«Հետքի» տրամադրության տակ է 2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում նախաձեռնված հրատապ գործով որոշումը ՀԷՑ-ի գործով: Հրատապ միջոցներ կիրառելով՝ Արբիտրը պահանջել է Հայաստանի Հանրապետությունից՝ ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸի ակտիվները բռնագրավել:
Մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը (Patrik Lindfors) Հայաստանի Հանրապետությունից պահանջել է՝
Չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն։
Չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը։
Չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին։
Չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները։
Չհայտարարել և չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ։
Չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները։
Որեւէ այլ ձեւով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը:
Նշենք, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր» Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը և եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ինը՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, ևս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս ևս դիմել է արբիտրաժային դատարան:
Հրատապ որոշման համաձայն՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսի վարձատրությունը կազմում է 16 000 եվրո՝ գումարած 25,5% ԱԱՀ։ Իսկ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճարը 4 000 եվրո է՝ գումարած 25% ԱԱՀ։
Արբիտրաժային դատարանից դիմողները պահանջել էին նաեւ որոշում կայացնել Սամվել Կարապետյանին կալանքից ազատելու վերաբերյալ, սակայն այդ պահանջը մերժվել է:
Հիշեցնենք, որ գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը երեկ՝ 2025թ. հունիսի 23-ին, հաղորդագրություն տարածեց, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը շահել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Հետևաբար, արտակարգ արբիտրաժի որոշումը Կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։
Ըստ հաղորդագրության՝ արտակարգ արբիտրը նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատեր»:
Կառավարությունն իր հերթին հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի՝ միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:
«Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»,-նշված է Կառավարության հաղորդագրության մեջ:
Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահը որևէ վերաբերելի գործողություն կարող է կատարել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման և կատարման ընթացակարգեր ապահովելուց հետո:
Ստացվում է՝ Հայաստանի Կառավարությունը հրաժարվում է կամավոր կատարել արտակարգ արբիտրի որոշումը՝ հղում կատարելով ներպետական օրենսդրությանը:
Նշենք, որ Միջազգային արբիտրաժային դատարաններն ունեն բարձր «իմունիտետ» և նրանց որոշումների չկատարումը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել: Մասնավորապես՝ եթե ՀԷՑ-ի դեպքում Կառավարությունը որոշումը չկատարի, և հետագայում էլ պետության դեմ վճիռ կայացվի, ապա Նյու Յորքում ընդունված Կոնվենցիայի ուժով, դրան միացած պետությունները կարող են բռնագանձում տարածել իրենց երկրում Հայաստանի Հանրապետության գույքի նկատմամբ, օրինակ՝ դեսպանատան շենք և այլն:
Բացի այդ, միջազգային արբիտրաժային դատարանները լուծում են լուրջ վեճեր, որոնք վերաբերում են խոշոր գումարների, հետևաբար նրանց որոշումների չկատարումը կարող է հեղինակազրկել այդ ինստիտուտը, ինչը, բնականաբար, չեն կարող թույլ տալ:
Իրավական կարգավորումներ
Օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման հարցերը քննվում են օտարերկրյա արբիտրաժի կողմի դիմումի հիման վրա: «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» համաձայն՝ կողմը կարող է դիմել դատարան միայն արբիտրաժի վճիռը ճանաչելու համար՝ կախված նման վճռի բնույթից: Կատարում պահանջող օտարերկրյա արբիտրաժի վճիռը ճանաչելու և կատարելու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել օտարերկրյա արբիտրաժի վճռի հարկադիր կատարման` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարվա ընթացքում:
Օտարերկրյա արբիտրաժային դատարանի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով:
Դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ:
Հաշվի առնելով դատարանների նկատմամբ անվստահության մակարդակը՝ վտանգ կա, որ ներպետական ատյանների միջոցով փորձ կարվի խուսափել արբիտրի որոշումը կատարելուց, քանի որ օտարերկրյա արբիտրաժի վճիռը կատարվում է այն ճանաչելու և հարկադիր կատարելու մասին վճիռ կայացրած դատարանի տված կատարողական թերթի հիման վրա:
Հարկ է նշել, որ Հայաստանը 1998թ. վավերացրել է 1958թ. Նյու Յորքում ընդունված «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» Կոնվենցիան: Ըստ այդ Կոնվենցիայի՝ յուրաքանչյուր պայմանավորվող պետություն արբիտրաժային որոշումները ճանաչում է որպես պարտադիր և դրանք կատարում է այն տարածքի դատավարական նորմերին համապատասխան, որում հայցվում է ճանաչումը և կատարումը: Արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման նկատմամբ չպետք է կիրառել էապես ավելի ծանրաբեռնող պայմաններ:
Կոնվենցիայի համաձայն՝ արբիտրաժային որոշման ճանաչումը և կատարումը կարող է մերժվել, եթե երկրի իրավասու իշխանությունը, որում հայցվում է ճանաչումը և կատարումը, գտնի, որ, ըստ այդ երկրի օրենքների, վեճի առարկան չի կարող լինել արբիտրաժային քննարկման առարկա, կամ այդ որոշման ճանաչումը և կատարումը հակասում են այդ երկրի հասարակական կարգին:
Կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է հայտարարությամբ, ըստ որի՝ այն կիրառում է միայն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ընդունված արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման նկատմամբ:
Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան պետք է կիրառի միայն իրավական հարաբերություններից բխող պայմանագրային կամ ոչ պայմանագրային անհամապատասխանությունների նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան համարվում են տնտեսական:
«Առևտրային արբիտրաժի մասին» օրենքով նախատեսված է, որ Արբիտրաժային տրիբունալի վճիռը, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» Նյու Յորքի կոնվենցիայի անդամ որևէ այլ պետության տարածքում, պետք է ճանաչվի որպես պարտադիր և համապատասխան դատարանին գրավոր միջնորդելու դեպքում կատարվի՝ բացառությամբ որոշ դեպքերի, որոնք թվարկված են նաև Կոնվենցիայում:
Նշենք նաև, որ Հայաստանը 1995թ. ընդունել և 1998թ.-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը, ըստ որի՝ Պայմանավորվող կողմերը ցանկանում են ամրապնդել փոխշահավետության և երկարաժամկետ հիմունքներով երկու պետությունների միջև տնտեսական համագործակցություն: Համաձայնագրով երկու երկրները նպատակ ունեն բարենպաստ պայմաններ ստեղծել մի կողմի ներդրողների` մյուս կողմի տարածքում ներդրումներ կատարելու համար: Գիտակցում են, որ Համաձայնագրով նախատեսված ներդրումների խրախուսումն ու պաշտպանությունը կխթանի նախաձեռնությունն այս ոլորտում:
Քանի որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում մասնակցություն ունի նաև Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, հետևաբար այս համաձայնագիրը վերաբերելի է վեճին:
Համաձայնագրի դրույթներից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ կապահովի արդար և անաչառ վերաբերմունք և անհիմն ու խտրական ձևերով չի խանգարի դրանց ընթացքին, ղեկավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տնօրինմանը կամ օտարմանը: Իսկ ներդրողի ներդրումների հանդեպ չի ցուցաբերի պակաս ապահովություն և պաշտպանություն, քան կստեղծեր որևէ երրորդ երկրի ներդրողի ներդրումների դեպքում:
Համաձայնագրով նախատեսված է նաև, որ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում չեն կարող բռնագրավվել, ազգայնացվել կամ ենթարկվել այլ կարգի միջոցառումների, որոնք հավասարազոր են բռնագրավմանը կամ ազգայնացմանը: Բացառություն են այն դեպքերը, երբ`
ա) տվյալ միջոցառումները բխում են պետական շահերից և համապատասխանում են օրենքի պահանջներին,
բ) այդ միջոցառումները արդարացված են, չեն կրում խտրական բնույթ,
գ) դրանք ուղեկցվում են արագ, համարժեք և արդյունավետ փոխհատուցմամբ:
Փոխհատուցումը պետք է իրականացվի` հաշվի առնելով ներդրումների շուկայական արժեքը նախքան հասարակությանը միջոցառումների հայտնի դառնալը, ազատ փոխանցվող կարգով փոխարկելի արժույթով` այն օրվա բանկային փոխարժեքով, որն ընդունելի կլինի արժեքի սահմանման համար: Փոխհատուցումը կընթանա առանց ուշացման, և տոկոսը կվճարվի մինչև վճարման օրը գործող համապատասխան կոմերցիոն փոխարժեքով: Դրա չափը կարող է քննարկվել համաձայն գործող օրենսդրության:
Հիշեցնենք, որ 2025թ. հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահն ընդունել է որոշում, որի համաձայն՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հաղորդման հիմքով ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։ Ռոմանոս Պետրոսյանն այժմ իրականացնում է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի գործառույթները:
Բաց մի թողեք
Օվերչուկը չի բացառել՝ Հայաստանը կարող է Եվրամիության գործընկեր լինել՝ պահպանելով Ռուսաստանի հետ ավանդական կապերը
Հուլիսի 25-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ ցանկանում եմ ՀԷՑ-ը կառավարել․ Տեր-Ղազարյան