Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտնում է.
«Օգոստոսի 8-ին Վաշինգթոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքները որպես պատմական խաղաղություն եվ տարածաշրջանային փոխկապակցվածության ու ապաշրջափակման բեկումնային հանգրվան ներկայացնելը խիստ չափազանցված է ու մոլորեցնող:
Հասարակության թիկունքում գաղտնի պայմանավորվածություններ կնքելը դարձել է օրինաչափություն ներկայիս վարչախմբի համար, որը հետևողականորեն անտեսում է Հայաստանի ժողովրդին՝ գոյաբանական կարևորության որոշումներ կայացնելիս։
Այսպես կոչված TRIPP (Trump Route for International Peace and Prosperity – Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ) նախաձեռնությունը պարունակում է դրույթներ, որոնք լրջորեն վտանգում են Հայաստանի ռազմավարական ինքնուրույնությունը՝ կենսական ենթակառուցվածքները և տարանցիկ ճանապարհները դնելով օտարերկրյա դերակատարների ազդեցության տակ։
Չնայած այն պնդումներին, որ ներդրվելիք ընթացակարգերը գործելու են Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո, հիմնավոր մտահոգություններ են առաջանում տարածքային ամբողջականության և պետության երկարաժամկետ կենսունակության վերաբերյալ։
Նույնքան խաբուսիկ է նաև այն պնդումը, որ վերացվում է Հայաստանի շրջափակումը։ Փոխանակ փոխադարձ և ինքնիշխան մուտք ապահովելու, ստորագրված փաստաթուղթն ինստիտուցիոնալացնում է ասիմետրիկ երթուղիները և «միջանցքային տրամաբանությունը», որոնք նպաստում են Ադրբեջանի շահերին, բայց զուգահեռաբար ու համաչափորեն խորացնում են Հայաստանի տնտեսական և անվտանգային խոցելիությունը։
Ավելին, այս գործարքը սպառնում է ոչ միայն Հայաստանի, այլև այն հիմնական տարածաշրջանային տերությունների շահերին, որոնք արդեն իսկ արտահայտել են իրենց վերապահումները։ Այս պայմանավորվածությունը վտանգում է ստեղծել նոր աշխարհաքաղաքական բաժանարար գծեր և կարող է առաջիկայում հանգեցնել նոր առճակատման ու բախման։
Ռազմավարական ենթակառուցվածքների հարկադիր համաձայնեցումն առանց տարածաշրջանային կոնսենսուսի խաթարում է Հարավային Կովկասում ուժերի նուրբ հավասարակշռությունը և վտանգում է ավելի լայն տարածաշրջանային անվտանգությունը։
Հատկապես հատկանշական է, որ գործարքից հետո Հայաստանի կառավարությունը մոբիլիզացրել է իր ողջ քարոզչական ապարատը՝ հանրությանը մոլորեցնելու և համաձայնագրի իրական բնույթը թաքցնելու համար։
Հաշվարկված այս ապատեղեկատվության արշավը բացահայտում է գործարքի կործանարար հետևանքների վերաբերյալ իշխանությունների գիտակցումը: Եթե համաձայնագիրը իսկապես բխեր ազգային շահերից, ապա ժողովրդի կողմից այն ընդունելու համար մանիպուլյացիաների կարիք չէր լինի։
Միևնույն ժամանակ, միջազգային ծափահարությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության հաստատման կապակցությամբ վտանգավոր կերպով անտեսում են այն հարկադրանքի պայմանները, որոնց ներքո ձեռք է բերվել համաձայնագիրը՝ շարունակական սպառնալիքների, օկուպացիայի և Արցախի հայ բնակչության իրավունքների կոպտագույն խախտման ֆոնին։ Իրական խաղաղությունը չի կարող պարտադրվել արտաքին ճնշման և հաստատվել անարդարության միջոցով։
Դիվանագիտների համահայկական խորհուրդը զգուշացնում է, որ այս գործարքը կարող է ճանապարհ հարթել ոչ թե խաղաղության համար, այլ խթանել մշտական անկայունությունն և Հայաստանի ինքնիշխանության շարունակական քայքայումը:
Մենք խորապես համոզված ենք, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բոլոր ներգրավված կողմերը՝ տեղական և տարածաշրջանային, իրական շահագրգռվածություն ունեն պատվավոր, ներառական և արդարացի լուծման հարցում։ Ցանկացած խաղաղություն, որը կառուցված է բացառման, հարկադրանքի կամ խաբեության վրա, դատապարտված է ձախողման։
Հազարամյա հայրենիքի մի մասի կորստի, հարյուր հազարավոր հայերի հայրենազրկման, հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման, հայ ժողովրդի առաջնորդներին պատանդ պահելու, Հայաստանին շարունակաբար ապօրինի պահանջներ ներկայացնելու փաստերը մոռացության մատնող և ապագայում դրանք բարձրաձայնելու իրավունքից հրաժարվող իշխանությունների կողմից որևէ համաձայնություն որպես նվաճում մատուցելը երեսպաշտություն է և վիրավորական է մեր ժողովրդի համար:
Մենք կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին, Սփյուռքին և միջազգային հանրությանը չտրվել վտանգավոր պատրանքներին և ճիշտ գնահատել Հայաստանի շուրջ ձևավորվող վերահաս մարտահրավերները»:
Բաց մի թողեք
Ովքեր են հավատում եւ ովքեր են կուռքեր ընտրում
Ժիրայր Լիպարիտյանը՝ կառավարության լոբբիստի դերում. Սուրենյանց
էն ինչ ասում, խոսում ու հայտարարում է Փաշինյանը էս երկրի 70-75%-ին չի հետաքրքրում