Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շաբանիին: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, բայց, չգիտես ինչու, հղում անելով սիրիական SANA պետական լրատվական գործակալությանը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ալ-Շաբանին հանդիպում է ունեցել Ռուսաստանի ոչ միայն արտաքին գործերի, այլև պաշտպանության նախարարի հետ:
Նույն օրը Մոսկվա է ժամանել նաև Սիրիայի պաշտպանության նախարար Մուհաֆ Աբու Քասրան: Սիրիայի պետական լրատվական գործակալության ձևակերպմամբ՝ նա «հույս ունի հանդիպել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»:
Տեղեկատվական այս «շղթայից» կարելի է ենթադրել, որ Սիրիայի արտաքին գործերի նախարար ալ-Շաբանին Մոսկվա է գործուղվել որպես անցումային կառավարության նախագահ ալ-Շարաայի հատուկ բանագնաց: Հակառակ պարագայում նա չէր արժանանա ՌԴ նախագահ Պուտինի առանձին ընդունելությանը:
Կարելի է եզրակացնել, որ Սիրիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները նվազագույնը կառուցողական են եղել, արդյունքները ներկայացվել են նախագահ Պուտինին, որից հետո նա արտոնել է, որ պաշտպանության նախարար Բելաուսովն ընդունի Սիրիայի արտաքին գործերի նախարարին, ինչից հետո ծագել է ռազմական գերատեսչությունների ղեկավարների ձևաչափով քննարկումները շարունակելու անհրաժեշտություն:
Այս ամենից հետևում է, որ ռուս-սիրիական բանակցությունների հիմնական առարկան Տարտուսի և Հմեյմիմի ռազմաբազաների ապագան է: Այդ հարցում Ռուսաստանն ունի Իսրայելի որոշակի աջակցությունը, քանի որ Թել Ավիվը շահագրգռված է Սիրիայում թուրքական ներկայության հնարավորինս սահմանափակմամբ:
Դեռևս տարեսկզբին մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Սիրիայի նոր իշխանությունները Մոսկվայից պահանջում են «հանձնել» նախկին նախագահ Բաշար Ասադին, ինչի դիմաց խոստանում են ռազմաբազաների հարցում նոր պայմանագիր ստորագրել:
Սիրիայի արտաքին գործերի նախարարի կրեմլյան ամենաբարձր մակարդակով ընդունելությունից կարելի է եզրակացնել, որ Ասադի ճակատագրի հետ կապված հարց Մոսկվայում սիրիական կողմը բարձրացրել է:
Ի՞նչ որոշում կընդունի Պուտինը, Ասադին «կհանձնի՞»:
Բաց մի թողեք
Էրդողանը շատ կոշտ, գրեթե վերջնագրային պահանջով Ալիեւին «բերման է ենթարկել»
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆը դարձյալ մեկնում է Մերձավոր Արևելք՝ ներկայացնելու իսրայելա-պաղեստինյան «նոր գործարքի պլան»
Վաշինգտոնում ինչ է նվիրել Թրամփն Ալիևին