27/07/2025

Փաշինյանի հեքիաթները․ Իսկ ինչքա՜ն մեծ իմաստ կա «Մի կաթիլ մեղրի» մեջ․ Լուսանկար

Շատ ուսանելի հեքիաթներ կան ե՛ւ հայկական, ե՛ւ այլ ժողովուրդների բանահյուսության մեջ, որն արժեր ոչ միայն կարդալ, այլեւ ականջին օղ անել: Ինչքա՜ն իմաստ ու խորհուրդ կա, դիցուք, Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթում:

Հրապարակ թերթը գրել է․ Օրինակ, Նիկոլ Փաշինյանի պահվածքն Ադրբեջանի հանդեպ, Հայ առաքելական եկեղեցու պահվածքը Փաշինյանի հանդեպ, անչափ նման է հիմար կկվի պահվածքին, որը ձագերին հերթով տալիս է աղվեսին` հույս ունենալով, որ նրա ախորժակը կփակվի:

Իսկ ինչքա՜ն մեծ իմաստ կա «Մի կաթիլ մեղրի» մեջ, երբ մի չնչին առիթից մի ամբողջ փոթորիկ է բարձրանում, եւ ինչքան մարդիկ են միմյանց հետ թշնամանում:

Սա առավելապես մեր ընդդիմությանն է սազում, որն ամեն չնչին առիթով սրերն առնում է` հարձակվում մյուս ընդդիմադիր ճամբարի վրա: Իսկ ի՜նչ հանճարեղ պատմություն է «Կիկոսի մահը», երբ երեւակայական աղետին ընդառաջ, լացուկոծ ենք անում, մեզ պատեպատ տալիս, քելեխի համար մորթում մեր միակ եզը, նոր հանգստանում:

Իսկ «Անխելք մարդն» իսկեւիսկ հայերի համար է հորինված, երբ Աստծու բացած դռները չենք նկատում եւ երջանկություն ենք փնտրում, երբ այն մեր քթի տակ է, մեր կողքին: Կամ` «Անբան Հուռին»․ սա արդեն մեր իշխանությունների մասին է, որն այդպես էլ 7 տարում աշխատել չսովորեց, բայց ինչ-որ հնարամտությամբ մնում է իշխանության գլխին եւ անգամ վերարտադրվում` մարդկանց աչքին թոզ փչելով ու մոլորեցնելով:

«Անբան Հուռիի» քույր հեքիաթը «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»-ն է` զվարճությունների մեջ օրն անցկացնող պորտաբույծների մասին, որոնք ապրում են ուտել-խմելու համար:

Բայց մեր ժողովրդին ամենաբնորոշ հեքիաթը, ըստ իս, «Ձախորդ Փանոսն» է, որը Թումանյանը հատուկ գրել է հայ ժողովրդի մասին: Ժողովուրդ, որը փորձանքներից աչք չի բացում եւ վատ ավարտ է ունենում:

Կարդանք հեքիաթներ