03/12/2025

Մրցույթը չհաղթահարածը պաշտոնյա է դարձել, հիմա էլ բարեվարքություն է խախտում. Լուսանկար

«Պետական առողջապահության գործակալության պետ Սամվել Խարազյանը այս տարվա հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը մի տարօրինակ գրառմամբ է հանդես եկել, որի առիթով հասարակական կազմակերպություններից մեկը դիմել է ԱՆ գլխավոր քարտուղարին` պահանջելով ծառայողական քննություն սկսել քաղծառայողի բարեվարքությունը ստուգելու պահանջով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պետական պաշտոնյան գրել է. «Բրիտանացի գիտնականները բացահայտել են նոր վիրուսային հիվանդության արագ մուտացվող տեսակ՝ տնօրենացավ կամ նույն ինքը ղեկավարացավ։

Չնայած թվում էր, թե դրա տարածումը կանխվել էր դեռ 2018 թ․-ի ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո, բայց արի ու տես, որ այն մուտացվել է եւ ի հայտ եկել նոր շտամներով։

Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է իր ողջ գործիքակազմը վիրուսի դեմն առնելու համար, հիմնականում որպես արդյունավետ միջոց են ծառայում հակաճիճվային դեղերը»:

Blog Image

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարին` հայտնելով, որ պաշտոնյան «Գրառմամբ խախտել է քաղծառայողի բարեվարքության կանոնները: Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ քաղծառայողների էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցել ծառայողական քննություն` քաղծառայողի ծառայողական բարեվարքության և գործունեությանն առնչվող աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերի ուսումնասիրության նպատակով»:

Կարճ ասած՝ պաշտոնյայի անհարիր վարքագիծը քննելու հարցը կախված է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի բարեհաճությունից:

Հիշեցնենք, որ սա այն նույն Սամվել Խարազյանն է, որը, ըստ «Հրապարակի», եղել է նախարար Անահիտ Ավանեսյանի` ՊԱԳ-ի նոր տնօրենի թեկնածուն և չի կարողացել հաղթահարել Պետական առողջապահական գործակալության տնօրենի համար հայտարարված մրցույթի առաջին՝ թեստավորման փուլը: Այն, ի դեպ, կազմված է եղել մրցույթի մասնակիցներին նախօրոք տրամադրվող եւ հիմնականում առողջապահությանը վերաբերող իրավական ակտերի մասին հարցերից։

Հիշեցնենք նաև, որ 2016 թվականին Խարազյանն ազատվել է աշխատանքից կոռուպցիոն սկանդալի հետեւանքով։ Ի թիվս այլ պաշտոնյաների՝ նա մեղադրվում էր պաշտոնեական դիրքը չարաշահելու համար` անվճար հատկացվող առողջարանային բուժօգնության ուղեգրերը կեղծելու գործով։ Քրեական գործը, սակայն, քննությունից հետո կարճվել է»։