04/12/2025

Վաշինգտոնում Թրամփ – Փաշինյան – Ալիև գագաթաժողովը PR ակցիա ում համար

Միացյալ Նահանգների նախագահ Դոնակդ Թրամփն առաջիկա ուրբաթ Սպիտակ տանը կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Այդ մասին սոցցանցային գրառում է կատարել ամերիկյան լրագրող, էթնիկ ադրբեջանցի Ալեքս Ռաուֆօղլուն: Վերջինս ծնունդով Բաքվից է, բարձրագույն կրթություն ստացել է Իզմիրի համալսարանում, ապա կատարելագրոծման դասընթացներ անցել Վաշինգտոնում:

Ռաուֆօղլուն տարիներ ի վեր համագործակցել է BBC և «Ազատություն/ Ազատ Եվրոպա» ռադիոկայանների հետ, ունի Եվրասիայի և մասնավորապես Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի հարցերով հեղինակավոր փորձագետի համարում:

Վերջին մի քանի տարիներին նա Ադրբեջանի առաջին ոչ պետական լրատվամիջոցի՝ «Թուրան» գործակալության հավատարմագրված լրագրողն էր ԱՄՆ պետական դեպարտամենտում:

Վաշինգտոնում Թրամփ-Փաշինյան-Ալիև գագաթաժողովի մասին Ռաուֆօղլուի տարածած տեղեկատվության ֆոնին «Անադոլու» գործակալությունը, հղում անելով Անկարայի դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին:

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային ակտուալ խնդիրներ»,- դիվանագիտական աղբյուրից ունեցած տեղեկությունը փոխանցում է «Անադոլուն»՝ առանց, սակայն, կոնկրետացնելու, թե երբ և ում նախաձեռնությամբ է կայացել Ֆիդան-Բայրամով հեռախոսազրույցը:

Ընդսմին, հարկ է հատուկ ընդգծել, որ այդ հեռախոսազրույցի մասին Բաքուն դեռևս տեղեկատվություն չի տարածել, ադրբեջանական լրատվամիջոցներն «Անադոլուի» լուրը չեն տարածել:

Նկատի ունենալով հանգամանքը, որ Ռաուֆօղլուն բարձրագույն կրթություն է ստացել Թուրքիայում, աշխատել թուրքամետ «Թուրան» գործակալությունում, որ ավանդական և շատ սերտ կապեր ունի թուրքական փորձագիտական հանրության և, ամենայն հավանականությամբ՝ դիվանագիտական շրջանակների հետ, կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնում Թրամփ-Փաշինյան-Ալիևի գագաթաժողովի մասին տեղեկատվության աղբյուրը թուրքական է, և Ֆիդան-Բայրամով հեռախոսազրույցի ընթացքում քննարկված «տարածաշրջանային ակտուալ խնդիրներ» ձևակերպման տակ պետք է հասկանալ հայ-ադրբեջանական կարգավորումը:

Մերձավոր Արևելքում, իսրայելա-սիրիական հարաբերություններում ոչ միայն լիցքաթափման հեռանկար չի ուրվագծվում, այլև ավելի հավանական է պատկերվում նոր լարվածությունը, որ կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի:

Թուրքիայի միջազգային դերակատարության հարցն այլևս ոչ թե Հարավային Կովկասում, այլ որոշվում է Մերձավոր Արևելքում:

Այս համատեքստում հայ-ադրբեջանական կարգավորումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար վերածվել է արտաքին քաղաքական բալաստի. այն, ինչ հնարավոր էր Ռուսաստանի մասնակցությամբ, Արևմուտքի և Իրանի լռելյայն համաձայնությամբ անել, դե-ֆակտո իրականություն է:

Եվ գետնի վրա ստատուս-քվոյի իրավա-քաղաքական ձևակերպումը Թուրքիային ոչ միայն կապահովագրի հետագա բարդությունների հոգսից, այլև նրան միջազգայնորեն կտա «խաղաղարարի» ռենոմե:

Իսկ դա Մերձավոր Արևելքում, նույնիսկ Արևելյան Եվրոպայում «նոր աշխարհագրության» հաստատմանը Թուրքիայի մասնակցության քարտ-բլանշ է:

Գերխնդիր է, թե գագաթաժողովին, եթե, իհարկե, այն կազմակերպվի, ի՞նչ տրամադրվածոությամբ է «նախագահելու» Դոնալդ Թրամփը:

Վերջերս Հայաստանի ԱԳՆ-ն հերքել է Մեղրի անցուղին ամերիկյան մասնավոր ընկերության «կառավարմանը հանձնելու» մասին տարածված տեղեկությունը: ԱՄՆ-ից այս իրավիճակի առթիվ պաշտոնական տեսակետ դեռևս չի հնչել:

ԵԱՀԽ/ԵԱՀԿ կազմավորման և Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման հիսունամյակի կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «ծրագրային հոդված» է հրապարակել, որի «մեխը» ղարաբաղյան հակամարտության կարգավորման «տապալման» մասին դիտարկումն է:

Ի սկզբանե արձանագրենք, որ դա չափազանց ենթատեքստային գնահատական է, քանի որ Լավրովը կատարվածի պատասխանատվությունը միանշանակորեն հասցեագրում է Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային կամ ընդհանուր առմամբ՝ հավաքական Արևմուտքին:

Այդ մասին Լավրովը բացահայտ չի ասում, բայց համատեքստից եզրակացվում է, որ Արեւմուտքը «Հարավային Կովկասում անելիք չունի» նաև այսօր: Ուկրաինայում ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, իր միջազգային պարտավորությունների կոպիտ խախտմամբ փաստացի նվաճողական պատերազմ մղող Ռուսաստանի համար, ինչ խոսք, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության պահանջներն «առ ոչինչ են»:

Իրավիճակը հասել է մի կետի, երբ ոչ ոք չգիտի, թե ինչպե՞ս է բացվելու օգոստոսի 9-ի առավոտը, երբ կսպառվի Ուկրաինայում հրադադարի հաստատման համար ԱՄՆ նախագահի Թրամփի սահմանած վերջնաժամկետը:

Ի դեպ, չգիտի նաև Միացյալ Նահանգների նախագահը: Նախօրեին նա թեև խոստացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել, բայց և ասել է, որ Ռուսաստանի առաջնորդները «շատ խորամանկ են, կարողանում են պատժամիջոցները շրջանցել»: Ի՞նչ է բխում Թրամփի այս «ձեռնալվայից»՝ պարզ չէ: Բայց որ Ռուսաստանում «պատժամիջոցներից իմունիտետ ունեն»՝ այդ մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը:

«Նեզավիսիմայա գազետա»-ի խմբագրականում դիտարկված է, որ սառը պատերազմի դարաշրջանի ԽՍՀՄ-ում ապրանքային դեֆիցիտն «ուղղակի քաղաքական նշանակություն և հետևանքներ ուներ, մինչդեռ այսօրվա Ռուսաստանում, որտեղ տնտեսությունը շուկայական է, դա տեղական ձեռնարկատիրության համար հնարավորություն է»: Այսինքն՝ եթե չկա արեւմտյան ապրանքը, ապա փոխարենն «ինչ-որ բան» առաջարկում է ռուսաստանցի արտադրողը:

Դժվար է պատկերացնել, թե Ռուսաստանի, ասենք, ավտոարտադրությունն ի՞նչ կարող է առաջարկել, դիցուք, գերմանականի դիմաց կամ կենցաղային ի՞նչ տեխնիկա է փոխարինելու արևմտյանին կամ ճապոնականին, բայց եթե քարոզչություը կառուցված է այն մատրիցայով, որ «պատժամիջոցները խթանում են Ռուսաստանի տնտեսությունը»,- ուրեմն Մոսկվան պատրաստվում է տեւական դիմակայության, գուցե նաև՝ համաեվրոպական կամ համաշխարհային պատերազմի, որպեսզի ի վերջո Արևմուտքի հետ հասնի «խաղաղ գոյակցության նոր պայմանավորվածություններ, որ կճանաչեն բոլոր անվտանգության և ինքնիշխանության իրավունքը»:

Այս ֆոնին աչքի է զարնում երկու տեղեկատվություն. Թրամփն անոնսավորել է, որ օգոստոսի 6-7-ին Մոսկվա կմեկնի հատուկ բանագնաց Սթիվեն Ոուիթկովը, որ անցած օրերին գտնվել է Իսրայելու և Գազայում: ԱՄՆ նախագահն ասել է, որ Մոսկվայում «Ուիթկոֆին սպասում են», անգամ ակնարկել է, որ այցը տեղի կունենա ռուսաստանյան կողմի «խնդրանքով»:

Եթե այդպես է, պետք է ենթադրել, որ Թրամփի ուկրաինական «վերջնագրի» ժամկետի սպառումից մեկ-երկու օր առաջ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահին «չափազանց կարևոր ասելիք կփոխանցի»:

Երկրորդ սենսացիոն լուրը տարածել է ամերիկացի լրագրող Ալեքս Ռաուֆօողլուն: Ըստ այդմ՝ առաջիկա ուրբաթ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը «կհյուրընկալի Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին»:

Ռուֆօղլուն տևական ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտում հավատարմագրված է եղել որպես Բաքվի «Թուրան» գործակալության թղթակից: Բացառված չէ, որ նրա տեղեկությունը ստացվել է պետդեպի աղբյուրներից և, գուցե, իրականությանը շատ մոտ է:

ԱՄՆ նախագահին ի՞նչ է փոխանցելու Վլադիմիր Պուտինը, որ հնարավորություն է տալիս Վաշինգտոնում կազմակերպել Թրամփ-Փաշինյան-Ալիև «սահմանագծային գագաթաժողով»: Եվ դա այն դեպքում, երբ ՌԴ արտգործնախարարը «ջնջել է» հելսինկյան սկզբունքները: