ, լարվածության, ապա և փոխադարձ հարձակումների պատճառ է հանդիսացել «դրուզների կողմից բեդվիններին պատկանող մի քանի տրանսպորտային միջոցների առևանգումը»:

Զինված բախումների ընթացքում զոհվել է քսանյոթ դրուզ և տասը բեդվին, ավելի քան հիսուն մարդ երկու կողմից վիրավորվել է:

Տեղեկություններ կան պատանդառության և նրանց նկատմամբ փոխադարձ բռնությունների մասին: Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ դրուզները «հարձակվել են սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկի վրա և սպանել վեց զինվորականը, եւս տասնմեկը վիրավորում է ստացել»:

Սիրիայի հարավում սկսված միջէթնիկական բախումների կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի պաշտպանության նախարար Կացը և ասել, որ դրանք Դամասկոսի «իշխող վարկազմին վերջին նախազգուշացումն են»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը սոցիալական X հարթակում դատապարտել է միջէթնիկական բախումները և հայտարարել, որ բոլոր ներգրավված կողմերի համար պետք է «գերակա լինի Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը»:

Turkiye պարբերականը, մեջբերելով Իսրայելի պաշտպանության նախարարի կողմից Դամասկոսի իշխանությունների հասցեին արված կոշտ հայտարարությունը, որ միջէթնիկական բախումները «վերջին նախազգուշացումն են», միանշանակ տեսակետ է հայտնել, որ Սիրիայում «քաղաքացիական պատերազմի հրահրումը սիոնիստների ծրագիրն է»:

Ավելի վաղ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Երուսաղեմի և Անկարայի միջև գաղտնի բանակցություններ են ընթանում: Որոշ տեղեկություններով՝ դրանք «կազմակերպվել են Բաքվում՝ Ադրբեջանի միջնորդությամբ» և ոչ թե քաղաքական են, այլ բացառապես շոշափում են անվտանգային խնդիրներ՝ «Սիրիայի տարածքում ուղղակի բախման սպառնալիքից խուսափելու համար»:

Երևում է, այդ քննարկումներն ընդհատվել են, որովհետև կողմերի մոտեցումներում փոփոխություն չի արձանագրվել. Թուրքիան մտադիր է Սիրիայում ռազմահենակայաններ ստեղծել, իսկ Իսրայելն այդ դեպքում հրաժարվում է հեռանալ Դամասկոսից հարավ տարածքներից և բուֆերային գոտուց, ինչպես նաև պահանջում իր օդուժի համար թռիչքային ազատ գոտիներ:

Սուեդիայում իրավիճակի սրացումը, կարելի է ասել, Սիրիայում իսրայելա-թուրքական մրցակցության հերթական դրսևորումն է: Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ եթե Դամասկոսը դրուզների անվտանգությունը և իրավունքների հարգումը չապահովի, ապա հրեական պետությունը «մի կողմ չի կանգնի»:

Կարևոր է արձանագրել, որ Սիրիայի հարավում իրավիճակի սրացումը, իրադարձությունների վերաբերյալ Իսրայելի պաշտպանության նախարարի խիստ զգուշացումները հաջորդում են Բաքու Սիրիայի անցումային կառավարության ղեկավար ալ-Շարաայի այցին, որի ընթացքում նա «իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում է ունեցել»:

Կարելի է ենթադրել, որ կամ նման բանակցություններ Ալիևի միջնորդությամբ Բաքվում չեն կազմակերպվել, կամ դրանք ավարտվել են անարդյունք: Սիրիայում Ադրբեջանի ներգրավվածությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի հստակ հանձնարարականն է:

Բայց, կարծես, Ալիևը նրա հույսերը չի արդարացրել: Իսրայելը սեփական անվտանգության հարցերում չափազանց անզիջում է, բայց Թուրքիան էլ իր հերթին Սիրիայից նահանջի տեղ չունի:

Եթե Սիրիայում լարվածությունը խորանա, ապա դա կարող է վտանգել կամ առնվազն առկախել Մերձավոր Արևելքում «պատմական հաշտության»՝ ԱՄՆ նախագահ Թրամփի ծրագրի իրագործումը, որ կարող է ազդել նաև հայ-թուրքական կարգավորմանը: