Երրորդ օրն է՝ Բաքվի լրատվամիջոցները հայտնում են օկուպացված Արցախի Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններում անտառային հրդեհների մասին: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ հրդեհների մարմանը ներգրավված են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումներ, ինչպես նաև երկու ուղղաթիռ:
Դատելով չափազանց սուղ տեղեկատվությունից՝ հրդեհն սկսվել է Աղդամի շրջանի Ալիաաղալու բնակավայրում չոր խոտածածկույթի բռնկումից, ապա տարածվել Մարտակերտի և Ասկերանի շրջանների սահմանի անտառներում՝ Խաչեն գետի աջ և ձախ ափերին:
Հուլիսի 24-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Սոս գյուղի հատվածում, իսկ հաջորդ օրը Բաքվի լրատվամիջոցները հայտնել են, որ Աղդամի շրջանի Գյուլաբլի բնակավայրի մոտ խոտածածկույթի բռնկման հետևանքով առաջացած հրդեհը տարածվել և հասել է Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի անտառներին:
Աշխարհագրական հեռավորությունը և բնական արգելքները հաշվի առնելով՝ անհնար է պատկերացնել, որ Խաչենի հովտի անտառներից հրդեհը կարող է հասնել Մարտունու շրջանի հարթավայրային Սոս գյուղ՝ «խնայելով» Աղդամը և հարակից գյուղերը, որտեղ նույն օրերին, ըստ ադրբեջանական կողմի տեղեկատվության, «հերթական բնակարանամուտ են տոնել Խդրլու գյուղում»:
Ի՞նչ է կատարվում օկուպացված Արցախում: «Արտառոց շոգ եղանակը և քամին դժվարացնում են հրդեհաշիջման աշխատանքները, որոնց ներգրավվել են լրացուցիչ ուժեր նույնիսկ Եվլախից»,- գրում է Բաքվի իշխանական լրատվամիջոցը, ինչից հետևում է, որ հրդեհն ընդգրկում է նոր տարածքներ:
Կարելի է վստահաբար ասել, որ գործ ունենք կազմակերպված գործողությունների հետ: Մնում է հասկանալ՝ Ադրբեջանի իշխանություններն Արցախի օկուպացված տարածքներում իրավիճակը չե՞ն վերահսկում, այնտեղ հանցավոր խմբավորումնե՞ր են գործում, որ զբաղվում են վնասարարությամբ, թե՞ դա Բաքվի պաշտոնական քաղաքականությունն է, որ հետապնդում է «բնական պատահարների» միջոցով հայկական բնակավայրերը ոչնչացնելու նպատա՞կ:
Ադրբեջանը երկու-երեք տասնամյակ հայկական կողմերին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում «բնապահպանական աղետ» ստեղծելու մեջ: Այսօր նույն տարածքներում չորորդ օրն է՝ անտառային հրդեհներ են մոլեգնում, բայց պաշտոնական Բաքուն բավարարվում է մի քանի տասնյակ անձանց և ընդամենը երկու ուղղաթիռի ներգրավմամբ հրդեհաշիջման էմիտացիա ստեղծելով:
Դա թույլ է տալիս ասել, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում բնապահպանական հանցագործություն է կատարում:
Բաց մի թողեք
Երկրի ներսում դիմադրության օջախները չեզոքացնելու՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը պարզ է
Նոր լարում․ Հույն ապօրինի միգրանտներին հունական ափ են հասցրել Ադրբեջանի քաղաքացիները
Նաթանյահուն դե՞մ է Սյունիքում «Թրամփի կամուրջի» բացմանը․ Ինչու ․․․