Իջեւանը՝ որպես երկրի ղեկավարի ծննդավայր, պետք է օրինակելի քաղաք լիներ, նաեւ ու հատկապես՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը՝ պաշտոնեական էթիկան պահպանելու առումով:
Իրականում, ճիշտ հակառակն է տեղի ունենում: Իջեւանում լայնորեն տարածված է ծանոթ-բարեկամով աշխատելու սկզբունքը, կարելի է ասել՝ այն նորմ է դարձել:
«Հրապարակը» պարբերաբար ահազանգեր է ստանում Իջեւանում բնակվող եւ աշխատող հանրային ծառայողներից, որոնք դժգոհում են այստեղ տեր ու տնօրինություն անող Նիկոլի մանկության ընկերներից, քավորական ընտանիքից` Ղալումյան եղբայրներից: Մեկը մարզպետն է` Հայկ Ղալումյանը, որն այնքան հեղինակություն չուներ, որ խոշորացված համայնքի ղեկավար չկարողացավ ընտրվել եւ մարզպետի նշանակովի պաշտոնը զբաղեցրեց:
Մյուսն Ազգային ժողովի պատգամավոր Վահե Ղալումյանն է: «Վահե Ղալումյանի կինը վերջերս ընդունվել է աշխատանքի Իջեւանի պատկերասրահում, թե ինչպես է Երեւանում ապրելով աշխատելու Իջեւանում, անհասկանալի է։ Վ. Ղալումյանի՝ Տավուշի մարզպետ եղած ժամանակ էլ տղան էր Իջեւանի կոմունալում բանվոր ձեւակերպված, առանց աշխատելու վարձատրվում էր»,- նշում է մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Ղալումյանի կինը՝ Աննա Եգանյանը, նախկինում Իջեւան քաղաքի թիվ 5 մանկապարտեզի փոխտնօրենն էր: Ճի՞շտ է, որ հիմա պատկերասրահում է աշխատում, բայց ապրում է Երեւանում: ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը հերքում է՝ կինն ապրում է Իջեւանում, ամեն օր գործի է գնում: «Իմ կինն Իջեւանում ապրում է, Իջեւանում աշխատում է: Նա ամեն օր գնում է գործի, հենց էսօր էլ ես եմ նրան տարել աշխատանքի, երեկ էլ եմ ես տարել, ես հիմա արձակուրդի մեջ եմ: Իսկ իմ տղան, այո, շուտ աշխատել է կոմունալում, շատ վաղուց՝ 2015-2016 թվականներին, որքան հիշում եմ»:
Նկատե՞լ եք, որ Իջեւանում մարդկանց ծանոթ-բարեկամ սկզբունքով գործի ընդունեն, դա առհասարակ ինչքա՞ն է տարածված ձեր քաղաքում՝ հարցնում ենք պատգամավորին։ «Ընդհանրապես կարող ես նման բան նկատել, բայց նշանակման հիմքում դա չի: Եթե ընկերոջդ եղբայրը կամ երեխան գործի է ընդունվում, դա չի նշանակում, որ ընկերության հիմքով են գործի ընդունել:
Իջեւանը փոքր քաղաք է, բոլորն էլ իրար ընկեր են, բարեկամ են, ծանոթ են, հիմա ի՞նչ անեն` էդ մարդիկ չաշխատե՞ն ոչ մի տեղ»: ՀՀ բոլոր իշխանությունների օրոք տարբեր կալիբրի գործիչներից՝ պաշտոնյաներից, պատգամավորներից, նման բացատրություն տարիներ շարունակ լսել ենք, այդպես էին ժամանակին արդարանում նաեւ ՀՀԿ-ականները: Հասարակ քաղաքացու տեսանկյունից դա անարդարություն է, հովանավորչություն: Մանավանդ՝ հաճախ պարզվում է, որ հենց այդ ծանոթ-բարեկամներն աչքի չեն ընկնում պրոֆեսիոնալիզմով կամ բարեխղճությամբ:
«Պատկերասրահում, այսպես ասած, աշխատում են վերնախավի կանայք եւ հարազատները: Իրականում նրանք կոֆե խմողներ են,- գրում է մեզ Իջեւանի մի բնակիչ,- համայնքի ղեկավարի կինը՝ Ալմարա Խուդավերդյանը, Լյուդմիլա Բեկնազարյանը, որը հակակոռուպցիոն վճռաբեկ դատարանի դատավոր Լիպարիտ Մելիքջանյանի մայրն է, 15 տարի է՝ աշխատում է պատկերասրահում, սակայն լիարժեք գործի չի գալիս, քանի որ Երեւանում տղայի տանն է ապրում, շաբաթվա մեջ մի քանի օր է գալիս աշխատանքի։ Պատկերասրահում 20-ին մոտ մարդ կա գրանցված` սուրճ խնողներ են»։ Ու քաղաքացին հարց է տալիս՝ ինչո՞ւ եւ ինչքա՞ն երկար է փոշիանալու համայնքի բյուջեն:
Իջեւանի «Վերնատուն» պատկերասրահի տնօրեն Հայկ Ասիլյանը չի ժխտում, որ իր մոտ պաշտոնյաների կանայք ու մայրերն են աշխատում, բայց նրանք իր օրոք չեն ընդունվել աշխատանքի: «Իրենք շուտվանից են աշխատում, մի 15 տարի կլինի: Էն ժամանակ Ալմարա Խուդավերդյանի ամուսինը համայնքապետ էլ չէր, Իջեւանի կադաստրում էր աշխատում: Իսկ Լիպարիտ Մելիքջանյանի մայրը, այո, աշխատում է, բայց ճիշտ չեն ասում, որ գործի չեն գալիս: Միշտ էլ գործի է գալիս»,- ասում է Հայկ Ասիլյանը:
Սուրճ խմելու համար էլ բացատրություն ունի՝ բանն այն է, որ պատկերասրահ հաճախողները քիչ են, աշխատանքը թեթեւ է, ծանրաբեռնվածություն չկա, եւ մոտ 20 աշխատողները, որոնք հիմնականում կանայք են, ստիպված սուրճ են խմում: «Ինչ ճիշտն է` ճիշտ: Կարող է դրա համար էլ կոֆե են խմում»,- ասաց Հայկ Ասիլյանը: Մնում է պարզել՝ եթե գործ չկա, եւ ավելորդ մարդիկ կան, ինչո՞ւ չեն կրճատվում այդ սուրճ խմողների հաստիքները:
Բաց մի թողեք
Ողբերգական դեպք․ Երեխա է ջրահեղձ եղել Ազատի ջրամբարում․ Լուսանկար
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան