Վերջին մի քանի ամիսները Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում աննախադեպ սառեցման ամիսներ դարձան, եւ փոխադարձաբար ունեցած չլուծված խնդիրների շղթան՝ ներառյալ դիվանագիտական դեմարշներն ու քաղաքացիների ձերբակալությունները, ցույց են տալիս, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա է համակարգային ճգնաժամ, որն առաջացավ AZAL-ի օդանավի կործանման դեպքից հետո՝ անցյալ տարվա դեկտեմբերին։
Հրապարակ թերթը գրել է․ Չենք խորանա կատարվածի մանրամասների մեջ, սակայն, ինչպես նշում են ռուսական մեդիափորձագիտական տիրույթում գործող շատ մասնագետներ, ստեղծված ճգնաժամը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի ԱԳ նախարարությունն անհրաժեշտ հավելյալ որեւէ քայլ չի ձեռնարկել, որը կբերեր ռուս-ադրբեջանական հարաբերություններում եղած լարվածության թոթափման։ Սրանով պետք է բացատրել թե՛ այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվեց մասնակցել Մեծ հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին, եւ թե՛ դրանց հաջորդող ամիսների զարգացումները։
Զուգահեռաբար շարունակեցին սառել նաեւ հարաբերությունները Մոսկվայի եւ Երեւանի միջեւ, որը քաղաքական առումով հասել է այնպիսի մակարդակի, որ կարելի է ասել՝ ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում աննախադեպ ճգնաժամում է գտնվում։ Շատ քիչ է մնացել, որ, մի կողմից, Ռուսաստանի, մյուս կողմից՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական հարաբերությունները հայտնվեն խզման գծի վրա։ Զուգահեռաբար, Ռուսաստանի հետ ունեցած խնդիրները կարծես թե սկսել են Արեւմուտքի հովանու ներքո միավորել Երեւանին եւ Բաքվին։
Այս ամենը, ըստ վերլուծաբանների, կապված է այն հանգամանքի հետ, որ ռուսական դիվանագիտությունը վերջին 20 տարիներին հետընթաց է ապրել, եւ, պայմանական ասած՝ այդ «էրոզիոն» վիճակի պատճառով ռուսական ԱԳ նախարարությունը ներկայում ի վիճակի չէ այլեւս աստիճանական քայլերով հարթել խնդիրները եւ վերականգնել նորմալ եւ պրագմատիկ երկխոսություն Հարավային Կովկասի իր դաշնակիցները համարվող Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Առհասարակ, որքան էլ Սերգեյ Լավրովին համարենք աշխարհի ամենից փորձառու եւ հմուտ դիվանագետներից մեկը, պարզ է, որ ռուսական դիվանագիտությունը հիմա իր լավագույն ժամանակները չի ապրում։
Ու դա կապված չէ ամենեւին Արեւմուտքի կողմից Ռուսաստանի վրա կիրառված սանկցիոն պրեսսինգի հետ։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հետխորհրդային տարածքում միայն Բելառուսը, Տաջիկստանն ու Ղրղզստանն են ֆորմալ լոյալություն պահպանում Ռուսաստանի հետ։ Սա կարելի է, իհարկե, բացատրել Ռուսաստանին ստրատեգիական պարտության մատնելու Արեւմուտքի ջանքերով, հետխորհրդային տարածքում Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի ամրանալու ցանկությամբ։
Սակայն դա նոր բան չէ, ու փաստն այն է, որ դրան հակազդելու ձեւերը Մոսկվայի մոտ, գոնե՝ ՌԴ ԱԳ նախարարությունում, սկսել են նկատելիորեն պակասել։ Ի դեպ, Սերգեյ Լավրովը հետխորհրդային շրջանում ԱԳ նախարարի պաշտոնում ամենաերկարը պաշտոնավարած դիվանագետն է՝ 21 տարի։ Նա պարգեւատրվեց Ռուսաստանի բարձրագույն՝ Սբ Անդրեաս Նախակոչ Առաքյալի շքանշանով։ Համարվում է ռուսական ժամանակակից իրականության ամենից ազդեցիկ գործիչներից մեկը։
Սակայն նաեւ հաճախակի են ռուսական տարբեր շրջանակներում խոսում այն մասին, որ արդեն ժամանակն է, որ նա մեկ այլ նախարարով փոխարինվի։ Դժվար է ասել, թե դա երբ կլինի, կամ այդ փոխարինումից հետո Երեւանի եւ Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններն ինչ ընթացք կունենան։ Շատ հարցերի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ նաեւ, որ նախագահական հանրապետություններում, ինչպիսին Ռուսաստանն է, արտաքին քաղաքականության ոլորտը նախագահի հսկողության ներքո է գտնվում։ Սակայն պարզ է մի բան, որ այս տեմպերով դեռ չի ուրվագծվում Մոսկվայի՝ Հարավային Կովկասում ունեցած խնդիրների կարգավորումը։
Բաց մի թողեք
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան
Եթե հետապնդումը քաղաքական չլիներ՝ Սրբազանը վաղուց ազատության մեջ կլիներ