27/07/2025

Նոր լարում․ Հույն ապօրինի միգրանտներին հունական ափ են հասցրել Ադրբեջանի քաղաքացիները

Մեկ շաբաթվա ընթացքում Հունաստանի սահմանապահ ծառայության ուժերը երկրորդ հաղորդագրությունն են տարածել Ադրբեջանի քաղաքացու ձերբակալության մասին՝ Լեսբոս կղզուն հարակից ջրային տարածքում:

Բաքվի իշխանական լրատվամիջոցն այդ առթիվ տեսակետ է հայտնել, որ Թուրքիայում, ամենայն հավանականությամբ, գործում է հանցավոր խմբավորում, որ զբաղվում է Հունաստանի տարածք ապօրինի միգրանտների տեղափոխմամբ և որպես «նավավար վարձահրավիրել է Ադրբեջանի երիտասարդ քաղաքացիների»:

Ըստ երևույթին՝ Հունաստանի սահմանապահ ծառայությունը պաշտոնական բողոք է հայտնել, բայց Ադրբեջանում երեւույթը ներկայացնում են այնպես, որ Թուրքիա տեղափոխված իրենց քաղաքացիները «պարզապես ապրուստի այդ ձևն են ընտրել»:

Խոսքը, մինչդեռ, մարդկային թրաֆիկի մասին է: Բաքվի մամուլի տեղեկացվածությամբ՝ ադրբեջանցի նավավարները մեկ անձի Հունաստան տեղափոխելու դիմաց նրանից երկու հազար եվրո են ստանում, բայց «ամբողջական եկամուտը նրանց չի պատկանում»:

Հասկացվում է, որ գոյություն ունի թուրքական հանցավոր կառույց, որ տիրապետում է ծովային փոխադրամիջոցների, Ադրբեջանի քաղաքացիները միայն վարձու նավավարներ են, որ ապօրինի միգրանտներին հասցնում են հունական ափ, ապա վերադառնում:

Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները, չնայած վերջին տարիների բարձր մակարդակի փոխայցելություններին, շարունակում են մնալ չափազանց բարդ:

Միգրանտների հարցում Թուրքիան Եվրամիության հետ պայմանավորվածություններ ունի և տարեկան բավական մեծ գումարներ է ստանում՝ իր տարածքում հատկապես սիրիացի փախստականներին օթևանելու դիմաց:

Այդ հարցը, սակայն, Անկարան մշտապես շահարկում է: Կոնկրետ Հունաստան ապօրինի միգրանտներ տեղափոխելու առումով Անկարայի վերաբերմունքը խիստ կասկածելի է: Թուրքիան ոստիկանական երկիր է, որտեղ մարդկային նման տեղաշարժեր հազիվ թե հնարավոր է, եթե դրանում ներգրավված չլինեն թուրքական ուժային մարմինները և սահմանապահ ծառայությունը:

Որքանո՞վ է Հունաստանի դեմ այդ գործողություններին ներգրավված Ադրբեջանը, որտեղ նույնպես ցանկացած տեղաշարժ խստորեն վերահսկվում է: Մանավանդ որ ավելի քան հինգ տարի է՝ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են:

Թուրքիան մշտապես աջակցում է Ադրբեջանին՝ իշխանության համար անցանկալի անձանց իր տարածքում հայտնաբերելու, ձերբակալելու և արտահանձնելու հարցերում:

Այս իրողությունը հաշվի առնելով՝ կարելի է վստահաբար ասել, որ եթե Բաքվի իշխանությունների համար Հունաստան Թուրքիայի տարածքից ապօրինի միգրանտների տեղափոխումը դիտվեր անցանկալի, ապա «ապրուստի միջոցներ հայթայթող նավավարներին» հայտնաբերելը և նրանց Ադրբեջան տեղափոխելն ու պատասխանատվության ենթարկելը որևէ խնդիր չէր լինի:

Առայժմ հայտնի չէ, թե Հունաստանում ձերբակալված՝ Ադրբեջանի արդեն մոտ մեկ տասնյակ քաղաքացիներին ինչ ճակատագիր է սպասում: Բաքվի մամուլը տեղեկացնում է, որ հունական սահմանապահ ծառայությունները նրանց մոտորանավակները և հիդրացիկլներն առգրավել են, իսկ ոստիկանությունը կատարել է «առերեսման գործողություն»:

Այսինքն, ապօրինի միգրանտները հաստատել են, որ իրենց հունական ափ են հասցրել Ադրբեջանի քաղաքացիները: Իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակային հայտարարություն դեռևս չի տարածել:

Հայտնի չէ՝ ձերբակալված անձինք Հունաստանում Ադրբեջանի դեսպանատան կողմից հյուպատոսական և փաստաբանական աջակցություն ստացե՞լ են, առհասարակ այդ խնդրով պաշտոնական Աթենքի և Բաքվի միջև կոմունիկացիա հաստատվե՞լ է, թե Հունաստանը գերադասում է խնդիրը քննարկել միայն Անկարայի հե՞տ:

Ամեն դեպքում գործ ունենք Հունաստանի դեմ միջազգային հանցագործության հետ, որի հետաքննությունը կարող է բացահայտել ավելի խորքային պատճառներ, քան ներկայացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Պետք է, հավանաբար, նկատի ունենալ, որ դրամատիկ իրադարձությունները ծավալվում են Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն գոտում սպասվող «նախագահական ընտրությունների» շուրջ միջազգային խիստ բացասական արձագանքների և այդ կառույցն Ադրբեջանի կողմից պաշտոնապես ճանաչելու մտադրության ֆոնին: