22/07/2025

Հայաստան – Ադրբեջան կարգավորման նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել ԱՄՆ-ը, իսկ ԵՄ-ն ․․․

Ասիական դաշնակից երկրների նկատմամբ ներմուծման բարձր մաքսատուրքերի սահմանումը նրանց ստիպել է մտածել անվտանգության բնագավառում Վաշինգտոնի հետ համաձայնագրերի հուսալիության մասին:

Նման տեսակետ բրիտանական Fiancial Times-ի հետ հարցազրույցում հնչեցրել է Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության բարձրագուն հանձնակատար Կայա Կալասը:

Նրա խոսքերով՝ ասիական երկրները դիմում են Եվրամիությանը, քանի որ ԵՄ-ն հուսալի գործընկեր է: Կալասն ասել է, որ ասիական երկրները կասկածում են՝ եթե Վաշինգտոնի հետ առեւտրա-տնտեսական համաձայնագրերը կարելի է միակողմանիորեն չեղարկել, ապա իրենք ինչպե՞ս կարող են վստահել Վաշինգտոնի հետ կնքած անվտանգային պայմանագրերին:

Կալասը բացահայտել է, որ ասիական շատ երկրների ներկայացուցիչներ Եվրամիության պաշտոնյաների հետ քննարկումներում կոչ են անում, որ եվրոպական ընկերակցությունը չթուլացնի Ասիայում ներկայությունը և ԵՄ հետ ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնում:

Միջազգային հեղինակավոր փորձագետների տպավորությամբ՝ Միացյալ Նահանգները Եվրոպային «պարտավորեցնում է հոգալ սեփական անվտանգության կարիքները, որպեսզի ինքը կենտրոնանա Ասիայում դաշնակիցների պաշտպանության ապահովման հարցի վրա:

Կալասի այս դիտարկումներն ուշագրավ են բոլոր առումներով, բայց հատկապես կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Ստեփանակերտում կազմակերպված «մեդիաֆորումի» շրջանակներում առիթը բաց չի թողել և Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը դարձյալ մեղադրել է «լրտեսությամբ զբաղվելու» մեջ:

Եվրամիության անվտանգության և արտաքին գործերի բարձրագուն հանձնակատարը փաստացի բացահայտել է Միացյալ Նահանգների հետ առկա առնվազն տարաձայնությունները: Գործնական առումով, ամենայն հավանականությամբ, խոսքը ԵՄ-ԱՄՆ աշխարհաքաղաքական մրցակցության մասին է, որ կարող է «պրոյեկտվել» նաև Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում:

Արդեն մոտ երեք տարի է՝ Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում է, և նույնքան ժամանակ էլ Ադրբեջանը բողոքում է հայ-ադրբեջանական սահմանին նրա ներկայությունից:

Այս փուլում Հայաստան-Ադրբեջան կարգավորման նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել Միացյալ Նահանգները: Նախագահ Թրամփը նույնիսկ թույլ է տվել հայտարարել, որ Վաշինգտոնը «հրաշք է գործել» և հայ-ադրբեջանական պայմանագիրը մոտ ապագայում կստորագրվի:

Կայա Կալասը չի մասնավորցրել, թե ասիական ո՞ր երկրներն են կասկածում անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների հետ ունեցած պայմանավորվածությունների հուսալիությանը, բայց նրա այդ բացահայտումը կարելի է հասկանալ նաև որպես հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի լավատեսության նկատմամբ կասկածամտություն կամ, նույնիսկ, կողմերին արված նախազգուշացում:

Խնդիրն այս համատեքստում, իհարկե, Հայաստանի հանդեպ Կալասի «նվիրվածությունը» չէ կամ միայն Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների ապագան չէ: Եվրամիությունը, անկասկած, մեծ ավանդ ունի հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի համեմատական դեէսկալացիայում: Դա արդեն ոչ միայն քաղաքական, այլև գետնի վրա իրավիճակում ցուցաբերած աջակցություն է, որ չի կարող կամ Բրյուսելի ընկալմամբ չի կարող մնալ չփոխհատուցված:

Սյունիքի հարավում հաղորդուղիների բացման և գործարկման հարցում Եվրամիությունը Միացյալ Նահանգների հետ քննարկումներ ունի՞: Տրամաբանական է, որ այդ չափազանց կարևոր հարցում Եվրամիությունը չի կարող «խաղից դուրս մնալ»:

Մանավանդ որ Չինաստանից և Կենտրոնական Ասիայից ապրանքա-բեռնափոխադրումների վերջնական հասցեն Եվրոպան է: Իշխող տպավորություն է, որ այդ հարցում Ադրբեջանին «կարող է միայն ԱՄՆ-ը համոզել»:

Մյուս կողմից, սակայն, Սյունիքի անցուղու գլխավոր շահառուն Թուրքիան է, որ տնտեսական ահռելի կախվածություն ունի Եվրամիությունից: Բրյուսելը կփորձի՞ Սյունիքի անցուղու գործարկման այլընտրաքային կարգավորում առաջարկել: