22/07/2025

Ինչ լուրջ մեղադրանքներ է Ադրբեջանը ներկայացրել Ռուսաստանին

Ռուսաստանը Ադրբեջանին չի տրամադրում Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի գնդակոծության և հետագա վթարի հետաքննության արդյունքների վերաբերյալ կոնկրետ տվյալներ: 

Այս մասին հայտարարել է Անկարայում այցով գտնվող Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, հաղորդում է ադրբեջանական Report-ը:

Նրա խոսքով՝ ինքնաթիռի վթարից ի վեր Բաքուն մշտական կապի մեջ է Ռուսաստանի քննչական կոմիտեի հետ և ուղարկել է պաշտոնական հարցումներ. «Ռուսական կողմը, հղում անելով փորձաքննությանն ու ընթացիկ քննչական գործողություններին, դեռևս մեզ չի տեղեկացրել կոնկրետ արդյունքների մասին:

Մինչդեռ, մենք բավարար ապացույցներ ենք կուտակել հետաքննության սկզբնական փուլից ի վեր: Մենք լավ պատկերացում ունենք տեղի ունեցածի մասին և հավաքել ենք բոլոր անհրաժեշտ ապացույցները: Մենք նաև համակարգում ենք մեր աշխատանքը Ղազախստանի հետ:

Ինքնաթիռի վթարից անմիջապես հետո Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Հետագայում նմանատիպ գործեր են հարուցվել Ղազախստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների կողմից:

Հարց է առաջանում. ինչո՞ւ են երեք երկրներ հետաքննում մեկ միջադեպը: Որովհետև այն ազդել է բոլոր կողմերի շահերի վրա. զոհվածների և վիրավորների թվում կան Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքացիներ», – բացատրել է պաշտոնյան:

Գլխավոր դատախազը նշել է, որ ադրբեջանական կողմը համագործակցում է Բրազիլիայի դատախազության հետ Ակտաուի մոտ տեղի ունեցած վթարի առաջին օրերից, քանի որ ինքնաթիռը արտադրվել է այդ երկրում:

«Մենք հույս ունենք, որ Մոսկվան շուտով մեզ կտրամադրի տեղեկատվություն հետաքննության ընթացքի և կոնկրետ արդյունքների, ինչպես նաև հանցագործությունը կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ (մենք չենք պնդում, որ դա դիտավորյալ է եղել): Հակառակ դեպքում, ինչպես ընդգծել է պարոն նախագահը /Իլհամ Ալիևը-խմբ,., մենք իրավունք ունենք դիմել միջազգային դատարաններ», – եզրափակել է գլխավոր դատախազը։

Ավելի վաղ Քյամրան Ալիևը տեղեկացրել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի քննչական կոմիտեին է փոխանցել Եկատերինբուրգում երկու ադրբեջանցիների «խոշտանգումների փաստերը»: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն առանձին հետաքննություն է անցկացնում այդ փաստերի վերաբերյալ, նշել էր նա. «Մենք քրեական գործ ենք հարուցել ադրբեջանցիների նկատմամբ բռնության փաստի վերաբերյալ։ Ինչպես գիտեք, մենք կանոնավոր կապ ենք պահպանում ռուսական կողմի հետ՝ թե՛ Քննչական կոմիտեի, թե՛ Գլխավոր դատախազության հետ։ Ռուսական կողմը հայտարարում է, որ տուժածները իրենց երկրի քաղաքացիներ են, բայց մենք կցանկանայինք հիշեցնել, որ Ադրբեջանը չի ճանաչում երկքաղաքացիությունը։ Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ։ Այս կապակցությամբ մենք անցկացրել ենք անհրաժեշտ փորձաքննություններ, որոնք, ցավոք, հաստատել են մահվան փաստը՝ խոշտանգումների, ծեծի և ծանր մարմնական վնասվածքների հետևանքով»։

Գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ Բաքուն շարունակում է այս դեպքերի հետ կապված քննչական գործողությունները և հավաքված բոլոր ապացույցները հանձնել է Ռուսաստանի քննչական կոմիտեին. «Ռուսական կողմը ինձ տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեն առանձին հետաքննություն է անցկացնում բռնության փաստերի վերաբերյալ։ Մենք հույս ունենք, որ այս հարցով հարուցված քրեական գործը արդյունքներ կտա»։