31/07/2025

Դատախազությունը պահանջում է առոչինչ համարել Աբրահամյանի կնոջն ու որդուն օտարված հողամասերի պետական գրանցումը

ՀՀ գլխավոր դատախազությունը հայցեր է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Արտաշատ համայնքի և պահանջում է անվավեր ճանաչել ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կնոջ, որդու միջև կնքված հողամասերի առուվաճառքի պայմանագրերը։

Այս մասին հայտնի է դարձել «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։

Ըստ հայցերից մեկի, որը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ս.թ. հուլիսի 22-ին, Դատախազությունը պահանջում է ճանաչել Մխչյան համայնքի ղեկավարի 07.02.2003 թվականի թիվ 25 որոշման առ ոչինչ լինելը և որպես հետևանք՝ Մխչյանի գյուղապետի և Ջուլիետա Աբրահամյանի միջև 15.01.2008 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և Ջուլիետա Աբրահամյանի անվամբ 17.01.2008 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչել։

Մեկ այլ հայցով էլ, որը նույնպես վերոհիշյալ դատարանն ստացել է հուլիսի 22-ին, Դատախազությունը պահանջում է ճանաչել Մխչյան համայնքի ղեկավարի 22.09.2004 թվականի «Հողամասը աճուրդով վաճառելու մասին» թիվ 12 արձանագրության առ ոչինչ լինելը և որպես հետևանք՝ Մխչյանի գյուղապետի և Արգամ Աբրահամյանի միջև 02.11.2004 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և Արգամ Աբրահամյանի անվամբ 04.11.2004 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը։ Նշենք, որ այս գործով դատախազությունն ավելի վաղ՝ 2023-ին, դիմել էր Վարչական դատարան։ Հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 23-ի իր որոշմամբ վերահասցեագրված գործն ուղարկել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատությունը/ենթակայությունը որոշելու համար:

Դատախազության երրորդ հայցն էլ Մխչյան համայնքի ղեկավարի 24.09.2004 թվականի թիվ 87/5 որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու և որպես հետևանք՝ Մխչյանի գյուղապետի և Արգամ Աբրահամյանի միջև 02.11.2004 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և Արգամ Աբրահամյանի անվամբ 04.11.2004 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին է։

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը դեռ 2023-ին էր Վարչական դատարան դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Նարեկ, Մխչյան գյուղերի ղեկավարների կողմից Աբրահամյաններին օտարած մոտ 161 հա հողի օրինականությունը, ինչպես նաև վերացնել հետևանքները: Խոշորացումից հետո նշված գյուղերը մտել են Արտաշատ համայնքի կազմի մեջ։

Ըստ Դատախազության՝ Արարատի մարզի Մխչյան համայնքի ղեկավարը 2004թ. սեպտեմբերի 24-ին 5 տարբեր որոշումներով ընդհանուր 40.6 հա հողատարածք է օտարել նախկին վարչապետի որդուն։ 2003թ. փետրվարի 7-ի որոշմամբ 4092 քմ հողամաս էլ օտարել է Աբրահամյանի կնոջը։ Համայնքի ղեկավարի որոշումները կայացվել են օրենքի խախտմամբ, քանի որ օտարվել են պահուստային ֆոնդի հողերում ընդգրկված հողամասեր՝ առանց դրանց նպատակային նշանակության փոփոխության, մինչդեռ դրանց օտարումը թույլատրվում է միայն նպատակային նշանակությունը փոփոխելուց հետո:

Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն, ի թիվս այլնի, արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք զբաղեցված են ընդհանուր օգտագործման արոտավայրերով, անասունների անցատեղերով, ճանապարհներով, բնական ջրհորներով, աղբյուրներով և տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ այլ օբյեկտներով:

2001թ. հոկտեմբերի 30-ին էլ նույն մարզի Նարեկի համայնքապետը 120 հա հողամաս օտարել է «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ին: Այդ հողամասը ներառում է արոտավայրեր, որոնք որպես ոչ օտարման ենթակա հողամասեր ընդգրկված են Հողային օրենսգրքի սահմանափակումների ցանկում և ենթակա չեն օտարման: «Հետք»-ը գրել էր, որ տարիների ընթացքում այդ հողամասերը դարձել են այգի: Տարածքում նույնիսկ փոքր ջրամբար է կառուցվել, որպեսզի այգիները պատշաճ ոռոգվեն:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը ծնունդով Մխչյան համայնքից է։