26/07/2025

Ինչ ունեցվածք ունի ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը

Այսօր պետական վերահսկողական ծառայության նախկին պետի՝ Ռոմանոս Պետրոսյանի առաջին աշխատանքային օրն էր ՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչի պաշտոնում։ Աշխատանքի նա ուշացումով հասավ։

Այս օրերին լայն քննարկման առիթ դարձած պաշտոնյայի հաշվետու տարվա անշաժ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը ուսումնասիրելով՝ նկատում ենք, որ նա ունի 3 անշարժ գույք՝ 2 բնակարան (2001, 2019 թվ․), 1 հողամաս (2014 թվ․)։

Հաշվետու տարվա վերջում անշարժ գույքերը պահպանվել են։ Պետրոսյանը, 2023-ին ձեռք է բերել տրանսպորտային միջոց՝ 2017 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա։ 2011 թվականին ձեռք է բերել արժեթղթեր։ Հաշվետու տարվա սկզբին բաժնային արժեթղթի կամ այլ ներդրման արժեքը կազմել է 60 հազար դրամ, որը տարվա վերջում պահպանվել է։

Նրա բանկային հաշիվներից մեկի մնացորդը տարվա սկզբում կազմել է 10 հազար եվրո, ինչը տարվա վերջում նվազել է՝ դառնալով 7 հազար եվրո։ Մյուսը՝ 1 մլն 701 հազար դրամից աճել է դառնալով 7 մլն 420 հազար դրամ։

Ռոմանոս Պետրոսյանը հաշվետու տարվա սկզբին որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 2 մլն դրամ, ինչը տարվա վերջում նվազել է՝ դառնալով 1 մլն 800 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվաեկամուտը կազմել է 21 մլն 995 հազար դրամ, որից 19 մլն 399 հազար դրամն աշխատանքի վարձատվության գումարն է։ Պետրոսյանը հանդիսանում է «ԲԻԶՆԵՍ ՌԵՋԵՆՏ» կազմակերպության 60% բաժնետեր, ինչպես նաև Աբովյանի Բազմագործառութային Պետական Քոլեջ ՊՈԱԿ-ի կառավարման Խորհրդի նախագահ։

Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկի մայր գումարի չափը կազմել է 24 մլն 18 հազար դրամ։

Հիշեցնենք, որ հուլիսի 18–ին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։