17/09/2025

Իվանիշվիլին կործանում է Վրաստանը․ Վրաստանի «մտացածին խորհրդարանական հանձնաժողովը «Եզրակացություն» կհրապարակի»

«Իվանիշվիլին Վրաստանը նախապատրաստում է «սև օգոստոսի»: Յուրայինների հետապնդումների և ձերբակալությունների այդ Սանտա Բարբարան, իմ կարծիքով, գլխավոր չարիքից, որ ծրագրում է իրականացրել վրացական մաֆիոզ համակարգի դիկտատորը, ուշադրության շեղում է»,- սոցիալական ցանցի անձնական էջում Բիձինա Իվանիշվիլիի մասին գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Նա պնդում է, որ Իվանիշվիլին «օգոստոսի 7-ին նա մեծ նվեր է պատրաստում պատրոնին և ՖՍԲ-ին»: Ըստ Սաակաշվիլիի՝ այդ օրը Վրաստանի «մտացածին խորհրդարանական հանձնաժողովը «Եզրակացություն» կհրապարակի» և իրեն, հետևաբար և Վրաստանին պաշտոնապես կմեղադրի Ռուսաստանի հետ «հանցավոր պատերազմ սանձազերծելու» մեջ:

Սաակաշվիլն համոզմունք է հայտնել, որ այդ «Եզրակացությունը» որպես պաշտոնական գնահատական հրապարակելուց հետո Իվանիշվիլին «կվերականգնի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, իսկ դրանից մինչև Վրաստանի տարածքների օկուպացիայի դե-յուրե ճանաչում կմնա մեկ քայլ»:

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը դեռևս անցած խորհրդարանական ընտրապայքարի քարոզչությամբ է նախկին նախագահ Սաակաշվիլիին մեղադրել 2008 թվականի օգոստոսին Ցխինվալիում տեղակայված ռուս «խաղաղապահների» դեմ «հարձակում գործելու և Ռուսաստանի հետ պատերազմ հրահրելու» մեջ:

«Վրացական երազանքն», ընդսմին, քարոզչությունը կառուցել է այն թեզի վրա, որ ընդդիմության հաղթանակի դեպքում «Վրաստանում պատերազմ կսկսվի»:

Վրաստանում աշնանը նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Apsny.ge-ն հաղորդում է, որ աշխարհահռչկա բաս Բուչուրիշվիլին հանրությանը կոչ է արել հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում կազմակերպել համազգային ցույց և Իվանիշվիլիին հռչակել իշխանազուրկ: Ի՞նչ զարգացումներ են սպասվում Վրաստանում՝ դժվար է կանխատեսել:

Ուշագրավ է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում վերստին և ավելի լայն ընդգրմամբ և առավել սուր շեշտադրումներով շրջանառվում է այն նարատիվը, որ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում 2019 թվականին հայտարարել է, որ «Արցախը Հայաստան է և վերջ», այդպիսով Ադրբեջանին «դավագրգռել, ըստ էության պատերազմ հրահրել և երկիրը տարել պարտության, ապա և՝ Արցախի վերջնական կորստի ու հայաթափման»:

Այս նարատիվը, հավանաբար, դրվելու է Հայաստանի ընդդիմության նախընտրական պայքարի քարոզչության հիմքում: Դժվար է միանշանակորեն պնդել, թե խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում ինչ քայլեր են ձեռնարկվելու, բայց ընդհանուր տրամադրվածությունը, որ իշխանափոխությունից հետո ոչ միայն Փաշինյանին, այլև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և բոլոր «նիկոլականներին» սպասում է «դաժան դատ»: Քառասունչորսօրյա պատերազմի և բոլոր հետևանքների պատասխանատվությունը բարդել Նիկոլ Փաշինյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վրա:

Միխեիլ Սաակաշվիլին, որքան էլ նրա նկատմամբ մեր վերաբերմունքն անարդարացիորեն բացասական կամ առնվազն խիստ վերապահ լինի, մի հարցում ճիշտ է, ռուս-վրացական հնգօրյա պատերազմի պատասխանատվությունը քաղաքական և իրավական առումով բարդել նրա վրա, նշանակում է պատմական դատավճիռ կարդալ Վրաստանին: Նույնը՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ՔՊ կուսակցության դեպքում: