27/07/2025

Արցախցիներին զրկում են վերջին հույսից

Հուլիսի 12-ի հանրահավաքից եւ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի աշխատակազմի հետ հանդիպումից հետո հայտարարվեց, որ փողոցային պայքարի այս փուլն ավարտվել է, հանդիպումն արդյունք չի տվել․ կառավարությունը հրաժարվել է երկարացնել 40 հազար դրամի չափով արցախցիներին տրվող աջակցությունը եւ վերանայել բնակարանային ծրագիրը։ Կառավարությունից միակ խոստումը եղել է այն, որ կքննարկվի փոքր ընտանիքների հարցը, որոնց կարող է տրվել երկարաժամկետ վարձակալության հնարավորություն, բայց ոչ սոցիալական բնակարան։

Հրապարակ թերթը գրել է․ Կառավարության ներկայացուցիչներն ասել են, որ իրենք ամեն հնարավորն արել են արցախցիների համար: Նրանց հակադարձել են, որ բնակարանային ծրագիրը թերի է, քչերն են սերտիֆիկատ, առավել եւս տուն ձեռք բերել, ոմանք, բառի բուն իմաստով, այս պահին անօթեւան են, սոցիալական աջակցությունը դադարելուց հետո բնակվարձեր չեն կարողանում վճարել եւ գիշերում են փողոցում, սակայն կառավարության պաշտոնյաներն անհիմն են համարել այդ պնդումները՝ ասելով, որ արցախցիների զգալի հատվածը գնահատում է իրենց ջանքերը, բաց տեքստով ասել են, որ ձեր կազմակերպած սակավամարդ հանրահավաքն էլ դրա վառ վկայությունն է։ Խորհրդի անդամները նաեւ հայտարարեցին, որ լքում են Երեւանում գտնվող Արցախի ներկայացուցչությունը, եւ որ խորհրդի կազմը կվերանայվի։

Նաեւ հայտնեցին, որ չեն զգում հանրային աջակցություն իրենց գործունեության նկատմամբ, որ պատգամավորները, որոնք իրենք պետք է զբաղվեին այս բոլոր հարցերով, նույնիսկ չեն մասնակցել ակցիաներին (թեպետ որոշները մասնակցում էին)։ Խորհրդի անդամները համարեցին, որ ներկայիս ձեւաչափով պայքարն անիմաստ է։

Այս ամենը հիասթափության նոր ալիք է առաջացրել արցախցիների շրջանում։ Խորհուրդը նաեւ «կիսվել» է․ ոմանց կարծիքով՝ սխալ էր հանդիպումը կառավարության ներկայացուցիչների հետ, ի սկզբանե հայտնի էր, որ ոչ մի բան չի փոխվելու, բացի այն, որ տպավորություն է ստեղծվելու, թե արցախցիներն էլ իշխանության խաղի կանոններով են առաջ շարժվում, պետք էր գնալ ռադիկալ գործողությունների։ Այս թեւը հիմա անիմաստ է համարում նաեւ պայքարը շարունակելը, մյուսներն առարկում են, որ պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն եւ փորձել օգուտ քաղել, եթե չի ստացվել, չի նշանակում, որ պետք է ձեռքերը լվանալ եւ գնալ տուն, անկախ ամեն ինչից՝ պետք է հանգիստ չտալ իշխանություններին։ Մեզ պատմեցին, որ արցախցի հանրությունը մեծամասամբ հիասթափված է, ամեն բան վերջացած են համարում եւ պայքարի իմաստ չեն տեսնում, շատերը մտածում են հեռանալ Հայաստանից, ինչը, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի եւ նրա խմբակի երազանքն է՝ Արցախի էջը փակելուց հետո ազատվել «արցախցիներ» կոչվող գլխացավանքից, այդպիսով բավարարել նաեւ Ալիեւի պահանջը։ Ի դեպ, որոշ արցախցիներ իրենց հասցեին ատելության խոսքը, սպառնալիքները սքրին են անում՝ պահում, որ եթե դիմեն՝ այլ երկրներում ապաստան ստանալու, դրանք ներկայացնեն որպես հետապնդումներ եւ հալածանք։

ԻՆՉՈՒ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՊԱՅՔԱՐԸ․ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔ

Բանն այն է, որ արցախցիներն ակնկալել են, որ անցած շաբաթ օրը բավականին մարդաշատ հանրահավաք կինի՝ հաշվի առնելով ներհայաստանյան անկայուն իրավիճակն ու հատկապես այն, որ Եկեղեցու դեմ պատերազմից, հանիրավի ձերբակալություններից հետո իշխանությունների նկատմամբ դժգոհությունը բազմապատկվել է։

Հիմա, երբ ամեն ինչ վերջացած է, ակտիվ քննարկում են, փորձում են հասկանալ՝ ինչու չարդարացան իրենց սպասելիքները, եւ չկարողացան իշխանություններին գոնե կես քայլ զիջումներ պարտադրել։ Սակայն նախ քարոզչական մակարդակում պատշաճ աշխատանքներ չեն իրականացրել, բավարարվել են ֆեյսբուքյան էջում հանրահավաքի մասին իրազեկման հայտարարություն տեղադրելով։ Մեզ ասացին, որ գլխավոր պատճառը եղել է կազմակերպչական սխալ աշխատանքը,  բացի այդ՝ իշխանությունն է իր սեւ գործն արել։ Հանրահավաքից մեկ շաբաթ առաջ խորհրդի անդամների նկատմամբ իրավապահները որս են սկսել, ակտիվին՝ մոտ մեկ տասնյակ մարդու, կանչել են ոստիկանություն, այսպես կոչված՝ «զրույցների», եւ ուղիղ զրուցել են առաջիկայում ծրագրված հանրահավաքից, անելիքներից, ասել են, որ չեն հանդուրժելու շարունակական պայքար, ռադիկալ գործողություններ, պետական պահպանության օբյեկտներին մոտ գնալ եւ այլն։ Արցախցիները հիշեցրել են, որ օրենքով թույլատրել են իրենց՝ հանրահավաք, երթ անցկացրել, սակայն իրավապահները չեն նահանջել՝ հասկացնելով, որ մի կտրուկ քայլ, եւ բոլորիդ կտանենք-կլցնենք բանտերը՝ կպցնելով սրբազանի հեղաշրջման գործին։ Բավականին պասիվ պահվածք են դրսեւորել նաեւ Արցախի քաղաքական գործիչները, կարելի է ասել, մատը մատին չեն խփել, ինչպես նաեւ՝ աջակցություն չեն ստացել Հայաստանի ընդդիմադիր ուժերից։ Խորհուրդը ցանկացել է հանդիպում-կոնսուլտացիաներ անցկացնել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, սպասվող հանրահավաքին ընդառաջ ցույց տալ, որ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի լայն կոնսոլիդացիա է ձեւավորվում։ Սակայն հանդիպումը կայացել է միայն ՀՀԿ-ականների եւ Դեմկուսի ներկայացուցիչների հետ։ Դրանք այն օրերն էին, երբ ձերբակալում էին ՀՅԴ-ական երիտասարդներին, եւ զբաղվածության պատճառով ՀՅԴ-ն ու «Հայաստան» խմբակցությունը հայտնել էին, որ խառն են՝ չեն կարող ընդունել խորհրդի անդամներին։

Ինչեւէ, փաստն այն է, որ քչերին է արդեն հուզում արցախցիների հարցը, դրա համար էլ իշխանականները պարզ ասում են՝ կառավարությունը որեւէ պարտավորություն չունի արցախցիների նկատմամբ, մարդկանց զրկում է վերջին հույսից։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը որոշել է արցախցիներից խլել նաեւ Արցախի ներկայացուցչության շենքը, որ որեւէ տեղ հավաքվելու հնարավորություն էլ չունենան։