Սատար Արցախին Միությունն իր խոր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում ՀՀ գլխավոր դատախազության կողմից վարչական դատարան ներկայացված հայցի վերաբերյալ, որի նպատակն է զրկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը Երևանում գտնվող ԼՂՀ Մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ ունեցած սեփականաության իրավունքից։
Այս շենքը, որը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, պարզապես անշարժ գույք չէ․ այն հիմնարար կողմնորոշիչ է, ժողովրդավարական ճանապարհով ձևավորված ինստիտուցիոնալ ներկայացուցչություն, որն ապահովում է այսօր բռնի տեղահանված ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության շարունակականությունը։
Ներկայումս վտարանդի արցախյան իշխանությունները շարունակում են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում՝ չնայած առկա խիստ դժվար մթնոլորտին։ Հայաստանի Հանրապետությունում կառավարող մեծամասնության որոշ պատգամավորների հայտարարություններում, ինչպես նաև դատական այս գործընթացի նման քայլերում, կարելի է նկատել ժողովրդավարական ճանապարհով ընտրված Արցախի ղեկավարներին անտեսելու, նրանց գոյությունն ուրանալու միտում։ Մինչդեռ նրանց լեգիտիմությունն անվիճելի փաստ է։
Վերջիններս ընտրվել են ժողովրդի կողմից, որը բռնի կերպով զրկվել է իր հայրենիքից, այնպիսի պայմաններում, որոնք հնարավոր չէ բնութագրել այլ կերպ, քան մարդկության դեմ հանցագործություն։ Տեղահանված, զրկված իրենց հիմնարար իրավունքներից, մեծ տերությունների անտարբերության պայմաններում՝ արցախցիները պարզապես փախստականներ չեն։ Նրանք կազմակերպված էթնիկ զտման զոհեր են՝ ինչպես բնութագրել է ՀՀ վարչապետն ինքը՝ 2023 թվականի հոկտեմբերին ունեցած հեռուստատեսային ելույթում։ Այս ամենը տեղի է ունեցել Ադրբեջանի բռնապետության հանդեպ միջազգային լռության և նույնիսկ եվրոպական որոշ գործընկերների ցուցաբերած հանդուրժողականության պայմաններում։
Ներկա դիվանագիտական վակուումում, երբ աշխարհում որևէ պետություն չի իրականացնում արցախցի տեղահանվածների քաղաքական իրավունքների պաշտպանությունը, երբ Արցախի ութ նախկին ղեկավարներ ենթարկվում են շինծու դատավարությունների Բաքվում, Արցախի իշխանություններն իրավունք և պարտականություն ունեն շարունակելու իրենց գործունեությունը։ Նրանք սեփական ժողովրդի հանդեպ քաղաքական և ինստիտուցիոնալ վերջին պատասխանատու անձիք են: Նրանց ձայնը կենսական է։ Այն չպետք է լռեցվի։
Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին չնպաստել Ադրբեջանի կողմից թելադրված ջնջման տրամաբանությանը։ Այս շենքը չպետք է առգրավվի։ Ճիշտ հակառակը, այն պետք է շարունակի ծառայել որպես ներկայացուցչության և համախմբման վայր։
Պաշտպանել արցախցիների քաղաքական իրավունքները նշանակում է պաշտպանել արդարության, ազգային ինքնիշխանության, ժողովրդավարական շարունակականության և մարդկային արժանապատվության վրա հիմնված հայկական պետականությունը։
Սատար Արցախին միություն
Փարիզ, 20-ը հուլիսի 2025 թ․
Բաց մի թողեք
Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ Փաշինյանի գրոհը հետաձգվում է
ԱՄՆ ամրանում է Հարավային Կովկասում, որտեղից Ռուսաստանը դուրս կմղվի
«Իսկական թուրք տղամարդ» Մասուդ Փեզեշքիանին