31/07/2025

Համայնքների միավորում՝ ընտրություններից առաջ․ Վաղարշապատի ընտրությունների համատեքստը

2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, ինչի արդյունքում ձևավորվելիք ավագանին կընտրի համայնքի ղեկավար։

Առայժմ այս ընտրություններին մասնակցելու հարցում ակտիվություն է ցուցաբերում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս տարածքում ընտրական պատմությունը և ներկայացնում է նոր ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակը։

Կառավարող ուժը 2021 թվականին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համոզիչ հաղթանակ է գրանցել թե՛ Խոյ համայնքում, և թե՛ Վաղարշապատում։

Այսպես, Խոյ համայնքում, որը դեռևս 2021-ին ընդգրկում էր 17 գյուղական բնակավայր (22091 ընտրող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 4436 քվե կամ ձայների 65,75%-ը։

Արտապատկերումը՝ ԿԸՀ պաշտոնական կայքից։

Այստեղ բացի, ՔՊ-ից համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել են ևս երկու քաղաքական ուժեր։

Վաղարշապատ համայնքում, որտեղ ընդգրկված է երկու բնակավայր՝ Էջմիածին քաղաքը և Ոսկեհատ գյուղը (44653 ընտրող), ՔՊ-ն ստացել էր 5776 քվե կամ ձայների 54,48%-ը։

Արտապատկերումը՝ ԿԸՀ պաշտոնական կայքից։

Նոր ընտրություններից առաջ և օրենսդրական հապճեպ փոփոխություններից հետո այս երկու համայնքները միավորվել են՝ ձևավորելով Վաղարշապատ համայնքը, որի կազմում կլինի 19 բնակավայր:

Նոր ընտրությունների համատեքստը

2025 թվականի մայիսի 15-ին կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դիանա Գասպարյանը հայտարարեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու մտադրության մասին՝ պատճառաբանելով այդ որոշումը անձնական հարցերով։

Արդեն մոտ մեկ ամիս անց՝ հունիսի 9-ին, համայնքի ավագանու արտահերթ նիստում հայտարարվեց՝ Գասպարյանը 2025 թվականի մայիսի 27-ին կազմել է արձանագրություն, որի հիմքով վաղաժամկետ դադարել է նրա՝ որպես համայնքի ղեկավարի լիազորությունը:

Գասպարյանի հրաժարականին, սակայն, նախորդել էին մամուլում մի շարք աղմկահարույց հետաքննություններ և միջադեպեր՝ կապված նրա և նրա հետ փոխկապակցված անձանց հետ։

Գասպարյանը, մասնավորապես, մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց դեռևս 2023 թվականին, երբ «Հետք» լրատվամիջոցը բացահայտեց՝ նրա ամուսնու ընտանիքը Էջմիածնում առանձնատների ապօրինի կառուցապատում է սկսել համայնքապատկան հողատարածքի վրա՝ չսպասելով համապատասխան թույլտվությունների։

Մեկ այլ հետաքննության համաձայն էլ՝ Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար։

Ավելի ուշ, սպանություն էր տեղի ունեցել Գասպարյանի ամուսնու հորը պատկանող էջմիածնի բենզալցակայաններից մեկում։

Գասպարյանի հրաժարականից մեկ ամիս էլ չանցած հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել նրա նկատմամբ․ այնուամենայնիվ, ՀԿԿ-ից դեռևս չեն հստակեցրել, թե որ հոդվածի հատկանիշներով է ներկայացվել մեղադրանքը։

Տապալելով նոր համայնքապետի նշանակումը

Գասպարյանի հրաժարականից հետո համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մի քանի անգամ տապալել է նոր համայնքապետի նշանակման հարցով հրավիրված նիստերը՝ դրանց չներակայանու և քվորում չապահովելու միջոցով։

Արդեն հուլիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց այդ պահին դեռևս Արմավիրի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Արգիշտի Մեխակյանը։ Հենց նա էլ այժմ ՔՊ-ի թեկնածուն է Վաղարշապատ համայնքի սպասվող ընտրություններում։

Մեխակյանը 2018-2020 թվականներին եղել է Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր՝ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքից։ Արդեն 2020-2021 թվականներին նա եղել է՝ Արմավիրի մարզպետի տեղակալ, ապա Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար (2021-2024թթ․), իսկ հետո էլ Արմավիրի մարզպետ (2024 դեկտեմբեր-2025 հուլիս)։ 

Խոյի ու Վաղարշապատի միավորումն ու ընդդիմության պնդումները

Գասպարյանի հրաժարականից անմիջապես հետո ՀՀ կառավարությունը վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխությունների նախագիծ ներկայացրեց ԱԺ՝ տեղական ինքնակառավարման համակարգի օպտիմալացման և արդյունավետ կառավարման պատճառաբանությամբ։ Արդյունքում առաջարկվում էր 2021 թ․-ի ընտրություններից առաջ խոշորացված Վաղարշապատ համայնքը էլի խոշորացնել՝ դրա կազմում ընդգրկելով Խոյ համայնքը իր 17 բնակավայրերով։

Հատկանշական է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը՝ (հոդված 11) ենթադրում է համայնքների խոշորացման վերաբերյալ հանրային լսումների անցկացում, միևնույն ժամանակ, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը սահմանում է՝ համայնքների կազմափոխումը (միավորում, բաժանում, վերանվանում) կատարվում է կառավարության նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով բնակչության կարծիքը։

Խոշորացման որոշման նախագիծը քննարկվեց ու ընդունվեց հուլիսի սկզբին մեկնարկած ԱԺ արտահերթ նիստում, որի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները պնդում էին՝ բնակիչների շրջանում համայնքների միավորման վերաբերյալ պատշաճ հանրային լսումներ չեն անցկացվել։

Սակայն, այդ մեղադրանքներին ի պատասխան՝ հարցը զեկուցող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասել էր, որ հանրային լսումներ եղել են թե՛ Վաղարշապատում, և թե՛ Խոյում։

«Փաստերի ստուգման հարթակը» համայնքների առցանց ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում հանրային լսումների վերաբերյալ ընդամենը մեկական հաղորդագրություն է գտել։

Նանե Մանասյան