Իսրայելի Բեգինի և Սադաթի անվան վերլուծաբանական կենտրոնի հաղորդում է, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահի և Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների մասնակցության հանդիպմանը կքննարկվի նաև «Աբրահամյան համաձայնություններին» Ադրբեջանի «միանալու հնարավորությունը»:
Տեղեկատվությունը փոխանցում և իսրայելցի փորձագետների «Զեկույցից» ընդարձակ մեջբերումներ է անում Բաքվի իշխանամերձ haqqin.az-ը:
Իսրայելցի վերլուծաբաններն, ըստ այդմ, հավաստում են, որ «Աբրահամյան համաձայնություններին» Ադրբեջանի ներգրավվածությունը «դրված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմանից կախվածության մեջ»:
Ավելի վաղ The Times of Israel պարբերականը գրել է, որ ԱՄՆ-ը, Իսրայելը և Ադրբեջանը «կարող են քաղաքական դաշինք կնքել»:
Ըստ երևույթին, խնդիրը պետք է քննարկվեր Իսրայելի վարչապետի Բաքու այցի ընթացքում, որ նախատեսված էր մայիսի 7-ին, բայց տեղի չունեցավ: Ֆորմալ առիթն այն էր, որ Թուրքիան Նաթանյահուի ինքնաթիռին օդային միջանցք չի տրամադրել:
Դատելով իսրայելցի վերլուծաբանների «Զեկույցի» ընդհանուր տրամաբանությունից, կարելի է ասել, որ Նաթանյահուի Բաքու այցը չեղարկվել է Միացյալ Նահանգների պահանջով: Վաշինգտոնը պնդել և պնդում է, որ Ադրբեջանը Մերձավոր Արևելքի կարգավորումներին մասնակից կդառնա Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո:
Այս առթիվ, եթե, իհարկե, ադրբեջանական լրատվամիջոցը բարեխղճորեն է փոխանցում իսրայելցի վերլուծաբանների տեսակետը, Բեգինի և Սադաթի անվան կենտրոնը չափազանց խորքային դիտարկում է կատարել, ըստ որի՝ «Աբրահամի համաձայնությունների» նպատակն իսրայելա-արաբական կարգավորումն է, և Ադրբեջանը կարևորվում է նրանով, որ Իսրայելի հետ ռազմավարական համագործակցություն ունեցող միակ իսլամադավան երկիրն է:
Նրանց գնահատմամբ՝ Հայաստանը ոչ իսլամադավան երկիր է, և այդ գործընթացին «ուղղակի առնչություն չունի՝ բացառությամբ անցյալ դարի 80-ական թվականներին հայկական և պաղեստինյան զինված ահաբեկչական խմբավորումների համագործակցության պատմական դրվագների»:
Խոսքը «հայկական ահաբեկչական» ի՞նչ կազմակերպությունների մասին է, որ «համագործակցել են պաղեստինցիների հետ»՝ այս համատեքստում միայն հռետորական հարցադրում է:
Էական է, որ իսրայելցի վերլուծաբաններն այդ «պատմական դրվագները» հիշեցնում են և համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը «չպետք է «Աբրահամի համաձայնություններին» Ադրբեջանի միանալու նախապայման լինի»:
Ավելին, նրանք ԱՄՆ նախագահի այդ նախապայմանը գնահատում են «աշխարհաքաղաքական տրամաբանությանը հակասող»:
Պարզորոշ հասկացվում է, որ Բեգինի և Սադաթի անվան «ուղեղային կենտրոնը» Նաթանյահուի կառավարությանը հորդորում է «ձեռնպահ մնալ «Աբրահամի համաձայնություններին» Հայաստանի միանալու հեռանկարին աջակցությունից»՝ եթե մեզմ ասենք:
Իրականում, որքանով հասկացվում է, Իսրայելը փորձելու է բոլոր հնարավորություններով միջամտել Թրամփ-Փաշինյան-Ալիևի գագաթաժողովի կազմակերպմանը, օրակարգի ձևավորմանը:
Ըստ նախնական տեղեկությունների, օգոստոսի 8-ին Դոնալդ Թրամփը նախ ընդունելու է Նիկոլ Փաշինյանին, ապա՝ Իլհամ Ալիևին, որից հետո տեղի է ունենալու եռակողմ գագաթաժողով:
Հայաստանն Իսրայելում դեռևս հիշվող՝ անցյալ դարի 80-ական թվականների «պատմական դրվագների» բեռից ձերբազատվելու խնդիր ունի՞:
Բաց մի թողեք
Պուտինը ժողով է արել, սրացումների է գնալու․ Ի՞նչ կարելի է սպասել Հայաստանում և Ադրբեջանում
Թրամփի հիասթափությունների համատեքստում որքանո՞վ կարող է գործնական լինել «առանձին վերցրած հայ-ադրբեջանական խաղաղության» նրա ծրագիրը
ԱՄՆ-ի միջնորդությամբ նոր շրջանակի գծումը իր ազդեցությունն է ունենալու Իրանի հետ հարաբերությունների վրա