Գոյություն ունի մի այսպիսի համակարգչային խաղ` «Ուրախ գերեզմանափորը» անվանումով, որը մեծ հաշվով մարմնավորում է այն ամենը, ինչ մեզ պատրաստել են ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները:
Ինչու հիշեցի այս համեմատությունը: Ինչպես հայտնի է դարձել, ամերիկացիները նախապատրաստում են բարձր մակարդակի հանդիպում, որտեղ, ըստ մամուլի հրապարակումների, պետք է արձանագրվի «խաղաղության» ձեռքբերում` Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Բնականաբար, ամեն ինչ ԱՄՆ -ի «անհանգիստ» նախագահ Դոնի Թրամփի հովանու ներքո։ Նախատեսվում է կամ հայտարարություն կամ ինչ-որ փաստաթղթի ստորագրում, որը կարձանագրի Հայաստանի և Ադրբեջանի համատեղ «խաղաղության» ձգտումը։
Հասկանալի է , որ ոչ մի «խաղաղության» հետ էլ այդ գործընթացը կապ չունի և եթե հանդիպումը կայանա, ապա մենք ականատես կլինենք ևս մեկ ակցիայի, որը նման կլինի Հայաստանի «Ուրախ հուղարկավորության» հերթական փուլի ակտիվացմանը՝ այս անգամ ամերիկացիների ծափահարությունների և քաջալերող բացականչությունների ներքո։
Այս պարագայում պարզապես հիշենք իրողությունները, այլ ոչ թե այն պատրանքները, որով մեզ «կերակրում» են արդեն տևական ժամանակ իշխանական տեղեկատվական հոսքերը։ Առաջինը՝ չկա խաղաղության մասին որևէ փաստաթուղթ և խաղաղության բանակցություններ, իրականում տեղի է ունենում Հայաստանի տոտալ կապիտուլյացիայի իրավական ձևակերպման գործընթաց, որը Հայաստանի ներկայիս իշխանությունները անվանում են «խաղաղության պայմանագիր»:
Երկրորդ՝ բայց նույնիսկ այդ փաստաթուղթը չի ստորագրվելու, այլ լինելու է ընդամենը Հայաստանի և Ադրբեջանի միջև մտադրությունների մասին արձանագրության հաստատում կամ նախաստորագրում: Ինչու է դա պետք կողմերին:
Թրամփն այս պարագայում երկու հարց է լուծում։ Ամրապնդում է իր՝ որպես խաղաղապահի իմիջը և իրական հարթակ ստեղծում տարածաշրջանից ռուսներին ու իրանցիներին դուրս մղելու համար։ Իսկ Ալիևին պետք է ռուս-ադրբեջանական հակամարտության լույսի ներքո հստակ ցույց տալ , որ իր երկրի վեկտորը փոխվել է, և այժմ Ադրբեջանը «նոր սպիտակ տեր» ունի։
Սակայն Ալիևին, սկզբունքորեն, ոչինչ ստորագրել պետք չէ, նա ամեն ինչ առանց այդ էլ ստանում է հայկական իշխանություններից։ Սա պարզապես Ալիևի կողմից բարեկամական քայլ է լինելու Թրամփի «խաղաղասեր» իմիջը հաստատելու համար։
Իսկ հայկական իշխանության համար այս հակահայկական պերֆորմանսը շատ անհրաժեշտ է գալիք ընտրություններին Հայաստանի «հպարտ քաղաքացիներին» պարզունակ շանտաժի ենթարկելու համար։
Այսինքն, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև թեկուզ ինչ-որ բան ստորագրվի, նույնիսկ զուգարանի թղթի վրա, ապա հայկական իշխանությունը ամուր կբռնի այդ թուղթը և ամիսներ շարունակ խելագարի պես կթափահարի այդ կեղծ թուղթը «հպարտ քաղաքացիների» աչքերի առջև` ամեն անկյունում ղժղժալով, թե իբր խաղաղություն է գալիս, և պետք է ընդամենը վերընտրել իրենց, որ խաղաղության գործընթացը հասցվի ավարտին։
Ահա այսպիսի պատկեր է այժմ և ապագայում մեզ սպասվում: Մի խոսքով «Ուրախ գերեզմանափորները» մեր աչքի առաջ կրկին քաղաքական «մատնոց» են պտտեցնում։
Արման Աբովյան

Բաց մի թողեք
Վրաստանի կառավարության կողմից Եվրամիությանը արված «կանխավճարը»
Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը քիչ հավանական է. Լուսանկար
Ում է առաջարկում ընտրել Արսեն Ջուլֆալակյանը