28/07/2025

Հիմա ինչի՞ են ցնցումների մեջ ընկել Գյումրու ավագանու ՔՊ ներկայացուցիչները․ Մխիթարյան

«Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի Գյումրու քաղաքապետ ընտրվելուց հետո, որին սատարեցին ավագանու կազմում ընդգրկված ընդդիմադիր քաղաքական ուժերը, շատերը սպասում էին, որ այս քաղաքում ավագանու նիստերը պիտի լինեին աղմկոտ, վերածվեին սկանդալների, սակայն պիտի փաստենք՝ դրանք անցնում են բավական հանգիստ, հարգալից մթնոլորտում։

Այդուհանդերձ ավագանու ընդդիմադիր ու իշխանական անդամների միջև երբեմն որոշակի լեզվակռիվներ, բռնկումներ տեղի են ունենում ավագանու նիստերից դուրս՝ ֆեյսբուքյան հարթակում՝ գրառումների մակարդակով, ինչպես օրինակ՝ նախորդ օրը Վարդավառը տոնել-չտոնելու թեմայի շուրջ։

Լեզվակռվի մեջ էին ճանաչված պրոդյուսեր, «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն ու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի անդամներ։ Ռուբեն Մխիթարյանն այսօր Aravot.am-ին տված բացառիկ հարցազրույցում մեկ անգամ ևս հարկ համարեց պարզաբանել, թե ինչով էին պայմանավորված Գյումրիում սկիզբ առած վարդավառյան կրքերը։

«Վարդավառի տոնի հետ կապված շատ զավեշտալի պատմություն է եղել, որի հետ գլոբալ առումով մենք այդքան էլ կապ չունենք, որովհետև այն, ինչ քարոզարշավի ժամանակ ես քաղաքին խոստացել եմ, ճիշտը խոսենք, խոստացել էի այն առումով, որ եթե ես ընտրվում եմ քաղաքապետ, փաստն է, որ քաղաքապետ չեմ, բայց ինչ-որ բաներ անում եմ։

Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունում «Վերջին զանգ» նշվել է միայն Գյումրիում, այն էլ այդ տեսակի ու այդ մասշտաբի, երբ որ պիկի պահին հրապարակում 27 հազար մարդ է եղել, նման ցուցանիշ, կներեք՝ եթե երբևիցե եղել է, թող բարձրաձայնեն։ Որոշել էինք Վարդավառն այս տարի անել, քաղաքապետի հետ էլ էինք խոսել ու առաջարկություններ արել էի։

Հիշում եք՝ 2019 թվականին «Ճիշտը թացն է» մարկետինգային ծրագրի արշավի շրջանակում մի ամիս շուտ պտի սկսեինք քարոզարշավը, ռեստորանների, հյուրանոցների տերերի հետ պիտի հանդիպեինք, քաղաքը յուրահատուկ ձևավորում պիտի ունենար։ Մեծ գումար էինք ծախսելու, բայց որ եղավ Միքայել Սրբազանի դեպքը, պնդում եմ, որ նա քաղաքական բանտարկյալ է, ես ինքս եմ ասել՝ ժողովուրդ ջան, ես գտնում եմ, որ ճիշտ չէ, որ ես նման ձևի մեծ միջոցառում կազմակերպեմ, երբ որ քո Սրբազանը բռնված է։ Ես ասի՝ ես իմ առումով բարոյական չեմ համարում անեմ, մնացածն արդեն դուք որոշեք, ու եղել է ընդամենը իմ հայտարարությունը, որ այն, ինչ ես պիտի անեի, չեմ անելու։

Ուղղակի հայտարարության մեջ, որ գրել էի՝ մենք, բայց մենք ֆրակցիա ենք, հո չէի գրելու ես, մենք մի մանդատով մարդ չենք, ուրիշ բան են հասկացել։ Եթե ես հայտարարության մեջ գրել եմ մենք, դուք ուրիշ բան եք հասկացել, դա իմ խնդիրը չէ, ոչ մի տեղ այնտեղ գրված չէ՝ ես ու Գյումրու քաղաքապետարանը, կամ՝ մենք ու Գյումրու քաղաքապետարանը։ Բառացիորեն գրված է հետևյալը, որ Գյումրու քաղաքապետարանի հետ մենք քննարկել էինք և ուզում էինք լավ բան անեինք, բայց հաշվի առնելով, որ տեղի է ունեցել քաղաքական բանտարկություն, մենք ճիշտ չենք համարում տվյալ միջոցառման տոնակատարության մեծամասշտաբ կազմակերպումը, ու խոսքը Վարդավառի մասին է, ոչ թե Քրիստոսի Պայծառակերպության տոնի։

Կներեք, ես Նիկոլ Փաշինյանի նման ամբարտավան չեմ, որ քրիստոնեական տոները կարողանամ արգելել կամ ասել՝ չենք անում։ Ես ասել եմ՝ այն միջոցառումը, որը մենք պիտի կազմակերպեինք Վարդանանց հրապարակում, զերծ ենք մնում դրա կազմակերպումից։ Վերջում էլ ավելացրել ենք՝ հորդորում ենք համաքաղաքացիներին՝ տոնը նշել պատարագների մասնակցելով և իրենց բակերում, ինչպես միշտ խաղացել են, և այն, ինչ հիմա տեսնում ենք, ինչ-որ տեղի է ունեցել»։

Մեր դիտարկմանը, թե գուցե աղմուկ հանեց այն փաստը, որ Գյումրու քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց ձեր հայտարարությունը, Ռուբեն Մխիթարյանը շարունակեց․ «Թե ինչո՞ւ է քաղաքապետարանն իր էջում տեղադրել, ես ի՞նչ կապ ունեմ քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի հետ։ Հիմա եթե իրենք դնում են, հետո ջնջում են, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ։ Ես իմ էջում եմ տեղադրել, ոչ թե քաղաքապետարանն իր էջում դրել է, ես էլ կիսվել եմ։ Իրենք էլ իմ էջից չեն կիսվել, ընդամենը վերցրել են ու իրենց էջում դրել են։

Հիմա ինչի՞ են ցնցումների մեջ ընկել Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները, ինչ-որ մուննաթներ են գալիս՝ դուք ո՞նց կարող եք, իմ փողն է, ուզեմ կծախսեմ, չուզեմ, չեմ ծախսի, դուք ո՞վ եք»։ Ի դեպ, Ռուբեն Մխիթարյանը տեղեկացրեց, որ զրպարտության ու վիրավորանքի համար դատի է տալու Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի անդամների։

Ռուբեն Մխիթարյանը պատրաստվում է իրեն հասցված վիրավորանքի ու զրպարտության համար դատի տալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի անդամների։ Նա այս մասին հայտնեց այսօր Aravot.am-ին տված հարցազրույցում։

Ավագանու ՔՊ-ական անդամներից մեկն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Արցախի բռնի հայաթափումից ի վեր Ռուբեն Մխիթարյանը «Հայաթ» բենդի մասնակցությամբ ոչ մի հարսանիք կամ համերգ չի չեղարկել, նրան մեղադրել է փողի համար ամեն ինչի պատրաստ լինելու համար։ Ռուբեն Մխիթարյանը խոստանում է՝ առաջիկայում ավագանու այդ անդամը պատասխան կտա դատարանում, ստիպված կլինի իր ձեռքով հերքել իր գրառումը և իրեն բարոյական վնասի փոխհատուցում տալ, որը կծախսվի արցախահայության որևէ խնդիր լուծելու համար։ «Ավագանու մի քանի անդամներ կան, որոնց  դատի ենք տալու,այնպիսի բաներ են խոսել, որոնք հստակ որակվում են զրպարտության, պատվի ու արժանապատվության հարցերի շուրջ։

Այնպես որ կհանդիպենք դատարանում ու այնտեղ այնքան բան կիմանան իմ չեղարկած համերգների մասին, որովհետև գոնե դրա համար  կարելի էր ուղեղ ունենալ, կարելի էր մտնել համապատասխան էջերը ու տեսնել, թե սև նկարների վրա քանի համերգներ են չեղարկվել, որովհետև իրենց քաղաքական հայրն այնպիսի արհավիրքներ է բերել այս հինգ տարվա ընթացքում այս պետության գլխին, որ համերգ չեղարկելը դարձել է սովորական բան, շատ սովորական բան։

Հասկանո՞ւմ եք՝ տվյալ անձնավորությունն ասում է , թե «Հայաթ» բենդը հարսանիքները չի չեղարկել, որովհետև փող է աշխատում։ Այսինքն՝ հարսանիք չեղարկողն ո՞վ է, հարսանիքի տերը, չէ՞, այսինքն դու հարսանիքի տիրոջը համարում ես սրբապիղծ, որը պատերազմի ժամանակ իր հարսանիքը չի չեղարկել, մի հատ էլ մեր բենդը գնացել, այդ հարսանիքին երգել է։

Դատարանում կհայտնվեք, այդ բոլոր ստատուսները, որ ձեզ գրում են, դուք էլ առանց ուսումնասիրելու՝ ձեր պատին դնում եք, դատարանում շատ բաներ կիմանաք, հետո ձեր պատին արդեն հերքումները կգրեք։ Նույնիսկ այն հազար դրամը, որը որպես բարոյական վնաս՝ ձեզանից մենք վերցնելու ենք, դա նույնպես կգնա բարեգործությանը։

Բազմաթիվ արցախահայեր կգան ու կպատմեն, թե ինչքան բան ենք արել մենք իրենց համար, երբ որ չենք բարձրաձայնում, դա դեռ չի նշանակում, որ դուք իրավունք ունեք ձեզ լկտի բառապաշար թույլ տալու։ Այնպես որ դատարանում բոլորդ սիրուն կգաք, կներկայանաք, հերքումները ձեր պատերին կգրեք, որովհետև ձեր հետ այդ ձևով ու տոնով է պետք խոսել»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ; aravot.am