«Դա կեղծիքի և բարոյական նենգափոխության օրինակ է, որ յուրահատուկ է Ֆրանսիայի արտաքին քաղաքականությանը»,- Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարն այսպես է արձագանքել Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը, որով նաև կոչ է արել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի պատանդներին և Իսրայելի բանտերում պատիժ կրող պաղեստինցիներին:
Իսրայելի արտաքին գործերի նախարարը սոցիալական X հարթակում գրառումն ավարտել է այսպես. «Գազայում ՀԱՄԱՍ-ի թունելներում պահվում են իրենց տներից առեւանգված Իսրայելի քաղաքացիներ, իսրայելական բանտերում՝ պաղեստինցի ահաբեկիչ-մարդասպաններ: Դա (Մակրոնի համեմատությունը) եղկելի սիմետրիա է, և ամբողջ խնդիրն այդտեղ է»:
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև այսպես կոչված «փոխանակման գործարքը», որի գլխավոր մոդերատորը Միացյալ Նահանգներն է, իսկ միջնորդները՝ Կատարը և Եգիպտոսը, կարելի է ասել՝ «ձախողվել է»:
Նախագահ Թրամփը շատ կարգով Իսրայել և Գազա է գործուղել հատուկ բանագնաց Ուիթկոֆին: Իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» տեղեկացվածությամբ՝ Նաթանյահուն ռազմական կաբինետի արտահերթ նիստ է գումարել, բայց «վերջնական որոշում դեռևս չի ընդունվել»:
Նույն օրը, երբ Ուիթկոֆը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետի հետ, ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի պատվիրակությունը գտնվել է Անկարայում:
«Անադոլուն» հայտնում է, որ արտաքին գործերի նախարար Ֆիդանը պաղեստինյան կազմակերպությանը վստահեցրել է, որ Թուրքիան «միշտ կլինի Պաղեստինի ժողովրդի կողքին»:
Ի տարբերություն արաբական մի շարք երկրների առաջնորդների և Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի, Թուրքիայի նախագահ Էրդողանը ՀԱՄԱՍ-ը ճանաչում է որպես կուսակցություն և պնդում, որ նա պետք է ապագա անկախ Պաղեստինի քաղաքական համակարգի մաս կազմի:
ԱՄՆ առաջարկած «փոխանակման գործարքի» քաղաքական բաղադրիչն այն է, որ ՀԱՄԱՍ-ը չպետք է մասնակցի հետկոնֆլիկտային Գազայի կառավարմանը: Որքանով հասկացվում է, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նույնպես այդ մոտեցման կողմնակից է, բայց այն տարբերությամբ, որ նա Իսրայելին առաջարկում է ՀԱՄԱՍ-ի զինաթափման դիմաց բանտերից ազատ արձակել բոլոր պաղեստինցիներին:
Երևում է, ՀԱՄԱՍ-ի ռազմական և քաղաքական «ոչնչացման» հեռանկարով, մեղմ ասած, ոգևորված չէ նաև Կատարը, բայց դա այլ խոսակցության թեմա է, միջազգային մամուլը բազմիցս ակնարկել է Կատարի և ՀԱՄԱՍ-ի «ստվերային կայսրության» մասին, որ տարեկան միլիարդավոր դոլարների գործարքներ է իրականացնում:
Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը փորձում է ներգրավվել նաև Ռուսաստանը: Հուլիսի 31-ին Վլադիմիր Պուտինն ընդունել է Սիրիայի պատվիրակոությանը, որի կազմում են եղել, ըստ արաբական աղբյուրների, ալ-Շարաային կառավարության արտաքին գործերի և պաշտպանության նախարարները և նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Խնդիր է, թե իսրայելա-պաղեստինյան գործընթացն ինչպե՞ս և ո՞ր չափով է առնչվում Ուկրաինայի և Հարավային Կովկասի կարգավորմանը: Չափազանց կարևոր է, որ Ադրբեջանն արդեն սիրիական «վերականգնման» մասնակից է, իսկ արաբական այդ երկրում տնտեսա-քաղաքական ներկայություն ունեն մի շարք արևմտյան, այդ թվում՝ ֆրանսիական ընկերություններ:
Սիրիայի հարցում Թուրքիայի դոմինանտության շուրջ, կարծես, միջազգային կոնսենսուս կա: Դա «տարածվում է» նաև Հարավային Կովկասի՞ վրա, իսկ հայ-ֆրանսիական ռազմավարական համագործակցության պայմանագիրը հասանելի՞ է:
Բաց մի թողեք
Պուտինը ժողով է արել, սրացումների է գնալու․ Ի՞նչ կարելի է սպասել Հայաստանում և Ադրբեջանում
Թրամփի հիասթափությունների համատեքստում որքանո՞վ կարող է գործնական լինել «առանձին վերցրած հայ-ադրբեջանական խաղաղության» նրա ծրագիրը
ԱՄՆ-ի միջնորդությամբ նոր շրջանակի գծումը իր ազդեցությունն է ունենալու Իրանի հետ հարաբերությունների վրա