11/08/2025

Թրամփը Բաքու է «մտել» և շահել երկու մոդեռն ոճի շենքերի, ոչ թե՝, Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման մրցույթը

Ի՞նչ «չոր արդյունք» են գրանցել Վաշինգտոնի երկկողմ և քառակողմ հանդիպումները: Եթե ամփոփ ասենք, ապա ձեռք են բերվել ապագա սկզբունքային համաձայնագրերի մասին պայմանավորվածություններ:

Միակ իրողությունը, որ այս «սահմանումից» դուրս է, դա «Խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին» Հայաստան-Ադրբեջան տասնյոթ հոդվածից բաղկացած պայմանագրի նախաստորագրումն է այն իմաստով, որ կողմերն այսուհետև դեռևս մարտ ամսին համաձայնեցված տեքստում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ չեն կարող առաջարկել:

Այն կամ իր բնօրինակի տեքստով կստորագրվի արդեն Փաշինյան-Ալիև մակարդակով, կամ կման որպես «չօգտագործված հնարավորություն», պատմական փաստ:

Մյուս բոլոր հարցերը դեռևս պետք է շարունակաբար բանակցվեն: Ընդ որում, դա վերաբերում է թե «Թրամփի կամուրջ» նախագծին, թե ԱՄՆ-Ադրբեջան «ռազմավարական համագործակցության խարտիային»:

Իսկ ի՞նչ ունենք հայաստանյան տեղեկատվա-քարոզչական դաշտում: Դեռևս ձևավորված չեն «Թրամփի կարմրջի» կառուցման հայ-ամերիկյան, երրորդ կողմի ներգրավմամբ, կոնսորցիում ստեղծելու բանակցային թիմերը, տեղեկություն չկա, թե «երրորդ կողմն» ով է, ինչ պայմաններով է ներգրավվելու, բայց Հայաստանում քարոզիչների և «վերլուծաբանների» մի կուռ բանակ հանրությանն արդեն ներշնչում է, որ Նիկոլ Փաշինյանը «ընդունել է «Զանգեզուրի միջանցքը» և այն 99 տարով վարձակալության տվել ԱՄՆ-ին»:

Ամենաարտառոցը, սակայն, որոշակի շրջանակներից Նիկոլ Փաշինյանին մեղադրանքն է այն բանի համար, որ նա ասել է, թե Ռուսաստանը նույնպես կարող է օգտվել Սյունիքի անցուղուց:

Ընդդիմախոսների մի խումբ սոցիալական ցանցերում «ստույգ տեղեկություններ» տարածել, որ «Թրամփի կամուրջը» չի ապահովում Ռուսաստանի ելքը Պարսից ծոց, ուստի Փաշինյանը «պարզապես ստում է»: Ընդ որում, այդ գնահատականը կիսում են նաև մի քանի իրանագետներ:

Իրականում խորհրդային դարաշրջանում Ռուսաստանի և Իրանի երկաթուղային հաղորդակցությունն իրականացվել է հենց Մեղրիով, նույնիսկ երթևեկել է Թեհրան-Մոսկվա միջազգային ճեպընթաց:

Այսօր Իրանում գործում է Ջուլֆա-Թեհրան- Բանդեր Աբաս երկաթգիծ, իսկ Բենդեր Աբասը Պարսից ծոցի ամենախոշոր նավահանգստային քաղաքն է: Եթե կառուցվում է «Թրամփի կամուրջը», ապա Ռուսաստանն Իրանի հետ ուղղակի երկաթուղային կապի հնարավորություն է ստանում Մախաչկալա-Բաքու-Հորադիզ-Մեղրի-Ջուլֆա երթուղով, միանում Իրանի երկաթուղային ցանցին և ստանում ոչ միայն Պարսից ծոց դուրս գալու, այլև Թուրքիայի և Իրաքի հետ հաղորդակցության հնարավորություն:

Այլ բան է, որ Ռուսաստանն ունի Ադրբեջանի տարածքի այլ հատվածում Իրանին հետ երկաթուղային հաղորդակցություն ստեղծելու նախագիծ, որ, գուցե, աշխարհաքաղաքական ավելի մեծ կարևորություն ունի, քանի որ, պայմանականորեն ասած՝ «հատում է» Չինաստան-Կենտրոնական Ասիա-Եվրոպա հաղորդակցությունը, բայց դրանից ի՞նչ է շահում Հայաստանը, որպեսզի «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը պայմանավորի Մոսկվայի վերեբերմունքով՝ ինչպես պահանջում են Հայաստանի որոշ քաղաքական ուժեր և նրանց շահերն սպասարկող փորձագետ-վերլուծաբանները:

Ինչ վերաբերում է Թրամփ-Ալիև «գաղտնի գործարքի տեսությանը», ապա Միացյալ Նահանգների նախագահն, իրոք, Ադրբեջանում անձնական բիզնես շահեր ունեցել է և, հավանաբար, ունի:

Բայց Թրամփը Բաքու է «մտել» 2010-ական թվականներին և թե ինչո՞ւ նա շահել է Բաքվում երկու մոդեռն ոճի շենքի, ոչ թե, ասենք, Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման մրցույթը, այդ հարցի հասցեատերը հաստատ Հայաստանի գործող իշխանությունը չէ:

Բայց նույնիսկ այդ պարագայում ԱՄՆ նախագահն «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը ոչ թե չեղարկել է, ինչպես նենգափոխում են հայ տասնյակ քաղգործիչներ և վերլուծաբաններ, այլ դրա գործողությունը մեկ տարով սառեցրել է: Դա Ալիևի համար կարճ փոկով դնչկալ է: