Օրեր առաջ Վանաձոր քաղաքում «Էվոկա բանկ»-ից ավազակային հարձակման փորձ կատարելու եղանակով 80 մլն ՌԴ ռուբլի հափշտակելու փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանգացործությունը բացահայտվել է նշված բանկի աշխատակիցների և Լոռու մարզային քննչական վարչության քննիչների շնորհիվ և վերջիններիս կատարած աշխատանքի արդյունքում է, որ կասկածյալը ինքնակամ ներկայացել է իրավապահներին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հուլիսի 15-ին՝ ժամը 15։50-ի սահմաններում, «Էվոկա բանկ»-ի Վանաձոր մասնաճյուղ է մտնում Լոռու մարզի բնակիչ 33-ամյա մի տղամարդ, ով բարձրանում է երկրորդ հարկ, ներս է մտնում տարածք, որտեղ նա չպետք է կարողանար մտնել (հավանաբար այստեղ էլ բանկի աշխատակիցների անփութությունն է եղել պատճառը), ապա այդ տղամարդը այնտեղից հափշտակում է ինկասացիայի համար նախատեսված ու օգտագործվող կապարակնքված հատուկ պարկը, որի մեջ է լինում 80 միլիոն ՌԴ ռուբլի։
Բանկի մասնաճյուղի անվտանգության աշխատակիցը մեկ այլ հաճախորդի հետ ճիշտ կողմնորոշվելով հետապնդում են այդ տղամարդուն, ով, դուրս գալով բանկի մասնաճյուղից, հասնում է Գրիգոր Լուսավորիչ փողոց և փորձում է նստել իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, սակայն բանկի անվտանգության աշխտակիցն ու հաճախորդ քաղաքացին հասնում են նրան, որտեղ էլ սկսվում է քաշքշոց, որի ընթացքում էլ բանկը թալանողը իր մոտ եղած արցունքաբեր գազը փչում է նրանց վրա, սակայն բանկի անվտանագության աշխատակիցն ու քաղաքացին, վտանգելով իրենց կյանքը, հաջողացնում են ստահակից խլել պարկը, իսկ ազակային փորձ կատարողը իր մեքենայով դիմում է փախուստի։
Արդեն տեղեկությունը փոխանցվում է իրավապահ մարմիններին ու մինչև Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ, կփորձեին ոչ թե օպերատիվ ճանապարհներով, այլ հույսները դնելով տեսախցիկների վրա, դուրս գալ հետքի վրա, «Էվոկա բանկ»-ի Վանաձորի մասնաճյուղի աշխատակիցները և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարող Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ պարզում են կասկածյալի ինքնությունը ու տանում են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում էլ հուլիսի 23-ին կասկածյալը ինքնակամ ներկայանում է իրավապահներին։
Քննիչի որոշմամբ նախ ձերբակալվում է, իսկ արդեն հուլիսի 24-ին քննիչը միջնորդություն է ներկայացնում Լոռու մարզի ընդհանուր իրավասության Վանաձորի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում տա կասկածյալին։
Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարում է քննիչի միջնորդությունը, սակայն խափանման միջոց է ընտրում տնային կալանքը։
Հայտնաբերվել է նաև «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որի խուզարկությամբ հայտնաբերվել է նրա կողմից օգտագործած արցունքաբեր գազի բալոնը, իսկ խցիկի թաքստոցում գազային ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում, սակայն միանշանակ է, որ հանցագործությունը բացահայտվել է «Էվոկա բանկ»-ի անվտանգության աշխատակիցների և Լոռու մարզային քննչական վարչության քննիչների կողմից, մինչդեռ Լոռու մարզային քրեական վարչությունը՝ վարչության պետ Ա․ Ոսկանյանի գլխավորությամբ, փորձում է հանրությանը մոլորեցնել, թե տեսեք-տեսեք, մենք ենք բացահայտել դեպքը։


Բաց մի թողեք
Գիշերվա ընթացքում ռուսական հրթիռները ցնցեցին Ուկրաինան՝ սպանելով առնվազն 11 մարդու. Լուսանկարներ
Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը քիչ հավանական է. Լուսանկար
Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել