09/08/2025

Պուտինը ժողով է արել, սրացումների է գնալու․ Ի՞նչ կարելի է սպասել Հայաստանում և Ադրբեջանում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիրմիր Պուտինը Կրեմլի Սենատի դահլիճում Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել: Պաշտոնական հաղորդագրությամբ հատուկ ընդգծված է, որ այն «կայացել է առկա», այսինքն՝ կենդանի շփման ռեժիմում, ինչը, երևի, քննարկումներին հավելյալ կարևորություն է հաղորդում:

Ըստ աղբյուրի, որ ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունն է, «զեկուցումներով հանդես են եկել ներքին գործերի նախարար Կոլոկոլցևը և Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Բորտնիկովը»:

«Մենք այսօր կքննարկենք տարածաշրջանային օրակարգի, տարածաշրջանային քաղաքականության մի քանի հարցեր, իհարկե՝ անվտանգության հարցերի ապահովման և լուծման համար կիրառելիությամբ»,-նիստի մեկնարկին խնդիր է դրել Ռուսաստանի նախագահ Պուտինը:

Ուշագրավ է, որ նույն օրը նա հեռախոսազրույցներ է ունեցել Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներ Տոկաևի և Միրզիևեի հետ, նրանց ներկայացրել ԱՄՆ նախագահ Ուիթկոֆի հետ իր բանակցությունների որոշ մասնակիցներ: «Զրուցակիցները Վլադիմիր Պուտինին տրամադրված տեղեկատվության համար շնորհակալություն են հայտնել»- փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի նախագահը տարածաշրջանային անվտանգության, տարածաշրջանային քաղաքականության կիրառելի հարցերով Անվտանգության խորհրդի նիստ է գումարել մի իրավիճակում, երբ ռուսաստանցի քաղաքական գործիչները, փորձագետները և գրեթե բոլոր լրատվամիջոցները սուր քննադատության են ենթարկում Հայաստանի վարչապետին, որոշ վերապահումներով՝ նաև Ադրբեջանի նախագահին՝ Վաշինգտոնում հանդիպելու և խաղաղություն հաստատելու մտադրության համար:

«Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը սուրճի բաժակ նայելով փորձում է կռահել Պուտինի և Թրամփի հանդիպման թեմաները, Ռուսաստանի երկու հավատարիմ ընկերներ՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը, շտապել են Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահի հսկողության ներքո գործարք կնքելու»,- հայտարարել է պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Կասկածից գրեթե դուրս է, որ Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը քննարկության է դրել հատկապես Վաշինգտոնում հայ-ադրբեջանական գագաթաժողովը, դրա հետ կապված՝ Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի հետագա քաղաքականության հարցը:

Պատահական չէ, որ գլխավոր զեկուցողներից մեկը ԱԴԾ տնօրեն Բորտնիկովն է. հետխորհրդային տարածքի երկրների հետ հարաբերությունները Մոսկվան կառուցում է այդ ծառայության տրամադրած տեղեկությունների և կանխատեսումների հիման վրա:

Անշուշտ, չափազանց դժվար է կռահել, թե Անվտանգության խորհրդի նիստի քննարկումներին կոնկրետ ի՞նչ տոնայնություն է ներշնչել Վլադիմիր Պուտինը, բայց նրա մուտքի խոսքի ենթատեքստը վկայում է, որ Մոսկվան Հարավային Կովկասում հնարավոր կարգավորումների հանդեպ, շատ մեղմ ասած, բարեհաճ վերաբերմունք չունի:

Հետաքրքիր է նաև, որ Կոնստանտին Զատուլինը պարզ հասկացնում է, որ Վաշինգտոնի հայ-ադրբեջանական գագաթաժողովը Թրամփ-Պուտին ենթադրյալ հանդիպման օրակարգին չի ներգրվում:

Ավելին, Զատուլինի ձևակերպումից ակնհայտ հասկացվում է, որ հայ-ադրբեջանական «գործարքը» թուլացնում է Թրամփի հետ Պուտինի բանակցային դիրքերը: Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահները Պուտինին որևէ խոստում տվե՞լ են, թե Ռուսաստանի նախագահի հեռախոսազանգն ընդունել են որպես «նախազգուշացում»:

Ի՞նչ կարելի է սպասել Հայաստանում և Ադրբեջանում: Մի բան, կարծես, պարզ է. Մոսկվան փորձելու է ամենատարբեր սրացումներ հրահրել: