Հայաստանի բնակչության գրեթե կեսը՝ 49 տոկոսը, վստահ է՝ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ։ Սա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-25-ը իրականացված հարցման արդյունքները։ Դրանց համաձայն՝ հայաստանցիների միայն 36 տոկոսն է կարծում, որ երկրի զարգացումը ճիշտ ուղղությամբ է ընթանում։
Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, ապա համեմատության մեջ ամենաբարձր վարկանիշն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 13 տոկոս։ Միջազգային հանրապետական ինստիտուտի նախորդ հարցման համեմատ Փաշինյանի վարկանիշը նվազել է 3 կետով։ 2024 թվականին նրան վստահում էր հայաստանցիների 16 տոկոսը։
IRI-ի հարցման համաձայն՝ նվազել է նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը։ Եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա այս կուսակցության օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների ընդամենը 17 տոկոսը՝ նախորդ սեպտեմբերին արձանագրված 20 տոկոսի փոխարեն։
4 տոկոսով երկրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է, հարցվածների եւս 2 տոկոսը որեւէ քաղաքական ուժ հիշատակելու փոխարեն նշել է Ռոբերտ Քոչարյանի անունը։
Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը, սակայն, քաղաքական որեւէ գործչի կամ կուսակցության հանդեպ վստահություն չի տածում։ Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ քաղաքական ոչ մի գործչի չի վստահում։ Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա հարցվածների 28 տոկոսը պնդում է, որ դրանց չի մասնակցի, 12 տոկոսը պատրաստվում է քվեաթերթիկն անվավեր դարձնել, եւս 22 տոկոսն էլ ընդհանրապես դժվարացել է պատասխանել, թե ինչ է անելու։
GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն ասում է․ կախված մեթոդաբանությունից՝ տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված հարցումների ցուցանիշների մեջ որոշակի տարբերություններ կարող են լինել, բայց հիմնական բովանդակությունը դրանից չի փոխվում. «Իսկ հիմնական բովանդակությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը շատ տխուր վիճակում է գտնվում, եւ թե՛ իր, թե՛ ՔՊ-ի ռեյտինգը բավականին ցածր է։ Օրինակ, մեր հարցումներով՝ անձնապես Նիկոլ Փաշինյանի աշխատանքը դրական էր գնահատել, եթե չեմ սխալվում՝ ընդամենը 8 թե 9 տոկոսը, իսկ ՔՊ-ի վարկանիշը մեր դեպքում ոչ թե 17, այլ 13 տոկոս էր։ Բայցեւայնպես, անկախ նրանից՝ 13 տոկոս է, թե 17, դա իշխող կուսակցության համար կատաստրոֆիկ ցածր ցուցանիշ է, ընդ որում՝ այդ ցուցանիշը մեզ մոտ մեկ տարի է՝ 15 տոկոսից ցածր է։ Նորից եմ ասում․ երբ իշխող կուսակցության ռեյտինգը 25-ից եւ հատկապես 20-ից ցածր է լինում, քաղաքակիրթ աշխարհում արտահերթ ընտրություններ են նշանակում, բայց մեզ մոտ, գիտեք, տարբեր պատճառներով մինչեւ հիմա իշխող կուսակցությունը դեռ ղեկավարում է երկիրը»։
Ինչ վերաբերում է մյուս կուսակցությունների ռեյտինգներին, ապա․ «Ինձ մոտ մի փոքր զարմանք հարուցեց այն, որ մնացած գրեթե բոլոր կուսակցություններն ունեն մոտ 1 տոկոսին մոտիկ ցուցանիշ, մեր տվյալները մի քիչ ուրիշ են եւ, կարծում եմ, ավելի ճիշտ են նկարագրում քաղաքական դաշտի պատկերը»։
Ինչ վերաբերում է երկրում գործող ինստիտուտների հանդեպ վստահությանը, ապա առաջին տեղում են բանակն ու Եկեղեցին։ Զինված ուժերին ամբողջությամբ կամ մասամբ վստահում է բնակչության 72, իսկ Հայ առաքելական եկեղեցուն՝ 58 տոկոսը։ Նախորդ հարցման համեմատ, ի դեպ, Եկեղեցու վարկանիշն աճել է 10 տոկոսով։
Եկեղեցու վարկանիշի աճը զրուցակիցս բացատրում է Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի վերջին հարձակումներով։ «Եվ ժողովուրդն ավելի շատ պաշտպանողական բնազդ է դրսեւորում եւ փորձում է այն կառույցը, որն իշխանությունն ուզում է ճնշել, ավելի առնի իր հովանու ներքո ու պաշտպանած լինի»,- ասում է Նավասարդյանն ու նկատում, որ Եկեղեցու դեմ արշավը ճիշտ հակառակ ազդեցությունն է ունեցել Եկեղեցու վարկանիշի վրա։
Ինչ վերաբերում է տարբեր կառույցների ռեյտինգներին, մասնավորապես նրան, որ վարչապետի աշխատակազմին լիովին կամ մասամբ վստահում է բնակչության 38, դատարաններին՝ 31, իսկ Ազգային ժողովին՝ ընդամենը 24 տոկոսը, Ա․ Նավասարդյանը նկատում է․ «Օրինակ, վարչապետի աշխատակազմի գնահատականը ո՞նց պիտի տան մարդիկ, կարծում եմ՝ այս հարցը շատ չի մշակվել մեր կոլեգաների կողմից, այլ մշակվել եւ տրվել է իրենց ամերիկյան IRI-ի կողմից, եւ իրենք այդ հարցաշարով ուղղակի հարցում են արել, բայց գլոբալ առումով մենք ավելի քան 20 տարի նման հարցումների փորձ ունենք, եւ դեպքեր կան, որ դու կարող ես այդ հարցը չտալ, որովհետեւ դուք չգիտեք, թե այսօր ինչ է անում վարչապետի աշխատակազմը, եւ, հետեւաբար, վարչապետի աշխատակազմի աշխատանքը գնահատելը մի քիչ խրթին հարց է, բայց, իհարկե, ցանկում կան կառույցներ, որոնց լավ կամ վատ աշխատանքը երեւում է, եւ, հետեւաբար, մարդիկ կարող են գնահատել»։
Բաց մի թողեք
Վահան Քերոբյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել հանգստից․ Կարևոր չէ, թե որտեղ ես, կարևոր է՝ ում հետ ես
Սրանով ինքը ժողովրդի զգոնությունն է ուզում ջարդել․ Տեր Ահարոն քահանա
Մոսկվան այլևս ի վիճակի չէ կարգավորել խնդիրները Հարավային Կովկասում