11/08/2025

Սխալ արտաքին քաղաքականության պատճառով մենք դարձել ենք գերտերությունների բախման թատերաբեմ․ Դանիելյան

Թրամպի բանագնաց Ուիտկոֆի հանդիպումը Պուտինի հետ, ըստ նախնական արձագանքների, կարող է դրական տեղաշարժ հանդիսանալ ուկրաինական պատերազմի սառեցման գործընթացում:

Ուկրաինական պատերազմը կոնֆլիկտ է կոլեկտիվ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որը շոշափում է ողջ աշխարհի անվտանգությանճարտարապետության խնդիրները: Ակնհայտ է, որ հանդիպման ժամանակ ավելի լայն շրջանակի հարցեր են քննարկվել, առաջին հերթին աշխարհի ապագա անվտանգային համակարգի կառուցվածքին վերաբերվող:

Ուկրաինայում պատերազմի հնարավոր սառեցումը նշանակում է, որ անցնելու են վիճելի այլ ռեգիոններում միմյանց միջև հարաբերությունների պարզմանը:

Եթե Հայաստան ԱՄՆ զինված ուժեր մտնեն, թեկուզ մասնավոր ռազմական կառույցի տեսքով, ապա Հայաստանը դառնում է այն եզակի վայրերից մեկը, որտեղ միաժամանակ ամերիկյան ու ռուսական զինված ուժեր են կարող գտնվել:

Փաստորեն, Հայաստանը, Սիրիայից հետո, երկրորդ վայր է, որտեղ նման իրավիճակ կարող է ստեղծվել:

Արդյունքում ունենք այն, որ, Հայաստանի գործող ռեժիմի շնորհիվ, Հայաստանը Սիրիայի նման դառնում է սուվերենության առումով կասկածելի վայր, անհասկանալի՝ անվտանգային համակարգով: Պարզ ասած, վիճելի տարածք, որի ճակատագիրը պայմանավորված է գերտերությունների հարաբերություններով: Էլ չենք խոսում Իրանի մասին, որը դեռ պետք է փորձի կառուցել իր ռեգիոնալ անվտանգային համակարգը, կամ էլ չկառուցել ու մտնել ուժային պայքարի մեջ:

Սա այն է, ինչի մասին դեռ տարիներ առաջ զգուշացվում էր, ռեժիմի սխալ (կամ արտաքինից ուղղորդված) արտաքին քաղաքականության պատճառով մենք դարձել ենք գերտերությունների բախման թատերաբեմ:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան