Ադրբեջանական «Haqqin.az» ռուսալեզու կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ մի աղջիկ ասում է, թե իբր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բռնաբարել են իրեն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերին մասնակցելու համար։
Այդ տեսանյութը ուղեկցող երկար տեքստը հրապարակվել է ոչ միայն ադրբեջանական այս կայքում, այլ նաև տարածվել է նույն կայքի տելեգրամյան ալիքով, ինչպես նաև «Цицак/Ծիծակ», «Արցախ 44 և» ռուսալեզու հայկական տելեգրամյան ալիքներով։

Տեսանյութում մի աղջիկ, որը ներկայանում է Արփինե անունով, ասում է, որ «հուլիսի 13-ին Երևանում մասնակցել է հանրահավաքի, որից հետո բերման է ենթարկվել ու տեղափոխվել է Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ բաժանմունք։ Այստեղ ըստ նրա, իրեն բռնության են ենթարկել, կոտրել մատները, այնուհետև՝ բռնաբարել»։
Նախ, հուլիսի 13-ին Երևանի կենտրոնում հանրահավաք տեղի չի ունեցել։ Հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը, ինչպես նաև այդ ընթացքում հասարակական կարգը պահպանում են ՀՀ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները, և ԱԱԾ ծառայողների կողմից հանրահավաքի մասնակցին բերման ենթարկելու փաստ չի արձանագրվել։
Աղջկա արտասանած բառերը թեպետ հայերեն են, սակայն խոսքը մեխանիկական հայերեն է, բառերը կարդում է հատ–հատ և պարզ երևում է, որ դրանցից ոչ մեկը իր սեփականը չեն։ Եթե հավատանք բռնության մասին նրա պնդմանը, ապա դեմքից դատելով ցավի զգացում չունի, նրա դեմքին չկան էմոցիաներ, նույնիսկ, երբ խոսում է բռնաբարության մասին։ Բացի այդ, տեսանյութում աղջկա շուրթերի շարժումը և խոսքը սինխրոն չեն, շուրթերին բառերը կիսատ են։ Այդ ամենը հուշում են, որ տեսանյութը ամենայն հավանականությամբ արհեստական բանականության (AI) միջոցով ստեղծված տեսանյութ է։
Այս տեղեկությունը առաջինը հրապարակվել է ադրբեջանական կայքում։ Այն մի քանի ժամ անց տարածել են հայկական վերոնշյալ երկու տելեգրամյան ալիքները։ Առաջինը հրապարակվել է «Արցախ 44 և» տելեգրամյան ալիքում։

Վերջինը ունի 1900 բաժանորդ, ռուսալեզու է, ստեղծվել է Հայաստանում։ ՀՀ ԱԱԾ ծառայողների նկատմամբ անհայտ կնոջ մեղադրանքի մասին տեղեկությունը ու տեսանյութը այս ալիքում ունի 2000-ից ավելի դիտում։
Այս ալիքից այդ մասին նյութը տարածել է «Ծիծակը», որի բաժանորդների թիվը անցնում է 8000-ից։

Այս երկու ալիքները հայաստանյան պրոռուսական տելեգրամյան ալիքներ են։

TGStat-ի վերոնշյալ սխեմայից երևում է՝ «Ծիծակ» տելեգրամյան ալիք մտնող և դուրս եկող տեղեկությունները պրոռուսական ալիքներ/ից են։
Այսպիսով, Հայաստանի ԱԱԾ ծառայողների կողմից աղջկան բռնաբարելու մասին տարածվող տեսանյութը կեղծ է։ Այն նախ տարածել է ադրբեջանական հայտնի կայքը, որից հետո՝ հայկական պրոռուսական տելեգրամյան ալիքներ։
Հասմիկ Համբարձումյան

Բաց մի թողեք
Հիվանդ մարդուն տարել են ոստիկանություն, վախեցրել, ստիպել՝ ցուցմունք տա, թե ընտրակաշառք են տվել. Տեսանյութ
«Խուլիգան, թալանչի», «լիրբ», «գողերի գերդաստան արտադրող», Քոլոյանի կինը որակումներ է տալիս արցախցիներին. Լուսանկար
«Ինչի՞ իմ տունը քանդեցիր». ողբացող մոր ձայնը խլացվեց Անաիդա Գալստյանի կողմից ու Փաշինյանի քարոզարշավի երգ ու պարի ներքո․ Տեսանյութ