27/07/2025

Փաշինյանը ՌԴ-ում Միշուստինի խնդրանքով է հրաժարվել ամերիկյան առաջարկից․ Զոլյան

Նիկոլ Փաշինյանի ռուսաս­տանյան այցի ընթացքում իշխանական պատգամավոր Արման Եղոյանը Հայաստանում հայտարարեց, որ հրաժարվել են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցով ամերիկյան առաջարկից. «Նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»։

Հրապարակ թերթը գրել է․ Ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ արեւմտյան մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երեւանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջեւանին կապող ճանապարհի կառավարումն արտապատվիրակել մասնավոր ընկերության։

Դրանից օրեր անց Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ ԱՄՆ-ն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանով անցնող ճանապարհի տարածքը։ Հուլիսի 16-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հաստատեց այդ տեղեկությունները` արտապատվիրակման գործընթացը համեմատելով «Զվարթնոց» օդանավակայանի, Հարավկովկասյան երկաթուղու, ջրային համակարգի, «ՀայՓոստի» կոնցեսիոն կառավարման մոդելների հետ։ Փաշինյանը նույնիսկ հայտարարեց, թե ՀՀ իշխանություններն ակտիվորեն քննարկում են Սյունիքով անցնող ճանապարհն ամերիկյան առաջարկով արտապատվիրակելու հարցը։

Ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց ամերիկյան առաջարկից․ հարցը նախօրեից հայաստանյան քաղաքական եւ մեդիադաշտի տիրույթում է։ Ուշագրավ է, որ այս հրաժարումից ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ՌԴ Ալթայի Հանրապետությունում էր, Բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին էր մասնակցում։ Այս միջոցառման շրջանակում էլ նա հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին, եւ հավաստիացրել է, որ Երեւանը մտադիր է մնալ ԵԱՏՄ-ում։

Քաղաքագետ Սուրեն Զոլյանն ուղիղ կապ է տեսնում Փաշինյանի այցի եւ ամերիկյան առաջարկից հրաժարվելու միջեւ։ Հիշեցնում է շաբաթներ առաջ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ուղղված ռուս գործընկերոջ՝ Ալեքսեյ Օվերչուկի նամակը։ Օվերչուկը հայտարարել էր, որ Մոսկվան Երեւանին ուղղված դիմում է պատրաստում՝ ԵՄ-ին մերձենալու նորմերի եւ ԵԱՏՄ-ի կանոնների հակասության մասին։ Ռուս պաշտոնյան պնդել էր, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին հնարավոր չէ, դիցուք՝ Մոսկվայից Երեւան ուղիղ չվերթները կդադարեն, ՀՆԱ-ի եւ զբոսաշրջության ծավալները կկրճատվեն եւ այլն։

Քաղաքագետի համոզմամբ՝ ՌԴ-ն ՀՀ ղեկավարին, ըստ էության, ընտրության առաջ է կանգնեցրել․ «Ենթադրվում էր, որ Ալթայի միջոցառմանն էլ պետք է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցեր, բայց, հավանաբար, ասել են, որ դա քո բանը չէ, պետք է գա վարչապետը, դրա համար էլ միասին են գնացել։ Բայց ես կարծում եմ՝ քննարկման առարկան եղել է ոչ թե միջանցքը, այլ՝ ԵԱՏՄ-ն, որ ՀՀ իշխանությունները պետք է կողմնորոշվեն, որովհետեւ Օվերչուկի նամակում ասվում էր, որ պետք է կողմնորոշվեն, որովհետեւ հակառակ ուղին վտանգում է ինչ-ինչ հարցեր։ Թե չէ ինչու Փաշինյանը պետք է գնար՝ այդ ֆորումին մասնակցեր, որտեղ էկոլոգիական հարցեր էին քննարկվում։ Եվ հատկապես հետո տեսանք, որ քննարկում է եղել Օվերչուկի եւ Գրիգորյանի մակարդակով»։

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում նաեւ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ «միջանցքը հակասում է ԵԱՏՄ-ի կարգավորումներին»։

Ուստի կարելի է ենթադրել, որ Փաշինյանը ՌԴ-ում Միշուստինի խնդրանքով է հրաժարվել ամերիկյան առաջարկից։ 2020-ի նոյեմբերի 9-ի 9-րդ կետով նախատեսվում է, որ Մեղրիի 42 կմ-անոց ճանապարհի վերահսկողությունը պետք է հանձնվի Մոսկվային։ Փաշինյանի մոսկովյան այցն ի սկզբանե սպասումներ էր ձեւավորել նաեւ ներհայաստանյան քաղաքական դաշտում։ Ընդդիմադիր ուժերից ոմանք շունչները պահած սպասում էին Փաշինյանի դիրքորոշմանը՝ կմերժի՞ ՌԴ-ին, թե՞ կընդառաջի սովորականի պես՝ փակելով իրենց առջեւ իշխանափոխության հերթական հնարավորությունը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ճամբարներում առաջնորդվում են դրսից ստացած «դաբրոներով», համարում են, որ եթե չունեն արտաքին որեւէ կենտրոնի աջակցությունը, ապա իշխանափոխության համար անիմաստ է պայքար մղելը, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի դեպքում, որը, լինելով պարտված եւ թույլ ղեկավար, դարձել է բոլոր կենտրոնների խամաճիկը, բոլորին ձեռք է տալիս, դարձել է թե՛ Արեւմուտքի, թե՛ Հյուսիսի գործիքը։

Ի վերջո, իրականությո՞ւն է, թե՞ միֆ, որ մեզ պես երկրներում հնարավոր չէ առանց արտաքին «դաբրոյի» իշխանափոխություն իրականացնել՝ հարցրինք Զոլյանին։ «Գիտեք, քաղաքագիտական փորձը ցույց է տալիս, որ տոտալիտար համակարգերը շատ դեպքերում ոչ թե ներսից են քանդվում, այլ՝ դրսից, այն էլ՝  ռազմական լուրջ պարտությունից հետո։ Ամենախոսուն դեպքը Կամբոջայի դեպքն է, երբ մի բռնապետ այդ երկրի 1/3-ը ոչնչացրեց, իր երկրում ցեղասպանություն կատարեց, բայց անգամ դրանից հետո մնում էր իշխանության Վիետնամի հետ անհաջող պատերազմ վարելուց հետո։ Այսինքն՝ դրանից հետո 15 տարի կառավարում էր, մինչեւ իր թիմակիցները թունավորեցին։ Եվ ավելին, ՄԱԿ-ում ինքն էր համարվում օրինական ներկայացուցիչ։ Բայց նաեւ Լատինական Ամերիկայի երկրների՝ Կուբայի, Նիկարագուայի փորձը ցույց է տալիս, որ լավ կազմակերպված փոքրիկ խմբերը կարող են հասնել իշխանափոխության։ Տեսականորեն՝ Հայաստանում էլ եթե ընդդիմադիրները գործուն ջանքեր դնեն, ապա կարող են հասնել հաջողության։ Այդ ուժերն իրենցից ինչ-որ բան պիտի ներկայացնեն, հույսները չդնեն դրսի վրա միայն, պետք է խոհափիլիսոփայությամբ չառաջնորդվեն, այլ գործնական լինեն, եթե ոչինչ չեն կարողանում առաջարկել, ապա բնական է՝ որեւէ մեկն իրենց լուրջ չի կարող ընդունել, ուստի անիմաստ է սուրհանդակներ ուղարկել, աջակցության սպասել»։