23/07/2025

Ֆրանսիայում քաղաքական կրքերը չեն հանդարտվում

Ֆրանսիայում, ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ տեղի ունեցավ մի իրադարձություն, որն այդ երկրի հանրային-քաղաքական դաշտում առաջացրեց «փոթորիկ»։

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն, ինչպես հայտնի է, հուլիսի 15-ին հայտարարել էր, որ պետք է վերահսկողություն սահմանել պետական պարտքի նկատմամբ, ինչպես նաեւ հրաժարվել Հաղթանակի Օրվա եւ Զատկական Երկուշաբթիի տոնակատարություններից, որպեսզի հնարավոր լինի կրճատել պետական բյուջեում առկա դեֆիցիտը։

Նա նաեւ հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ, 2026 թվականին երկրի ապահովված քաղաքացիների համար հարկերը կբարձրացվեն։ Բայրուն ցանկանում է պետական ծախսերը կրճատել 43,8 միլիարդ եվրոյով։ Politico պարբերականն այս թեմային անդրադառնալով՝ գրել է, որ այս հայտարարությամբ Ֆրանսիայի դեռեւս գործող վարչապետն արդեն ստորագրել է իր «քաղաքական մահավճիռը»։

Ֆրանսիայի վարչապետի մոտեցումն այն է, որ մարդիկ ավելի շատ պետք է աշխատեն, օրացույցը պետք է որոշակիորեն ենթարկվի սրբագրման, քանի որ երկրի տնտեսական վիճակն այնպիսին է, որ անհրաժեշտություն կա որքան հնարավոր է շատ աշխատել եւ արդյունք ստեղծել կամ արտադրել։

Սակայն ֆրանսիական հանրային-քաղաքական դաշտում այլ կարծիքի են։ «Ազգային միավորում» աջամետ կուսակցությունն այս հայտարարությունները որակել է որպես «հարձակում ֆրանսիական պատմության եւ ֆրանսիացի աշխատավորների հանդեպ»։ Կանաչների կուսակցության ղեկավար Մարտին Թոնդելյեն հատկապես քննադատել է այն, որ Բայրուն առաջարկում է չտոնախմբել նացիզմի դեմ տարած հաղթանակի օրը՝ մայիսի ութը։

Քաղաքական եւ հասարակական գործիչների քննադատություններն ու դժգոհությունները կարելի է հասկանալ։ Սակայն Բայրուին էլ կարելի է հասկանալ։

Ֆրանսիական տնտեսության թիվ մեկ պատասխանատուն պետք է որեւէ կերպ կարողանա ճարել ավելի քան 40 միլիարդ եվրո։ Նա մտահոգ է, որովհետեւ ամեն վայրկյանում Ֆրանսիան հինգ հազար եվրո պարտք է վերցնում։ Հնչել են նաեւ հայտարարություններ, որ Բայրուին պետք է հեռացնել վարչապետի պաշտոնից։

«Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան-Լյուք Մելանշոնը մասնավորապես հայտարարել է, որ պետք է վարչապետ Բայրուն թողնի զբաղեցրած պաշտոնը, իսկ Մարին Լը Պենն էլ սպառնացել է, որ եթե վերջինս իր մոտեցումը չփոխի, պետք է հեռացնել կառավարության ղեկավարի պաշտոնից։

Վերլուծաբանները նշում են, որ ստեղծվել է շատ հեղհեղուկ իրավիճակ եւ եթե պառլամենտական երեք հիմնական ուժերը հրաժարվեն համագործակցել, ապա Բայրուի կառավարությունն ամենայն հավանականությամբ կհեռանա ասպարեզից, եւ Մակրոնը ստիպված կլինի կամ նոր վարչապետ նշանակել, կամ ձեւավորել տեխնոկրատների կառավարություն։