18/08/2025

Հայաստանին անհրաժեշտ է երկպառլամենտ քաղաքական համակարգ

Հայաստանում քաղաքական-գաղափարաբանական դոկտրիններ չկան: Կան «լևոնականներ», «քոչարյանականներ», «սերժականներ» և «նիկոլականներ», կան արևմտամետներ, որ դեռևս ընդգծված-խարիզմատիկ առաջնորդ չունեն:

Հենց որ նա «ծնվի», նրա անունով էլ կոչելու են բոլոր արևմտամետներին: Նշանակություն չունի, որ նրանց մի մասը, գուցե, նախապատվությունը Միացյալ Նահանգներին է տալիս, մյուսը՝ Եվրամիությանը:

Ճիշտ այդպես որևէ տարբերություն չի դրվում, «քոչարյանականը» ՀՅԴ անդա՞մ է, թե՞ անկուսակցական է, բայց համոզված է, որ երկրորդ նախագահը «միակ տղամարդն է, որ Հայաստանը կարող է փոսից հանել»:

Սերժ Սարգսյանի բացառիկությունը կարող են ճանաչել և ՀՀԿ վերնախավը և շարքերը, բայց նրան, երևի, ավելի շատ համակրում են ոչ կուսակցական, բայց հետը լավուվատ օրեր անցկացրած մարդիկ, որ, գուցե, ժամանակին ՀՀՇ կամ ՀՅԴ անդամ են եղել:

Հայաստանում «նիկոլական է» ցանկացած ոք, ով նրան չի հայհոյում, ընտանիքի անդամներին չի ծաղրում: Տասնյակ, հարյուր հազարավոր հայաստանցի արժանանում է «ժեխ» կամ «խոր անասուն» բնորոշմանը միայն նրա համար, որ «սրբազան շարժմանը» չի վստահում, համոզված է, որ «պատերի տակ մի երկու հոգու գյուլլելով» Հայաստանի խնդիրները ոչ թե լուծվելու, այլ ավելի խճճվելու են:

Հայաստանի անկախության առաջին տարիների, այդ թվում՝ ղարաբաղյան պատերազմի, հաջողությունները պայմանավորված են, հավանաբար, ոչ թե «միասնականությամբ», այլ՝ գաղափարա-քաղաքական դաշտի համեմատական հստակությամբ, մի կողմում լիբերալ-պահպանողական ՀՀՇ-ն էր, մյուսում՝ հեղափոխական-ազգայնական Դաշնակցությունը: Քաղաքական մյուս բոլոր խմբավորումները և խմբերը կամ ՀՀՇ-ի, կամ ՀՅԴ-ի ուղեկից էին, ժողովրդական լեզվով ասած՝ «մաղ կապողին մազ տվող»:

Կարելի է ասել, թե այսօր էլ քաղաքական դաշտը բաժանված է երկու մասի՝ «նիկոլականների» և «ոչ նիկոլականների»: Առերևույթ, իհարկե, այդպես է, բայց երբ գնահատում ենք, թե ովքեր են «ոչ նիկոլականները» կամ «հականիկոլականները», ովքեր՝ «նիկոլականները», ապա ստացվում է մի այնպիսի բարդ խճանկար, որից ոչ ոք գլուխ չի հանի:

Հայաստանի քաղաքական միավորներն «անառարկելի հեղինակության» շուրջ ստեղծված «փակ ակումբներ» են: Նրանք երբեմն մի չնչին առիթով կամ բացառապես հումանիտար նշանակության խնդրի շուրջ կարող են զգայացունց հայտարարություն տարածել, դիմել միջազգային գործընկերներին, իրավապաշտպան կառույցներին, բայց արդեն երրորդ օրն է՝ Վաշինգտոնում կայացած Հայաստան-ԱՄՆ, ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան բանակցությունների, հրապարակված փաստաթղթերի վերաբերյալ ոչինչ չասել:

Արտառոց չէ՞: Աշխարհի տասնյակ երկրներ, միջազգային հեղինակավոր կառույցներ ԱՄՆ նախագահի հովանու ներքո անցկացված հանդիպումները գնահատել են, դրվատել, իսկ Հայաստանում գործող կուսակցությունները՝ ոչ:

Ընդ որում, լռում է նաև Ազգային ժողովի ինստիտուցիոնալ ընդդիմությունը, որ, գուցե, հասցնի մասնակցել հայ-ադրբեջանական պայմանագրի վավերցման հարցով խորհրդարանական քննարկումներին և որոշում կայացնելուն:

Հայաստանը կուսակցական «կուռքերից» ձերբազատվելու գերխնդիր ունի: Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական համակարգի բյուրեղացում, եթե կուզեք՝ երկկուսակցական համակարգի ստեղծում:

Երեք միլիոն բնակիչ և մոտ երկու միլիոն ընտրող ունեցող երկրում տասնյակ կուսակցությունները ոչ թե շռայլություն, այլ աղետ են: Այս մասնատվածությամբ հնարավոր չէ ոչ լիարժեք խաղաղության հասնել, ոչ իրական ռևանշիզմ սնուցել: