Sana պետական գործակալությունը հայտնում է, որ հուլիսի 19-ի կեսգիշերին Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ ալ-Շարաան և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Սուեդիա նահանգում և համանուն քաղաքում հրադադարի հաստատման համաձայնության են հասել:
Իսրելական աղբյուրները տեղեկացնում են, որ այն ձեռք է բերվել կողմերից յուրաքանչյուրի հետ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսային բանակցությունների արդյունքում:
Ինչի՞ մասին է խոսքը, եթե Սիրիայի նախագահը և Իսրայելի վարչապետը ոչ միայն չեն հանդիպել, փաստաթուղթ չեն ստորագրել, այլև անգամ հեռախոսազրույց չեն ունեցել՝ մանրամասնություններ առայժմ հայտնի չեն:
Սիրիական կողմը հայտարարել է, որ հրադադարի ընթացքին կհետևեն Թուրքիան և Հորդանանը՝ որպես սահմանակից երկրներ: Սուեդիայում կայունության, անվտանգության և մարդկանց իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաայի վրա է:
Նույն օրը Վաշինգտոնում կայացել է Իսրայելի և ԱՄՆ պաշտպանության նախարարների փակ հանդիպում, որի մեկնարկին կողմերը հանդես եկել հայտարարություններով: ԱՄՆ պաշտպանության նախարար Հեթսեգն ասել է, որ նախագահ Թրամփն ունի «բոլորովին նոր Մերձավոր Արևելք կառուցելու ծրագիր» և Իսրայելին դիտարկում է որպես «կարևորագույն դաշնակից»:
Ի պատասխան Իսրայելի պաշտպանության նախարար Կացը Միացյալ Նահանգներին երախտագիտություն է հայտնել Իրանի միջուկային օբյեկտներին հասցրած հարվածների համար և ամփոփել, որ իրենք ունեն միասնական նպատակ՝ թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա, որին հասնելու համար կշարունակեն ռազմական ոլորտում համագործակցությունը:
Այս համատեքստում թուրքական մամուլը հաղորդում է երկու հազար քաղաքացու ընդգրկմամբ անցկացված սոցհարցման արդյունքների մասին: Ըստ այդմ, հարցման ենթարկվածների ավելի քան յոթանասուն տոկոսը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ազգային ծրագիր ունենա, գրեթե նույնքան մարդ համոզված է, որ հարվածի դեպքում ՆԱՏՕ-ն Թուրքիային չի պաշտպանի:
Ակնհայտ է, որ նման տեղեկությունները մամուլ են թափանցել Թուրքիայի իշխանությունների ուղղորդմամբ և առաջին հերթին հասցեագրված են Միացյալ Նահանգներին, որ թեև միջնորդել է Սիրիայում հրադադարի հաստատմանը, բայց Գոլանի բարձունքների տիրապետման և արաբական հանրապետության հետ բուֆերային գոտի ստեղծելու, ինչպես նաև Հորդանանի արևմտյան ափի նկատմամբ հրեական պետության իրավազորության ճանաչման հարցերում ակնհայտ աջակցում է Նաթանյահուի կառավարությանը:
Մերձավոր Արևելքում չափազանց բարդ իրավիճակի, մասնավորապես ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների փոխանակման և Գազայում հրադադարի պայմանների շուրջ գրեթե փակուղային բանակցությունների ֆոնին խիստ արտառոց է, որ հուլիսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սենատորներին հրավիրել է ընթրիքի մի քանի «աղմկոտ» հայտարարություն արել:
Խիստ ուշագրավ է, որ մեկ շաբաթվա մեջ Միացյալ Նահանգների նախագահը երկրորդ անգամ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը: Ընդ որում, նա ասել է, որ այդ առումով ԱՄՆ-ը «հրաշք է գործել» և հայ-ադրբեջանական պայմանագիրը «շուտով կստորագրվի»:
Թրամփը նույնիսկ ակնարկել է, թե հնարավոր է՝ «դա արդեն իրողություն է»: Թրամփի այդ հայտարարությունը հաջորդել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցին, որից հետո թուրք-ամերիկյան հրապարակային շփում չի արձանագրվել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանն այդ ընթացքում մասնակցել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստին: Գուցե նա ԱՄՆ պետքարտուղարին ինչ-որ բա՞ն է փոխանցել, նաև Սիրիայի հարավում հրադադարի համաձայնությունը հայ-ադրբեջանական կարգավորման հետ առնվազն միջնորդավորված կա՞պ ունի:






Բաց մի թողեք
Թրամփը վիրավորել է Պուտինին, շահագրգիռ կողմերն սպասում են Թրամփ – Սի Ծինփին բանակցությունների արդյունքներին
Ինչ են ներկայացրել Արայիկ Հարությունյանի փաստաբանները Բաքվի դատարանում
Արդյոք Թբիլիսիում Նաղիև – Սիմոնյան շփում եղե՞լ է