31/07/2025

470 մլն դրամի փողերի լվացում և ապօրինի ձեռնարկատիրություն. Աբրահամյանի գործի նախաքննությունն ավարտվել է

Պարզվել է, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր շուրջ 75.000 քմ մակերեսով հողամասերը, Արարատի մարզի Նարեկ համայնքում՝ ընդհանուր 120 հա մակերեսով վարելահողն ու արոտավայրը, Մխչյան համայնքում՝ ընդհանուր 48.4092 հա մակերեսով հողատարածքները:

Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք բերված հիշյալ անշարժ գույքերն առանց իրավաչափ հիմքի դուրս են բերվել համայնքների գույքային ֆոնդից: Այնուհետև Հ. Ա.-ն շուրջ 240 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով նշված անշարժ գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով ապահովել է դրանց գրանցումն իր մերձավորների անվամբ և հետագայում գույքերի զգալի մասը շինծու գործարքների արդյունքում գրանցել կնոջ, ինչպես նաև իր կողմից կառավարվող ընկերության անվամբ՝ փաստացի տնօրինելով և տիրապետելով դրանք:

Բացի այդ՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան ապօրինի կերպով ներգրավված է եղել ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ հովանավորելով ավազի անօրինական արդյունահանմամբ զբաղվող առևտրային կազմակերպություններին, այդ թվում՝ իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրված «Մեծն Հովնան» ՍՊ ընկերությանը:

Մասնավորապես՝ Հ. Ա.-ն, 2006-2016 թթ. ընթացքում հիշյալ ընկերությանը հատկացված տեղամասին հարակից տարածքում ավազի արդյունահանում իրականացնող «Ավազահատիկ» ՍՊ ընկերությանը տիրանալու, երկու ընկերությունները փաստացի միավորելու և դրա արդյունքում առավել շահավետ տնտեսական գործունեություն ծավալելու անձնական դրդումներից ելնելով, եղբոր, վերջինիս որդու և այլ անձանց միջոցով 2008-2015 թթ. ընթացքում մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող վերը նշված երկու ընկերությունների կառավարմանը և «Ավազահատիկ» ՍՊ ընկերության ավազի հանքի շահագործումից ստացել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 230 մլն ՀՀ դրամի շահույթ:

Այնուհետև ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով Հ. Ա.-ն վերոհիշյալ գումարը միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ տարբեր գույքեր ձեռք բերելու, բանկային տարբեր գործարքներ կատարելու եղանակներով դրան հաղորդել օրինական տեսք:

Բացի այդ՝ նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն գործուն միջոցներ չի ձեռնարկել իր հետ փոխկապակցված անձի ընկերության կողմից սահմանված կարգի խախտմամբ ավազի ապօրինի արդյունահանումը կանխելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ 2014-2016 թթ. ընթացքում և դրանից հետո Հ. Ա.-ի հետ փոխկապակցված վերը նշված անձը հողօգտագործումը չի իրականացրել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասի կոորդինատներին համապատասխան, այլ գետավազի արդյունահանումն իրականացրել է նաև Արաքս գետի խառնարանային հատվածի անմիջապես հունից՝ դրա հատակը խորացնելով շուրջ երկու մետր: Նշված գործողությունների հետևանքով ընկերության կողմից ավազի լվացման արտադրամասի շրջակա տարածքում 5950մ2 մակերեսով առաջացել է հողի դեգրադացում, որի հետևանքով փոխվել և ցամաքել է Արաքս գետի՝ ՀՀ պետական սահմանի համապատասխան հատվածում գտնվող շուրջ 6 կմ երկարությամբ հիմնական հունը՝ սահմանի մոտ առաջացնելով 307.82 հա մակերեսով կղզյակ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություներն անցնելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: Նախաքննության ընթացքում մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքերի վրա արգելանք է դրվել:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: